Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1252-Ա 04.04.2022թ
ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Սահմանել, որ.
1) Երևանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություն-ներում (այսուհետ՝ մսուր-մանկապարտեզ)՝ երեխաների հաշվառման կազմակերպումն իրականացվում է «Մանկապարտեզ» կառավարման համակարգի միջոցով.
2) նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ մսուր-մանկապարտեզների կառավար-ման ճկունությունն, օպերատիվությունը, թափանցիկությունը, վերահսկողությունն, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների որակը և անվտանգությունը բարձրացնելու, Երևանի քաղաքապետարանի և Երևանի ենթակայության մսուր-մանկապարտեզների միջև էլեկտրոնային հաղորդակցության զարգացմանը նպաստելու, հաճախող երեխաների տվյալները էլեկտրոնային գրանցամատյանում պահպանելու, հերթագրված երեխաների էլեկտրոնային հաշվառման համակարգում գրանցումն ապահովելու և համակարգի հնարավորությունները տեղեկատվության փոխանակման համար օգտագործելու նպատակով Երևանի ենթակայության մսուր-մանկապարտեզներում կիրառվում է «Մանկապարտեզ» կառավարման համակարգը.
3) «Մանկապարտեզ» կառավարման համակարգից /այսուհետ՝ կառավարման համակարգ/ օգտվում են Երևանի ենթակայության մսուր-մանկապարտեզները՝ որպես «Մանկապարտեզ» օգտատեր, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կրթության, մշակույթի և սպորտի բաժինները՝ որպես «Վարչական շրջան» օգտատեր, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, ֆինանսական և վերահսկողության վարչությունները՝ որպես «Վարչություն» օգտատեր:
Համակարգից օգտվողներին տրվում է օգտատեր և գաղտնաբառ ունենալու իրավունք:
Աշխատանքից ազատման կամ այլ աշխատանքային պարտականություններ կատարելու դեպքում համակարգող աշխատակցի օգտատերն ու գաղտնաբառը ենթակա են ապակտիվացման.
4) քաղաքացիներին Երևանի ենթակայության մսուր-մանկապարտեզների մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելու, հերթագրման ցանկերը հրապա-րակելու, երեխայի հերթին հետևելու և առցանց հերթագրման հնարավորություն ապահովելու նպատակով գործում է mankapartez.yerevan.am կայքը.
5) «Մանկապարտեզ» կառավարման համակարգն իր մեջ ներառում է Երևանի ենթակայության բոլոր մսուր-մանկապարտեզներն՝ ըստ Երևանի վարչական շրջանների: Յուրաքանչյուր մսուր-մանկապարտեզի մասին լրացվում է հետևյալ տեղեկատվությունը.
- մանկապարտեզի ընդհանուր տվյալներ,
- մանկապարտեզի անձնակազմ,
- մանկապարտեզի խմբեր,
- մանկապարտեզ հաճախող երեխաներ,
- երեխաների հաճախելիության տվյալներ
- մանկապարտեզում հերթագրված երեխաներ,
- հաշվետվություններ
6) համակարգում «Հաղորդագրություններ» հավելվածի միջոցով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից ստեղծվում են հանձնարարականներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման.
7) Երևանի ենթակայության որևէ մսուր-մանկապարտեզ հաճախող երեխան իրավունք ունի հերթագրվելու այլ մսուր-մանկապարտեզում, եթե կատարվել է «դուրսգրում» նախորդ մսուր-մանկապարտեզից.
8) երեխային՝ Երևանի ենթակայության մսուր-մանկապարտեզում հերթագրելու համար.
ա. ծնողը /օրինական ներկայացուցիչը/ դիմումը /Ձև 1/ ներկայացնում է մսուր-մանկապարտեզ.
բ. ծնողը /օրինական ներկայացուցիչը/ լրացնում է առցանց դիմում mankapartez.yerevan.am կայքում.
9) երեխայի անձնական տվյալները մսուր-մանկապարտեզի հերթագրման ցանկից ենթակա են հանման, երբ՝
ա. ծնողը /օրինական ներկայացուցիչը/ գրավոր հրաժարվում է երեխայի հերթից /Ձև 2/.
բ. հերթը հասնելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անհնար է պարզել ծնողի /օրինական ներկայացուցչի/ գտնվելու վայրը: Այս դեպքում հերթից հանման հիմնավորում է հանդիսանում մսուր-մանկապարտեզի կողմից վարչական շրջան ուղղված տեղեկանքը /Ձև 3/.
գ. ծնողը /օրինական ներկայցուցիչը/ երեխայի հերթագրման դիմում է ներկայացրել Երևանի ենթակայության մեկ այլ մսուր-մանկապարտեզ:
10) մսուր-մանկապարտեզի հիմնանորոգման ընթացքում հաճախող երեխային այլ մսուր-մանկապարտեզ ժամանակավորապես տեղափոխելու համար համակարգում կիրառվում է «Տեղափոխության հայտ».
11) «Ավագ» տարիքային խումբ հաճախող երեխաների համար մսուր-մանկապարտեզն ավարտելուց հետո, կառավարման համակարգում կատարվում են տվյալների «Արխիվացում», որոնք ենթակա են պահպանման` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետով.
12) Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներն ապահովում են իրենց վարչական շրջանում գտնվող մսուր-մանկապարտեզներում կառավարման համակարգի շահագործումը՝ սույն որոշման համաձայն.
13) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը վերահսկում է մսուր-մանկապարտեզներում կառավարման համակարգից օգտվողների գործառույթների իրականացումը և պահպանումը.
14) «Մանկապարտեզ» կառավարման համակարգի սպասարկումն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N1093-Ն որոշման պահանջներին համապատասխան:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների և մսուր-մանկապարտեզների տնօրենների վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լ.Հովհաննիսյանի վրա:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ