Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1601-Ա 08.05.2020թ.


ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի սեպտեմբերի 4-ի N Խ-3163 դիմումով Ելենա Գրիգորյանը, ի դեմս լիազորված ներկայացուցիչ՝ փաստաբան Սուզաննա Խչեյանի, խնդրել է տրամադրել համաձայնեցում /թույլտվություն/ Երևանի Էրեբունի փողոցի հ.14/2 հասցեի կառույցի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միացման նպատակով:
Երևանի քաղաքապետի 2019 թվականի հոկտեմբերի 9-ի հ.3655-Ա որոշման 1-ին կետով կասեցվել է 04.09.2019 թվականի N Խ-3163 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը՝ մինչև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/3688/02/19 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/3688/02/19 քաղաքացիական գործով 28.02.2020 թվականին կայացված և 31.03.2020 թվականին օրինական ուժի մեջ մտած վճոով մերժել է Երևան համայնքի հայցն ընդդեմ Ելենա Սուրենի Գրիգորյանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, որպես հետևանք իրավունքի պետական գրանցումը վերացնելու, կառուցապատման առարկա հողամասը Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը:
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:
Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/3688/02/19 քաղաքացիական գործով 28.02.2020 թվականի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում վերացել է Ելենա Գրիգորյանի, ի դեմս լիազորված ներկայացուցիչ՝ փաստաբան Սուզաննա Խչեյանի, 04.09.2019 թվականի N Խ-3163 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի կասեցման հիմքը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Վերսկսել 2019 թվականի սեպտեմբերի 4-ի N Խ-3163 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ