Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

29.05.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1625-Ա, 29.05.2015թ.


ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆ ԱՌԱՆՑ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը
Երևանի քաղաքապետին ուղղված 2015 թվականի ապրիլի 17-ի հ.15/20562 դիմումով Մերուժան Ղազարյանը, որի անունից՝ համաձայն 2015 թվականի մարտի 12-ին տրված լիազորագրի, հանդես է եկել Մարինե Եսայանը, խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2012 թվականի փետրվարի 28-ի N 1995-Ա որոշումը (այսուհետ՝ նաև որոշում):
2015 թվականի ապրիլի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի հիմքով` Երևանի քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ` 2015 թվականի ապրիլի 17-ի հ.15/20562 դիմումով Մերուժան Ղազարյանի կողմից հայցվող խնդրանքի քննարկման նպատակով:
2015 թվականի մայիսի 5-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին չեն ներկայացել վարույթի մասնակիցները:
2015 թվականի մայիսի 22-ին հրավիրված լսումներին ներկայացել են դիմումատու Մերուժան Ղազարյանը և նրա ներկայացուցիչ Մարինե Եսայանը, երրորդ անձ Հասմիկ Ղազարյանի ներկայացուցիչներ Արման Ապիտոնյանը և Արտաշես Վարոսյանը, որոնք ներկայացրել են վերջինիս իրավունքներն ու շահերը 2015 թվականի մարտի 12-ին տրված լիազորագրի հիման վրա:

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
1) Երևանի քաղաքապետի 2012 թվականի փետրվարի 28-ի N 1995-Ա որոշումը:
2) Հասմիկ Ղազարյանի ներկայացուցիչ Արման Ապիտոնյանի բանավոր հայտարարությունն առ այն, որ որոշման մասին Մերուժան Ղազարյանը տեղեկացել է 2014 թվականի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին, երբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2014թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Հասմիկ Ղազարյանի հայցն ընդդեմ Մերուժան Ղազարյանի և երրորդ անձ` «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ի` վտարման պահանջի մասին (քաղաքացիական գործ N ԵԿԴ/4738/02/14):
3) Հասմիկ Ղազարյանի ներկայացուցչի բանավոր հայտարարության վերաբերյալ դիմումատու Մերուժան Ղազարյանի և վերջինիս ներկայացուցիչ Մարինե Եսայանի կողմից առարկություն չներկայացնելը:
4) Որոշման բողոքարկման համար բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության բացակայությունը:

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Երևանի քաղաքապետին ուղղված 2015 թվականի ապրիլի 17-ի հ.15/20562 դիմումով, դիմումատուի կողմից որոշման բողոքարկման համար բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չէր ներկայացվել:
Վարչական վարույթի լսումների ընթացքում քննարկվել է բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության բացակայության հարցը, սակայն դիմումատու Մերուժան Ղազարյանի և նրա ներկայացուցիչ Մարինե Եսայանի կողմից որոշման բողոքարկման համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդություն կամ նման միջնորդության ներկայացման նպատակով վարչական վարույթի լսումները հետաձգելու մասին միջնորդություն այդպես էլ չներկայացվեց:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝
«1. Վարչական բողոքը կարող է բերվել`
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
…..
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:
Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:
Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերացնելուց հետո, վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները): Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըստ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝
1) Վարչական մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը նշված օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին և պարզել` արդյոք բողոքը բերվել է նշված օրենքի 71-րդ հոդվածով սահմանված ժամկետում:
2) Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է նշված օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը, նշված օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հարգելի չի ճանաչվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով և 73-րդ հոդվածի 3-րդ մասով.


ՈՐՈՇԵՑԻ


1. Մերուժան Ղազարյանի 2015 թվականի ապրիլի 17-ի հ.15/20562 դիմումը թողնել առանց քննարկման:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մնում այն ստանալուն հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից` երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ