Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1682-Ա 20.05.2020թ.

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված՝ Աշոտ Մկրտչյանի լիազորված անձ Ռուդոլֆ Հունանյանի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ Հ-12302 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի փետրվարի 19-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով՝ պատշաճ ծանուցվել և մասնակցել է Աշոտ Մկրտչյանի լիազորված անձ Ռուդոլֆ Հունանյանը: Ուսումնասիրելով Ռուդոլֆ Հունանյանի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ Հ-12302 դիմումը, գնահատելով դրան կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները՝ վարչական մարմինը պարզել է հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ Հ-12302 դիմումով Աշոտ Մկրտչյանի լիազորված անձ Ռուդոլֆ Հունանյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/2595/05/15 վարչական գործով 2016 թվականի հոկտեմբերի 12-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռը, խնդրել է, որպես իրական վնասի հատուցում, Աշոտ Մկրտչյանին վճարել Կոմիտասի պողոտայի հ.65 շենքի 1-ին մուտքի դիմաց գտնվող և Աշոտ Մկրտչյանի անվամբ սեփականության իրավունքով պետական գրանցման ենթարկված ավտոտնակի շուկայական արժեքը, որը, ըստ դիմումատուի, կազմում է 4.848.000 /չորս միլիոն ութ հարյուր քառասունութ հազար/ ՀՀ դրամ, ինչպես նաև խնդրել է հատուցել գույքի գնահատման համար իր վստահորդի կողմից վճարված 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարը:
ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/2595/05/15 վարչական գործով, ըստ հայցի Աշոտ Մկրտչյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ քանդման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, 2016 թվականի հոկտեմբերի 12-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Աշոտ Մկրտչյանի սեփականությունը հանդիսացող ք.Երևան, Կոմիտասի պողոտայի հ.65 շենքի 1-ին մուտքի դիմաց գտնվող անշարժ գույքի /ավտոտնակի/՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված քանդման գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ:
Վարույթի լսումների ընթացքում Ռուդոլֆ Հունանյանը պնդել է, որ թիվ ՎԴ/2595/05/15 վարչական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում Երևանի քաղաքապետարանը պարտավոր է փոխհատուցել Աշոտ Մկրտչյանին պատճառված վնասը, որի չափը հիմնավորվում է դիմումին կից, որպես ապացույց, ներկայացված «Տիտան-օպտիմում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հ.358 գնահատման հաշվետվությամբ, ըստ որի՝ գույքի արժեքը գնահատվել է 4.848.000 /չորս միլիոն ութ հարյուր քառասունութ հազար/ ՀՀ դրամ:
Վարույթի լսումների ընթացքում Ռուդոլֆ Հունանյանը պարզաբանել է, որ ներկայացված «Տիտան-օպտիմում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հ.358 գնահատման հաշվետվությունը վերաբերվում է Աշոտ Մկրտչյանի ավտոտնակի հարևանությամբ գտնվող և միևնույն կարգավիճակն ունեցող ավտոտնակին, հետևաբար Աշոտ Մկրտչյանի ավտոտնակի գնահատումը ևս պետք է նույնը լինի, և եթե Երևանի քաղաքապետարանը նշված գնահատումը կհամարի ոչ ստույգ, ապա կարող է իր նախաձեռնությամբ ուղարկել նոր գնահատման:
Վարույթի լսումների ընթացքում Ռուդոլֆ Հունանյանը նաև հայտնել է, որ իր վստահորդի կողմից ընդունելի կլինի նաև ապամոնտաժված ավտոտնակի փոխարեն այլ վայրում նույն նպատակով վարձակալության իրավունքով նոր հողակտորի հատկացումը:
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որը նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը /իրական վնաս/, ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր /բաց թողնված օգուտ/:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով /անգործությամբ/, ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
«Տիտան-օպտիմում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված «ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պող. թիվ 65 շենքի 1-ին մուտքի դիմաց հասցեում գտնվող ավտոտնակի շինության և հողամասի 1քմ շուկայական արժեքների գնահատման» հ.385 հաշվետվությունը Աշոտ Մկրտչյանի կողմից ներկայացված վնասի հատուցման պահանջի նկատմամբ վերաբերելի ապացույց չի հանդիսանում, քանի որ այն պատվիրվել է Նարինե Սարիբեկյանի կողմից և գնահատման առարկան հանդիսացել է 2004 թվականի մայիսի 5-ին տրված անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.1638390 վկայականի առարկա անշարժ գույքը:
Աշոտ Մկրտչյանի սեփականությունը հանդիսացող և թիվ ՎԴ/2595/05/15 վարչական գործով 2016 թվականի հոկտեմբերի 12-ի վճռի առարկա անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները հավաստվում են 2005 թվականի օգոստոսի 15-ին տրված անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2017724 վկայականով, իսկ դիմումատուի կողմից չի ներկայացվել նշված վկայականով հավաստվող՝ Աշոտ Մկրտչյանի սեփականությունը հանդիսացող ավտոտնակի քանդման արդյունքում պատճառված ենթադրյալ վնասի արժեքը հիմնավորող ապացույց: Դիմումին կից չի ներկայացվել նաև ապացույց առ այն, որ է 2005 թվականի օգոստոսի 15-ին տրված անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.1638390 վկայականի և 2004 թվականի մայիսի 5-ին տրված անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2017724 վկայականի առարկա ավտոտնակների արժեքները և դրանց քանդման արդյունքում առաջացած վնասները համարժեք են:
«Տիտան-օպտիմում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված «ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պող. թիվ 65 շենքի 1-ին մուտքի դիմաց հասցեում գտնվող ավտոտնակի շինության և հողամասի 1քմ շուկայական արժեքների գնահատման» հ.385 հաշվետվության համաձայն՝ հողամասը դիտարկվել և գնահատվել է որպես սեփականություն, մինչդեռ Աշոտ Մկրտչյանը հողամասի նկատմամբ պետական գրանցման ենթարկված սեփականության իրավունք չի ունեցել, հետևաբար հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի դիմաց փոխհատուցման արժեք որոշելու իրավական և փաստական հիմք առկա չէ:
«Տիտան-օպտիմում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պող. թիվ 65 շենքի 1-ին մուտքի դիմաց հասցեում գտնվող ավտոտնակի շինության և հողամասի 1քմ շուկայական արժեքների գնահատման համար վճարված 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարը փոխհատուցելու պահանջը ևս անհիմն է, քանի որ այդ գնահատման պատվիրատու հանդիսացել է Նարինե Սարիբեկյանը և գնահատման արժեքը Աշոտ Մկրտչյանի կողմից վճարված լինելու մասին գրավոր ապացույց դիմումին կից չի ներկայացվել:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Աշոտ Մկրտչյանի լիազորված անձի կողմից չեն ներկայացվել 2005 թվականի օգոստոսի 15-ին տրված անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2017724 վկայականով Աշոտ Մկրտչյանի անվամբ պետական գրանցման ենթարկված անշարժ գույքի քանդման հետևանքով կրած վնասի չափը հիմնավորող ապացույցներ, և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետով, 1058-րդ և 1063-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով`
ՈՐՈՇԵՑԻ
1. Աշոտ Մկրտչյանի լիազորված անձ Ռուդոլֆ Հունանյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին 2019 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ Հ-12302 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով`Հայաստանի Հանրապետության վարչական դատարան`այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ