Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.06.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1977-Ա 30.06.2020թ.

 

ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արամ Ավետիսյանի դիմումը՝ Արտաշիսյան փողոցի հ.51/17 շենքի հ.2 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 20.0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Երևանի քաղաքապետի 2006 թվականի դեկտեմբերի 22-ի հ.2283-Ա որոշման հիման վրա, 2007 թվականի հունվարի 24-ին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.85 պայմանագիրը:
Կառուցապատման իրավունքի առուվաճառքի 22.07.2016թ. հ.2831 պայմանագրով՝ Արտաշիսյան փողոցի հ.51/17 շենքի հ.2 հասցեում գտնվող ավտոտնակն Արամ Ավետիսյանը ձեռք է բերել Մարինա Աբալյանից, ինչից ծագող իրավունքը ստացել է պետական գրանցում /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27072016-01-0138 վկայական, գաղտնաբառ՝ A1KMRWU1U32H /: Հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետն ավարտվել է 2017 թվականի դեկտեմբերի 31-ին:
Արամ Ավետիսյանը դիմել է Երևանի քաղաքապետին՝ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի դրույթներով, հաշվի առնելով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 2007 թվականի հունվարի 24-ին կնքված հ.85 պայմանագրի 9.2.-րդ կետը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.05.2020թ. հ.18-06/1-Ա-4234 եզրակացությունը.
1. Լիազորել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ.Մկրտչյանին` Երևանի քաղաքապետի անունից, Արամ Ավետիսյանի հետ կնքել Արտաշիսյան փողոցի հ.51/17 շենքի հ.2 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 20.0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ժամկետով, հողամասի կառուցապատման տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 36-րդ կետի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերին համապատասխան՝ պայմանագրում ներառելով նաև կետեր հետևյալ բովանդակությամբ.
«4.1.4. Կառուցապատված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում սեփականատերն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով կառուցապատման իրավունք ունեցող անձին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:»,
«4.1.5. Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:».
«4.1.6. Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 4.1.5-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին սեփականատիրոջ գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) սեփականատիրոջ գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է կառուցապատման իրավունք ունեցողի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
գ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:
«4.1.7. Սույնով կողմերը անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 4.1.6-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից կառուցապատման իրավունք ունեցողը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Կառուցապատման իրավունք ունեցողն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ