Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2173-Ա 11.06.2018թ.
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էդվարդ Վանյանի 2018 թվականի մայիսի 10–ի հ.18/32971 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 21-րդ հոդվածի հիմքով՝ վարչական վարույթին մասնակից է դարձվել Արամ Ադամյանը:
2018 թվականի մայիսի 29-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել են «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էդվարդ Վանյանը, վարույթին մասնակից դարձված անձ Արամ Ադամյանը /ծանուցման ստացման փոստային հավաստագրեր հ.հ.AG007994978AM և AG007994964AM/:
Ուսումնասիրելով «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Էդվարդ Վանյանի 2018 թվականի մայիսի 10–ի հ.18/32971 դիմումը, գնահատելով դիմումին կից և վարույթի լսումների ժամանակ ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետին ուղղված 2018 թվականի մայիսի 10–ի հ.18/32971 դիմումով «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էդվարդ Վանյանը, հիմք ընդունելով թիվ ԵԱՔԴ/0849/02/09 և թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը, դրանցով հաստատված փաստական հանգամանքները, խնդրել է չեղարկել /վերացնել/ Երևան քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի հ.1355-Ա որոշումը:
Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.1355-Ա որոշման 1-ին կետով՝ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Շահսուվարյան փողոցի հ.7 շենքի ավտոտնակ հ.2 հասցեում գտնվող 32.62քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ ավտոտնակ գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարվել է Երևանի քաղաքի սեփականությունը և այն ճանաչվել է օրինական:
Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի հ.1355-Ա որոշման հիման վրա 2015 թվականի հունիսի 3-ին Շահսուվարյան փողոցի հ.7 շենքի հ.2 ավտոտնակի նկատմամբ պետական գրանցման է ենթարկվել Երևան համայնքի սեփականության իրավունքը և ի հավաստումն գրանցված իրավունքների տրվել է հ.03062015-01-0115 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը:
Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի հ.1355-Ա որոշման 2-րդ կետով որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած անձ՝ Արամ Ադամյանին:
Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի հ.1355-Ա որոշման հիման վրա 2015 թվականի հունիսի 9-ին Երևանի քաղաքապետի լիազորված անձի և Արամ Ադամյանի միջև կնքվել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին հ.208-1355-Ա պայմանագիրը:
Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի հ.1355-Ա որոշման և 2015 թվականի հունիսի 9-ին կնքված հ.208-1355-Ա պայմանագրի հիման վրա՝ Շահսուվարյան փողոցի հ.7 շենքի հ.2 ավտոտնակի նկատմամբ 2015 թվականի հունիսի 12-ին պետական գրանցման է ենթարկվել Արամ Ադամյանի սեփականության իրավունքը և ի հավաստումն գրանցված իրավունքների տրվել է հ.12062015-01-0115 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0849/02/09 քաղաքացիական գործով 2010 թվականի մարտի 24-ի վճռով՝ Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Վոլոդյա Դավթյանի, Արամ Ադամյանի, Գագիկ Պետրոսյանի, երրորդ անձ` «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության` ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին` մերժվել է, Վոլոդյա Դավթյանի, Արամ Ադամյանի, Լիլիա Թովմասյանի, Գագիկ Պետրոսյանի` Երևանի քաղաքապետարանի դեմ ներկայացված հակընդդեմ հայցն` ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին` մերժվել է:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱՔԴ/0849/02/09 քաղաքացիական գործով 2010 թվականի մարտի 24-ի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարել հետևյալ փաստական հանգամանքները.
- Երևանի քաղաքապետարանն իրավասություն չունի ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջ ներկայացնել պատասխանողներին, քանի որ հենց ինքը` սեփականատերն իր հաշվին պետք է քանդի իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը, այնուհետ ինքնակամ կառույց իրականացրած անձանցից պահանջի հատուցել իրեն հասցրած վնասները, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
- Չի ապացուցվել այն փաստը, որ ավտոտնակները կառուցվել են ինքնակամ, քանի որ վկայակոչած վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումները վերաբերում են պատասխանողների կողմից վեճի առարկա հանդիսացող ավտոտնակների վերակառուցման շինարարական աշխատանքներին:
-Պատասխանողները ենթարկվել են վարչական պատասխանատվության` յուրաքանչյուրը 400.000 ՀՀ դրամի չափով, ինքնակամ վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար, այլ ոչ թե ինքնակամ կառույցի իրականացման համար:
- Չի ապացուցվել այն փաստը, որ պատասխանողներ` Վոլոդյա Դավթյանի, Գագիկ Պետրոսյանի և Արամ Ադամյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակները` յուրաքանչյուրը 20,0քմ մակերեսով, կառուցվել են Շահսուվարյան փողոցի թիվ 3, 5, 7, 9 բնակելի շենքերի սպասարկման համար հատկացված հողամասում:
- «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության իրավունքների խախտման փաստը հիմնավորող պատշաճ ապացույց դատարանին չի ներկայացվել:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ըստ հայցի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Վոլոդյա Դավթյանի, Արամ Ադամյանի, Գագիկ Պետրոսյանի` ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` Երևանի քաղաքապետարանի` սեփականատիրոջ իրավունքների խախտումը վերացնելու և այդ նպատակով շինությունները քանդելու ու տարածքը նախկին տեսքին բերելուն, շինությանը պատճառված վնասների շինվերանորոգման աշխատանքները կատարելուն պարտավորեցնելու, այդ աշխատանքներն ինքնակամ չկատարելու դեպքում պատասխանողներից գումար բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործով 2014 թվականի դեկտեմբերի 25–ին կայացված և 2015 թվականի սեպտեմբերի 9-ին օրինական ուժի մեջ մտած վճռով «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության հայցը բավարարվել է և վճռվել է պատասխանողներ Վոլոդյա Դավթյանին, Արամ Ադամյանին և Գագիկ Պետրոսյանին պարտավորեցնել վերացնել հայցվոր «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի խախտումները, այն է՝
- պատասխանողներին պարտավորեցնել քանդել ընկերության սեփականությունը հանդիսացող պարսպին կից կառուցված ավտոտնակը,
- պատասխանողներին պարտավորեցնել տարածքը նախկին տեսքի բերել, այն է` վերականգնել հայցվոր ընկերության շինության հետնապատի մեկ քար շարքը, վերականգնել թիթեղյա ծածկը, ինչպես նաև քանդված չորսունները, որն ինքնակամ չկատարելու դեպքում՝ պատասխանողներ Արամ Ադամյանից, Վոլոդյա Դավթյանից և Գագիկ Պետրոսյանից համապարտությամբ բռնագանձել 384 250 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում,
- պատասխանողների կողմից նոր ավտոտնակ կառուցելու դեպքում՝ պատասխանողներին պարտավորեցնել պահպանել քաղաքաշինության նորմերով սահմանված հեռավորությունը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործով 2014 թվականի դեկտեմբերի 25–ի վճռով դատարանը հաստատված է համարել նաև, որ ըստ 2011 թվականի մարտի 23-ի թիվ 11-0054Պ փորձաքննության եզրակացության՝ հետազոտված շինության հետին պատին կից կառուցվել է ավտոտնակ, որի շինարարության ընթացքում կտրվել են «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության թիվ 4 պահեստ-արտադրամասի զննված հատվածի տանիքի կրող չորսուների եզրային հատվածները, և տանիքածածկույթի եզրային հատվածների պոկման և վնասման արդյունքում խարխլվել և ներկայումս նորմալ չի շահագործվում տանիքի ջրահեռացման համակարգը, ինչի հետևանքով մթնոլորտային ջրերը լցվում են շինության տարածք: Մթնոլորտային ջրերի հոսքի պատճառով տանիքի վնասված հատվածում տեղի է ունեցել ծպեղնային համակարգի և շինության պատի խոնավացում: Տեղաշարժվել և քանդվել է պատի վերին հատվածում գտնվող 1 շերտ տուֆե շարվածքը: Հետազոտված շինությանը կից կառուցված ավտոտնակի շինարարության ժամանակ քանդվել է տանիքի ավտոտնակին կից հովհարային հատվածը: Պատվիրատուի կողմից փորձաքննությանը տրամադրված ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի 2008 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ ՍՀ - 24/4956 գրության համաձայն՝ վերը նշված ավտոտնակի կառուցման ժամանակ պետք է պահպանվեր /հծՌկ 2.07.01-89/ քաղաքաշինական նորմում ամրագրված այն կետը, որի համաձայն ավտոտնակների հեռավորությունը բնակելի տներից և հասարակական շենքերից պետք է կազմի ոչ պակաս 7,5-10 մետր` կախված ավտոտնակի դիրքից: Ըստ ներկայացված գրության` մնացած շինությունների հեռավորությունը կարգավորվում է` ելնելով արևահարման և հակահրդեհային նորմերի պահանջներից ու տարբեր իրավիճակների համար այն կարող է լինել 4,8 մետր և ավելի:
Նշված ավտոտնակը կառուցված է «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության թիվ 4 պահեստ-արտադրամասին կից, և դրանց միջև հեռավորությունը կազմում է 2-5սմ, այսինքն` տեղի է ունեցել /հծՌկ 2.07.01-89/ քաղաքաշինական նորմում ամրագրված կետի խախտում: Այդ իսկ պատճառով հնարավոր չէ տանիքի ջրահեռացման համակարգը բերել նախկին տեսքի և իրականացնել շինության պատի սպասարկումն այդ հատվածում:
Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 1951 թվականի օգոստոսի 15-ի նիստի հ.15/797 արձանագրության համաձայն՝ առաջարկվել է Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի ճարտարապետության գործերով բաժնին Արաբկիր շրջանի բնակելի ավանի երկրորդ թաղամասում 0.6հա ընդհանուր մակերեսով տարածքներ հատկացնել Կանազին՝ քառահարկ-եռահարկ բնակելի տներ կառուցելու համար: Տարածքի սահմանները սահմանվել են ըստ ճարտարապետության գործերով բաժնի կողմից տրված գլխավոր հատակագծի:
Շինարարական կոնստրուկցիաների և սեյսմակայունության փորձագետ Հ.Պեպանյանի կողմից 2012թվականի մայիսի 16-ին տրված եզրակացության համաձայն՝ նախկինում կատարված փորձաքննության արդյունքում նշվել է, որ խախտվել են СНиП 2.07.01-89 դրույթները ավտոտնակների և «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության հ.4 պահեստ-արտադրամասի շինությունների միջև հեռավորության վերաբերյալ: Նշված СНиП-ի հետ ծանոթացումը ցույց է տվել, որ շենքերի միջև թույլատրելի հեռավորությունները նորմավորվում են հակահրդեհային պահանջներից, այդ հեռավորությունները բերված են փաստաթղթի 1 հավելվածի 1 աղյուսակում կապված շենքերի հարկայնության աստիճաններից, որոնք իրենց հերթին կանոնակարգվում են այլ նորմերով /СНиП 2.01.02-85/: Այս նորմերի 1.2 կետում նշված է, որ շենքերի հարկայնության աստիճանները ընդունվում են դրանց նախագծերում՝ կապված տվյալ կառույցի նշանակությունից: Վերը նշվածից հետևում է, որ СНиП 2.07.01-89-ի պահանջները վերաբերում են միայն համապատասխան նախագիծ ունեցող կառույցներին: Քանի որ պարսպին կից 1 հարկանի շինությունը /պահեստը/ չունի միասնական կոնստրուկտիվ համակարգ, կառուցվել է առանց նախագծի, գործող նորմերի պահանջների կոպիտ խախտումներով, հետևաբար դրա վերաբերյալ չեն կարող կիրառվել գործող նորմերի դրույթները:
Համաձայն 2016թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության քաղաքաշի-նության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կողմից Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցի հ.7 շենքին հարակից 3 ավտոտնակներից բաղկացած շինության, միջին հ.2 ավտոտնակի, տեխնիկական վիճակի և 2 եզրայինների ապամոնտաժման հնարավորության վերաբերյալ տրված եզրակացության՝ հ.2 ավտոտնակի բնականոն շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ է կատարել լայնական պատերում առկա ճաքերի լցափակում պոլիմերցեմենտային շաղախով, իսկ նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է ամբողջական կոնստրուկտիվ համակարգով, ապա դրա եզրային հ.1 և հ.3 ավտոտնակների հնարավոր ապամոնտաժումը բացասական կերպով կանդրադառնա հ.2 ավտոտնակի տեխնիկական վիճակի վրա, խախտելով դրա տարածական կոշտությունը և զգալի նվազեցնելով սեյսմակայունությունը, ինչպես նաև կարող է բերել ավտոտնակների տեղամասում պարսպի և դրան կից շինության փլուզմանը:
«Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա Երևան քաղաքի դատախազի կողմից 20.12.2016 թվականին, ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 63207116 քրեական գործը: Նշված քրեական գործի քննության շրջանակներում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ն.Իսկոյանի կողմից 2017 թվականի հունիսի 16-ի որոշմամբ նշանակվել է շինարարատեխնիկական փորձաքննություն:
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2017 թվականի հոկտեմբերի 19-ին տրված հ.41181707 եզրակացության համաձայն՝ նախաձեռնողի կողմից առաջադրված՝ «3 ավտոտնակների կառուցմամբ կամ վերակառուցմամբ խախտվել են արդյոք քաղաքաշինական նորմերը և դրանց առկայությունը խախտում է արդյոք սեփականատիրոջ իրավունքները» հարցին պատասխանվել է, որ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Շահսուվարյան փողոցի թիվ 5-րդ և 7-րդ շենքերին հարակից շինության /որը տարանջատված է թվով 3 ավտոտնակների/ տեղակայումով չեն պահպանվել ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմի կետերով սահմանված պահանջները:
Լսումների ընթացքում «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էդվարդ Վանյանը պնդեց Երևանի քաղաքապետին ուղղված 2018 թվականի մայիսի 10–ի հ.18/32971 դիմումով, ինչպես նաև քննարկվող հարցի կապակցությամբ Երևանի քաղաքապետին նախկինում ուղղված բոլոր դիմումներով ներկայացված փաստերը, հանգամանքները, իրավական հղումները և խնդրեց չեղարկել /վերացնել/ Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի հ.1355-Ա որոշումը, քանի որ այն կայացվել է օրենքի բազմաթիվ և կոպիտ խախտումներով, որոնք նախկինում նշվել են ընկերության կողմից ներկայացված դիմումներում:
Լսումների ընթացքում Արամ Ադամյանը հայտնեց, որ ավտոտնակը կառուցվել է Շահսուվարյան հ.5 շենքի սպասարկման տարածքի սահմաններում և որևէ առնչություն չի կարող ունենալ այլ սուբյեկտների իրավունքների հետ: Եթե կատարվել է քաղաքաշինական նորմերի խախտում, ապա այն կատարվել է «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից, քանի որ գործարանի պարիսպը գտնվում է շենքին հատկացված հողամասի 50 մետրից 39-րդ մետի վրա, կամ նույնն է թե գործարանի պարիսպը 11 մետրով խախտել է շենքի սպասարկող տարածքը:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշման 2-րդ կետի՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա)որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ)որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից` սույն մասի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառություններով:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի հ.1355-Ա որոշումը կայացվել է քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետի պահանջների խախտմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով թիվ 63207116 քրեական գործով ստացված «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2017 թվականի հոկտեմբերի 19-ին տրված հ.41181707 եզրակացությունը, ըստ որի՝ Շահսուվարյան փողոցի թիվ 5-րդ և 7-րդ շենքերին հարակից շինության /որը տարանջատված է թվով 3 ավտոտնակների/ տեղակայումով չեն պահպանվել ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմի կետերով սահմանված պահանջները, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.1355-Ա որոշումը ճանաչել անվավեր:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ