Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2275-Ա 30.06.2021թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ
ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով` Երևան քաղաքի 2022 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով.
1. Հաստատել Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներառում են կապիտալ բնույթի ծախսերի մասով սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ ընթացիկ ծախսերի գծով՝ հաշվարկ–հիմնավորումները,
2) Երևան քաղաքի 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելիս պետք է հաշվի առնվեն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պահանջները, մասնավորապես՝ Երևան քաղաքի զարգացման ծրագրերի հիմնական ուղղությունները։
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետի տեղակալներին, Երևանի գլխավոր ճարտարապետին, խորհրդականներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝
1) 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելիս հաշվի առնել համայնքի բնակիչներից, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի սուբյեկտներից ստացված առաջարկությունները,
2) ապահովել սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացումը,
3) 15-օրյա ժամկետում սահմանված կարգով պատվիրել 2022 թվականին նախատեսվող կապիտալ բնույթի ծախսերի նախագծանախահաշվային փաստաթղթերը։
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ զեկուցել ժամանակացույցով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի շեղումների վերաբերյալ։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների վրա։
6. Սույն որոշման կատարման հսկողությունը իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ