Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.07.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2534-Ա  25.07.2017թ.

ԴԻՄՈՒՄԸ   ՄԵՐԺԵԼՈՒ   ՄԱՍԻՆ
    


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Լիլիյանա Ավագյանի 2017 թվականի հունիսի 21–ի թիվ Ա-4552 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2017 թվականի հուլիսի 12-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել է Լիլիյանա Ավագյանը։
Ուսումնասիրելով Լիլիյանա Ավագյանի 2017 թվականի հունիսի 21–ի թիվ Ա-4552 դիմումը,  գնահատելով դիմումին կից և վարույթի լսումների ընթացքում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 21.02.2013թ. տրված հ.21022013-01-2349 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենի՝ Երևանի Խորենացու փողոցի հ.11 շենքի հ.23 տարածքը հանդիսանում է Լիլիյանա Ավագյանի, Ռաֆայել Ավագյանի և Լուսինե Մանուկյանի ընդհանուր բաժնային սեփականությունը։
Համաձայն Լիլիյանա Ավագյանի 2017 թվականի հունիսի 21–ի թիվ Ա-4552 դիմումի՝ 2017 թվականի հունիսի 20–ին, ժամը 20։00-21։00–ի հատվածում Երևանի Զաքյան փողոցի վրա գտնվող չորացած ծառի կոտրվելու պատճառով վնասվել է իր սեփականությունը հանդիսացող Երևանի, Խորենացու փողոցի հ.11 շենքի հ.23 տարածքի /գեղեցկության սրահ/ ծածկը և ճաղավանդակը։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության 28.06.2017թ. հ.17/Ա4552 գրության՝ Զաքյան փողոցի հ.4 շենքի բակում ծառի տապալման պատճառ է հանդիսացել ուժգին քամին։
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝  անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Զաքյան փողոցի հ.4 շենքի դիմացի ծառի տապալման պատճառ է հանդիսացել ուժեղ քամին /անհաղթահարելի ուժ/ և նշված պատահարում Երևան համայնքի մեղավորությունն ապացուցող փաստաթղթեր դիմումատուի կողմից չեն ներկայացվել և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»
ՀՀ օրենքի  43-րդ և  96–րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Լիլիյանա Ավագյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին դիմումը մերժել:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ