Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

259-Ա 07.02.2019թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և 5-րդ մասով`
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն)։
2. Սահմանել, որ՝
1) Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
ա) մշակել և իրականացնել Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման և դրանց թվաքանակի կանոնակարգման համալիր ծրագիր,
բ) իրականացնել Երևան քաղաքում առկա թափառող շների վիճակագրության ուսումնասիրություններ, համարակալման, քարտեզագրման, նույնականացման և խնամքի աշխատանքներ,
գ) համագործակցել ոլորտում մասնագիտացած միջազգային, տեղական մասնագիտական և հասարակական կազմակերպությունների հետ, համատեղ մշակել և իրականացնել թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծման տարաբնույթ ծրագրեր,
դ) իրականացնել Երևան քաղաքում առկա թափառող կենդանիների անասնաբուժական ծառայություններ (ախտորոշումներ, պատվաստումներ, բուժումներ, վիրահատություններ, խնամք և այլն),
ե) իրականացնել թափառող կենդանիների խնդիրների լուծմանը նպաստող կրթական և իրազեկման աշխատանքներ:
2) Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Թույլատրել Կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.
1) իրականացնել կենդանիների վնասազերծման և դրանց թվաքանակի կանոնակարգման համալիր ծրագրեր,
2) իրականացնել կենդանիների վիճակագրության ուսումնասիրություններ, համարակալման, քարտեզագրման, նույնականացման և խնամքի աշխատանքներ,
3) իրականացնել կենդանիների անասնաբուժական ծառայություններ (ախտորոշումներ, պատվաստումներ, բուժումներ, վիրահատություններ, խնամք և այլն),
4) իրականացնել կենդանիների խնդիրների լուծմանը նպաստող կրթական և իրազեկման աշխատանքներ:
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետին` օրենսդրությամբ սահմանված կարգով նախապատրաստել Կազմակերպության կանոնադրության և հաստիքացուցակի նախագծերը՝ Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի վրա:
6. Որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին:
7. Սույն որոշումը, բացառությամբ 4-րդ կետի, ուժի մեջ է մտնում այն հաստատելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ