Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.07.2016

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2599-Ա  14.07.2016թ.
             
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐՈՒԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1 ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ՝ ԿՑԱԿԱՌՈՒՅՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ԱՆԱԻԴԱ ԳԱԼՈՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ N 01/18-Ն-416-341 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը և ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
         Երևանի Կենտրոն վարչական շրջանի Զարուբյան փողոցի հ.1 հասցեում կցակառույցի իրականացման համար 2016 թվականի ապրիլի 26-ին Անաիդա Գալոյանին տրվել է N 01/18-Ն-416-341 շինարարության թույլտվությունը, որի համար հիմք է հանդիսացել Անաիդա Գալոյանի ներկայացուցչի հայտը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2002 թվականի հոկտեմբերի 31-ի հ.505843 վկայականը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 12-ին տրված հողատարածքի քարտեզը /ծածկագիր՝ 0027-0007/, «Ինվենտ սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2015 թվականի նոյեմբերի 4-ին տրված շինությունների հատակագծերը, Զարուբյան փողոցի հ.1/1 բնակելի տան, հ.2 բնակարանի և հ.3 ձեղնահարկի սեփականատերերի համաձայնագրերը և նախագծի էսքիզային առաջարկը:
Շինարարության թույլտվության տրամադրումից և շինարարական աշխատանքներն սկսելուց հետո պարզվել է, որ Երևան քաղաքի Զարուբյան փողոցի հ.1 հասցեի տան երկրորդ հարկն  օրինական կառույց է /2008 թվականի մարտի 11-ի հ.2566166 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն՝ հանդիսանում է բնակելի տուն/, որն ունի լուսային բացվածք դեպի իրականացվող օբյեկտը:
Վերը նշված հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի մասին 2016 թվականի մայիսի 27-ի հ.18-08/428 գրությամբ տեղեկացվել է Անաիդա Գալոյանը:
2016 թվականի հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում իրականացված լսումների ընթացքում Անաիդա Գալոյանին ներկայացվել են վերը նշված փաստերը, պարզաբանվել են խնդիրը կարգավորող օրենսդրական ակտերն ու առաջարկվել է շինարարական աշխատանքներ չկատարել մինչև Երևանի Զարուբյան փողոցի հ.1 շենքի երկրորդ հարկի սեփականատիրոջ համաձայնությունն ստանալը կամ կատարել համապատասխան նախագծային փոփոխություններ՝ բացառելով քննարկվող լուսային բացվածքի առջև կառուցապատման իրականացումը:
Անաիդա Գալոյանը լսումների ընթացքում պարտավորվել է չկատարել շինարարական աշխատանքներ ու խնդրել տրամադրել ժամանակ՝ բարձրացված հարցի կարգավորման համար, սակայն լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներն Անաիդա Գալոյանի կողմից վերսկսվել են և միևնույն ժամանակ 2016 թվականի հուլիսի 11-ի դրությամբ չի ներկայացվել Երևան քաղաքի Զարուբյան փողոցի հ.1 հասցեի թիվ 3 բնակարանի սեփականատիրոջը պատճառվելիք հնարավոր վնասների վերաբերյալ համաձայնություն:
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Զարուբյան փողոցի հ.1 հասցեում կցակառույցի իրականացման համար 2016 թվականի ապրիլի 26-ին Անաիդա Գալոյանին տրված N 01/18-Ն-416-341 շինարարության թույլտվությունը հանդիսանում է ոչ իրավաչափ վարչական ակտ՝ հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորումներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի Զարուբյան փողոցի հ.1 հասցեում գտնվող շենքում առկա են մեկից ավելի բնակելի նպատակային նշանակության անշարժ գույքեր, պետք է փաստել, որ Երևանի Զարուբյան փողոցի հ.1 հասցեում գտնվող շենքը հանդիսանում է բազմաբնակարան շենք:
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ բազմաբնակարան շենքը` շենք է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք և որի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի /այսուհետ՝ նաև Օրենսգիրք/ 224-րդ հոդվածի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
    Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով, իսկ նույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի կողմից սահմանված կարգով։
Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային uեփականության ներքո գտնվող գույքը տնoրինվում է դրա բոլոր մաuնակիցների համաձայնությամբ։
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ բազմաբնակարան շենքի շինությունների շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ (բնակարաններ, շինություններ) սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակներն ու տարածքները, որոնք սեփականության իրավունքով այլ անձանց չեն պատկանում՝ տիրապետում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
Հետևաբար, բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերը շենքի վերը նշված գույքի նկատմամբ ունեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների համար սահմանված բոլոր իրավունքները և կրում են բոլոր պարտականությունները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Տվյալ պարագայում, Երևանի Զարուբյան փողոցի հ.1 շենքի թիվ 3 բնակարանը 2008 թվականի մարտի 11-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման հ.2566166 վկայականի համաձայն սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ Մաթևոսյանին, ինչից հետևում է, որ Երևանի Զարուբյան փողոցի հ.1 շենքի կրող կառուցվածքները հանդիսանում են տվյալ շենքի բոլոր սեփականատերերի, այդ թվում՝ Գագիկ Մաթևոսյանի բաժնային սեփականությունը և կարող է տնօրինվել միայն վերջինիս համաձայնությամբ:  
    Վերը նշվածից հետևում է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Զարուբյան փողոցի հ.1 հասցեում կցակառույցի իրականացման համար 2016 թվականի ապրիլի 26-ին տրված N 01/18-Ն-416-341 շինարարության թույլտվությունը կարող էր տրամադրվել Անաիդա Գալոյանին միայն Գագիկ Մաթևոսյանի և բազմաբնակարան շենքի շինությունների մյուս սեփականատերերի համաձայնության առկայության պարագայում, որպիսի ապացույց բացակայում է նշված շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի նյութերում:
    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
    Երևանի քաղաքապետի 2016 թվականի ապրիլի 26-ին տրված N 01/18-Ն-416-341 շինարարության թույլտվությունն ընդհանուր բովանդակային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավական ակտերի հետ, ակնհայտ է դառնում, որ նշված շինարարության թույլտվությամբ սահմնափակվել և առանց Գագիկ Մաթևոսյանի համաձայնության տնօրինվել է վերջինիս բաժնային սեփականությունը հանդիսացող Երևանի Կենտրոն վարչական շրջանի Զարուբյան փողոց հ.1 շենքի կրող կառուցվածքները, ինչը հիմք է հանդիսանում է Երևանի քաղաքապետի 2016 թվականի ապրիլի 26-ին տրված N 01/18-Ն-416-341 շինարարության թույլտվությունը ոչ իրավաչափ վարչական ակտ դիտարկելու և այն անվավեր ճանաչելու համար:
    Բացի այդ, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության բ/ կետի համաձայն՝ կառուցապատողը պարտավոր է մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:
    Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման հավելված 1-ի 22-րդ կետի համաձայն՝ կառուցապատողը, նախքան շինարարությունն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում պարտավոր է օրենքով սահմանված կարգով` հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման կամ քանդման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ:
    ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հունվարի 30-ի հ.263-Ն հրամանի 78-րդ կետի համաձայն՝ բնակելի շենքերի, բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև հեռավորությունները հարկավոր է ընդունել ինսոլյացիայի և լուսավորվածության հաշվարկների հիման վրա, համաձայն սույն շինարարական նորմերի 23-րդ բաժնում տրված պահանջների, ինչպես նաև ՀՀՇՆ II-8.03 շինարարական նորմերի և ՍՆ 245-71 սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան։
     Տվյալ պարագայում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Զարուբյան փողոցի հ.1 հասցեում կցակառույցի իրականացման համար 2016 թվականի ապրիլի 26-ին Անաիդա Գալոյանին տրված N 01/18-Ն-416-341 շինարարության թույլտվության հիման իրականցվելիք կառուցապատումը հանգեցնելու է Երևանի Զարուբյան փողոցի հ.1 շենքի թիվ 3 բնակարանի օրինական կցակռույցի լուսային բացվածքի փակմանը, ինչի հետևանքով նշված բնակելի տան սեփականատեր Գագիկ Մաթևոսյանը կրելու է վնասներ, որի փոխահատուցման պարտականությունը վերը նշված իրավական ակտերի ուժով կրում է կառուցապատող Անաիդա Գալոյանը:
    «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված են վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը, որի առաջին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա. օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
    բ. կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում։   
    Վարչական ակտը դատական կարգով կարող է անվավեր ճանաչվել հետևյալ երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
1) ակտը պետք է հակասի ՀՀ օրենքներին.
2) այդ ակտով պետք է խախտվի անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքն ու (կամ) ազատությունը (տես` ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 2-ի որոշումը (գործ թիվ 3-185 ՏԴ))։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ և 63-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1.Անվավեր ճանաչել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Զարուբյան փողոցի հ.1 հասցեում կցակառույցի իրականացման համար 2016 թվականի ապրիլի 26-ին Անաիդա Գալոյանին տրված N 01/18-Ն-416-341 շինարարության թույլտվությունը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ