Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2633-Ա 19.07.2016թ.
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված 2016 թվականի հունիսի 1-ի թիվ Տ-260 դիմումով` Ալբերտ Տոնոյանը խնդրել է հատուցել ավտոմեքենային պատճառված վնասը:
Երևանի քաղաքապետարանում 2016 թվականի հունիսի 1-ին մուտքագրված թիվ Տ-260 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2016 թվականի հունիսի 14-ին և հունիսի 17-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ:
2016 թվականի հունիսի 14-ին, ժամը 17:20–ին և հունիսի 17-ին ժամը 16.15-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցել է Ալբերտ Տոնոյանը:
2.Դիմումի քննությամբ պարզված և վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Հունդայի Տուկսոն 10AT010 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը 17.04.2012 թվականի թիվ SB480180 հաշվառման վկայագրի համաձայն` հաշվառված է Ալբերտ Տոնոյանի անվամբ:
Ըստ Ալբերտ Տոնոյանի հայտարարության` 2016 թվականի մայիսի 29-ին, ժամը 15.00-ի սահմաններում Երևան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 40 շենքի բակում կայանված, իրեն պատկանող Հունդայի Տուկսոն 10AT010 մեքենայի վրա թափվել են նույն հասցեի շենքի երեսպատման սալիկները, ինչի պատճառով ավտոմեքենան վնասվել է:
Համաձայն ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի 2016 թվականի մայիսի 31-ի եզրակացության` Ալբերտ Տոնոյանը զանգահարել է ոստիկանություն, քանի որ 2016 թվականի մայիսի 29-ին ժամը, 09.00-ի սահմաններում իր <<Հունդայի Տուկսոն>> մակնիշի 10AT010 հաշվառման համարանիշով ավտոմեքենան կայանել է ք. Երևան, Պուշկինի փողոցի հ.40 և Եզ. Կողբացու փողոցի հ.42 շենքերի արանքում և երբ ժամը 15.30-ի սահմաններում դուրս է եկել տանից, նկատել է, որ Եզ. Կողբացու փողոցի հ.42 շենքի կողային հատվածի երեսպատման սալիկները պոկվել ու ընկել են իր ավտոմեքենայի հետևի հատվածի վրա և վնասել այն:
Համաձայն ՀՀ ոստիկանության 29.05.2016 թվականի արձանագրության` քննության է ենթարկվել Ալբերտ Տոնոյանին պատկանող Հունդայի Տուկսոն 10AT010 մեքենան, որի հետևի վահանը, աջ լուսարձակը, բեռնախցիկը, հետևի դիմապակին, տանիքը, հետևի ապակու կանգ նշանի լուսարձակը վնասված են եղել:
<<Karhagar>> ավտոտեխսպասրկման կենտրոնի կողմից տրվել է տեղեկատվություն ավտոմեքենայի վերանորոգման արժեքի վերաբերյալ, սակայն նշված փաստաթուղթը թվագրված չէ:
Քաղաքացի Ալբերտ Տոնոյանի կողմից, որպես ապացույց, ներկայացվել են ավտոմեքենային պատճառված վնասը պատկերող լուսանկարներ, իսկ վնասի առաջացման փաստը, վնասի չափը հիմնավորող ապացույցներ չեն ներկայացվել:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
Համաձայն <<Բազմաբնակարան շենքի կառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` շինության սեփականատերերը պարտավոր են իրականացնել ընդհանուր բաժնային սեփականության պահպանման այն պահանջները և պարտադիր միջոցառումներն ու աշխատանքները (այսուհետ` պարտադիր նորմեր), որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել ընդհանուր բաժնային սեփականությանը, շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին: Պարտադիր նորմերի մեջ ներառվում են հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալ սպասարկման, փոստային բաժանորդային պահարանների սպասարկման և այլ միջոցառումներ:
Համաձայն <<Բազմաբնակարան շենքի կառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի` ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է (այսուհետ` ժողով), որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքերով:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Ալբերտ Տոնոյանի կողմից չեն ներակայցվել փոխատուցման պահանջը հիմնավորող ապացույցներ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետով, 224-րդ, 1063-րդ և 1071.1-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ, 76-րդ և 96–րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Երևանի քաղաքապետին ուղղված Ալբերտ Տոնոյանի 2016 թվականի հունիսի 1-ի թիվ Տ-260 դիմումը մերժել:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ