Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

265-Ա 01.02.2020թ.

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված՝ Վալենտինա Ադոնցի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ Ա-13717 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2019 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 12.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով` պատշաճ ծանուցվել և լսումներին ներկայացել է Վալենտինա Ադոնցը:
Երևանի քաղաքապետին ուղղված՝ Վալենտինա Ադոնցի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ Ա-13717 դիմումին կից, որպես ապացույցներ, ներկայացվել են «Էրեբունի» բժշկական կետրոնի ռենտգեն ախտորոշման բաժանմունքի կողմից 2019 թվականի նոյեմբերի 27-ին կատարված ռենտգեն հետազոտությունը և նշված կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի հիվանդության պատմագրի թիվ 20012/498 քաղվածքը:
Ուսումնասիրելով Վալենտինա Ադոնցի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ Ա-13717 դիմումը, գնահատելով դիմումին կից ներկայացված և գործի վարույթով ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքնրը, վարչական մարմինը պարզել է հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ Ա-13717 դիմումով Վալենտինա Ադոնցը հայտնել է, որ Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում, 2019 թվականի նոյեմբերի 26-ին, լուսավորության բացակայության և առկա փոսի պատճառով ընկել և ստացել է վնասվածքներ, որի հետևանքով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և իր միջոցների հաշվին իրականացվել է ռենտգենային հետազոտություն, ինչով պայմանավորված խնդրել է փոխհատուցել ռենտգեն հետազոտության իրականացման նպատակով կատարված՝ 7.000 ՀՀ դրամ ծախսը:
Դիմումում նշված փաստական հանգամանքների վերաբերյալ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը 23.12.2019 թվականի թիվ 23/07-Ա-13717 գրությամբ հայտնել է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից Բուզանդի փողոցում կատարված տեղատեսության արդյունքում հայտնաբերվել է փոս:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը 19.12.2019 թվականի թիվ 16/Ա-13717 գրությամբ հայտնել է, որ Վալենտինա Ադոնցի մատնանշած վայրում կատարված ակնադիտական տեղատեսության արդյունքում Փավստոս Բուզանդի փողոցում որևէ փոս չի հայտնաբերվել:
«Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության 09.12.2019 թվականի թիվ 68/Ա-13717-1432 գրությամբ հայտնվել է, որ 2019 թվականի նոյեմբերի 26-ին, մայրաքաղաքի, այդ թվում՝ Բուզանդի փողոցի արտաքին լուսավորության ցանցը, միացվել է ժամը՝ 17.50-ին և անջատվել է ժամը՝ 24.00-ին, համաձայն՝ գործող ռեժիմի:
Նշված գրությամբ միաժամանակ հայտնվել է, որ «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության դիսպետչերական ծառայության հերթապահ անձնակազմի կողմից վերը նշված հասցեի արտաքին լուսավորության ցանցում որևէ վթար և թերություն չի գրանցվել:
Վալենտինա Ադոնցը 2019 թվականին, ժամը՝ 12.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումների ընթացքում պնդել է, որ 2019 թվականի նոյեմբերի 26-ի, ժամը՝ 18.30-ի դրությամբ Փավստոս Բուզանդի փողոցում լուսավորությունը բացակայել է:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)՝ ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի՝ օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Քննարկվող պարագայում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության 19.12.2019 թվականի թիվ 16/Ա-13717 գրության համաձայն՝ Վալենտինա Ադոնցի կողմից մատնանշած վայրում փոս չի հայտնաբերվել, իսկ «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության 09.12.2019 թվականի թիվ 68/Ա-13717-1432 գրության համաձայն՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ին, մայրաքաղաքի, այդ թվում՝ Բուզանդի փողոցի արտաքին լուսավորության ցանցը, միացվել է ժամը՝ 17.50-ին և անջատվել է ժամը՝ 24.00-ին՝ համաձայն գործող ռեժիմի, իսկ արտաքին լուսավորության ցանցում որևէ վթար և թերություն չի գրանցվել:
Հաշվի առնելով, որ դիմումատուի կողմից չեն ներկայացվել՝ 7.000 ՀՀ դրամի չափով ծախսը Երևան համայնքի մեղքով կրելու, ինչպես նաև ռենտգեն հետազոտություն իրականացնելու անհրաժեշտությունը փոսն ընկնելու հետևանքով առաջանալու վերաբերյալ ապացույցներ, գտնում եմ, որ դիմումատուի պահանջը բավարարելու հիմքեր առկա չեն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, «Վարչարարության հիմունքնրի և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Վալենտինա Ադոնցի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ Ա-13717 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ