Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

266-Ա 01.02.2020թ.

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Արարատ Պետրոսյանի 2019 թվականի դեկտեմբերի 17–ի թիվ Պ-4540 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2020 թվականի հունվարի 13-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել է Արարատ Պետրոսյանը:
Ուսումնասիրելով Արարատ Պետրոսյանի 2019 թվականի դեկտեմբերի 17–ի թիվ Պ-4540 դիմումը, գնահատելով դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը պարզել է հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ Պ-4540 դիմումի համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 7-ին Թբիլիսյան խճուղով դեպի Սարկավագի փողոց ընթանալիս Արարատ Պետրոսյանին պատկանող ավտոմեքենան ընկել է փոսը, որի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, ինչով պայմանավորված Արարատ Պետրոսյանը խնդրել է փոխհատուցել պաճառված վնասը:
2019 թվականի սեպտեմբերի 4-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ PB445365 վկայականի համաձայն՝ «MERCEDES-BENZ» մակնիշի, 05UU515 հաշվառման համարանիշով ավտոմեքենան հանդիսանում է Արարատ Պետրոսյանի սեփականությունը:
Լսումների ընթացքում Արարատ Պետրոսյանը հայտնել է, որ դեպքը տեղի ունենալու պահին մեքենան վարել է 50-60կմ/ժ արագությամբ և լուսավորություն չի եղել, ինչի պատճառով հնարավորություն չի ունեցել կանխել տեղի ունեցած պատահարը:
Լսումների ընթացքում Արարատ Պետրոսյանը նաև հայտարարել է, որ ավտոմեքենային պատճառված վնասը կազմում է 130.000 /հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
ՀՀ ոստիկանության 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ կարճվել է թիվ 31118 նյութերով վարչական վարույթը՝ Արարատ Պետրոսյանի գործողություններում վարչական իրավախախատման կազմի բացակայության պատճառաբանությամբ:
ՀՀ ոստիկանության 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ արձանագրվել է, որ դեպքը տեղի ունենալու պահին եղանակը եղել է պարզ, ճանապարհածածկույթը խոնավ, հարթ և ասֆալտապատ, հաշվի առնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարը առաջացել է ճանապարհածածկույթին առկա փոսն ընկնելու հետևանքով, որն էլ ավտովարորդ Արարատ Պետրոսյանը չէր կարող հայտնաբերել, ուստի վերջինիս գործողություններում բացակայում է վարչական իրավախախտման կազմը:
Դիմումատուի կողմից չեն ներկայացվել 2019 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած պատահարը վարորդի կողմից կանխելու անհնարինությունը հիմնավորող, ինչպես նաև պատահարի հետևանքով ավտոմեքենայի ստացած վնասվածքների և պատահարի միջև պատճառահետևանքային կապը, ինչպես նաև վնասի չափը հիմնավորող ապացույցներ:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» հ.955-Ն որոշման հ.1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ կետով սահմանված է, որ «վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը»: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ «երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դիմումատուի կողմից չեն ներկայացվել բավարար ապացույցներ ավտոմեքենան փոսն ընկնելու և ավտոմեքենայի վնասվածքների միջև պատճառահետևանքային կապի, վնասի չափի վերաբերյալ ապացույց, ինչպես նաև ՀՀ ոստիկանության 2019 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ չի հիմնավորվում և չի պատճառաբանվում, թե ստույգ ինչ փաստական հանգամանքներով պայմանավորված Արարատ Պետրոսյանը չէր կարող նկատել փոսը, հետևաբար չէր կարող ձեռնարկել բավարար միջոցներ պատահարը կանխելու համար և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի հ.955-Ն որոշման հ.1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ և 67-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին` Արարատ Պետրոսյանի 2019 թվականի դեկտեմբերի 17–ի թիվ Պ-4540 դիմումը մերժել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ