Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

267-Ա 01.02.2020թ.

  

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Արմեն Ստեփանյանի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ Ս-10103 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2019 թվականի դեկտեմբերի 20-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցել է Արմեն Ստեփանյանը, որի ընթացքում ներկայացրել է «Ջիէնջիքեյ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված թիվ 53657892 վճարման անդորրագիրը:
Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ Ս10866 դիմումով Արմեն Ստեփանյանի կողմից հստակեցվել է պատճառված վնասի գումարի չափը և դիմումին կից ներկայացվել է վնասված ավտոմեքենան պատկերող լուսանկարներ և տեսանկարահանում պատկերող էլեկտրոնային կրիչ:
Ուսումնասիրելով Արմեն Ստեփանյանի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի Ս-10103 դիմումը, գնահատելով դիմումին կից ներկայացված և գործում առկա ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը պարզել է հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Արմեն Ստեփանյանը Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ Ս-10103 դիմումով հայտնել է, որ 2019 թվականի նոյեմբերի 30-ին ժամը՝ 21:00-ի սահմաններում իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի 35FV833 պետհամարանիշի ավտոմեքենայով երթևեկելիս Մարգարյան փողոցում ընկել է փոսը, որի հետևանքով վնասվել են ավտոմեքենայի անվադողերը, ավտոպիլոտը և խախտվել է անվաբացվածքը, ինչով պայմանավորված Արմեն Ստեփանյանը խնդրել է փոխհատուցել ավտոմեքանային պատճառված վնասը:
Արմեն Ստեփանյանը Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ Ս10866 դիմումով պատճառված վնասի չափը հստակեցրել է և նշել է 135.000 ՀՀ դրամ:
Ըստ տրանսպորտային միջոցի հաշվառման KB161446 վկայագրի՝ «Մերսեդես-Բենց» մակնիշի 35FV833 պետհամարանիշի ավտոմեքենան պատկանում է Արմեն Զավենի Ստեփանյանին:
Դիմումատուի կողմից չեն ներկայացվել ապացույցներ առ այն, որ ավտոմեքենայի վնասվածքներն առաջացել են փոսն ընկնելու հետևանքով, ինչպես նաև չեն ներկայացվել վնասի չափը հիմնավորող ապացույցներ:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ դիմումատուի կողմից չեն ներկայացվել ավտոմեքենայի վնասվածքներն առաջանալու պատճառների մասին, ինչպես նաև վնասի չափը որոշող (հաշվարկ) ապացույցներ, ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով, 1063-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ՝
1. Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին՝ Արմեն Ստեփանյանի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ Ս10103 դիմումը մերժել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ