Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2756-Ա 03.08.2018թ.
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ N01/18-Հ-2539-382 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Աբովյան փողոցի հ.32 շենքի հ.17 բնակարան հասցեում մուտքի կազմակերպման և բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման համար Երևանի քաղաքապեի կողմից 2018 թվականի փետրվարի 23-ին կառուցապատող Սուսաննա Գալստյանին տրվել է N01/18-07/1-Գ-732-112 ճարտարապետահատակագծային առաջադրանք, որի հիման վրա 2018 թվականի մայիսի 3-ին համաձայնեցվել է N01/18-05/1-Հ-2539-323 ճարտարապետաշինարարական նախագիծ և 2018 թվականի մայիսի 3-ին տրվել N01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվություն:
Աբովյան փողոցի հ.32 շենքի բնակիչների կողմից 2018 թվականի հուլիսի 30-ին գրավոր բողոք է ներկայացվել ՀՀ վարչապետին (մուտքագրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ 01.08.2018թ. հ.Կ-2410 թվագրմամբ, բանալի՝ 1372470), որով վերջիններս` որպես վերը նշված հասցեի հուշարձան շենքի համասեփականատարեր, իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնել Աբովյան փողոցի հ.32 շենքի հ.17 բնակարան հասցեում նախատեսվող շինարարական աշխատանքների առնչությամբ և պահանջել են կասեցնել իրականացվող շինարարական աշխատանքները:
Հիմք ընդունելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը՝ Աբովյան փողոցի հ.32 շենքի բնակիչների բողոքի հիման վրա, Երևանի քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կատարված փաստաթղթային ուսումնասիրությունների արդյունքում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից՝ 02.08.2018 թվականի 18-12/1-Կ-2410 գրությամբ տրված մասնագիտական եզրակացությամբ հիմնավորվել է այն փաստական հանգամանքը, որ մինչև հ.01/18-05/1-Հ-2539-323 նախագծի համաձայնեցումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի 6-րդ և 59-րդ կետերի պահանջներն, այն նախապես համաձայնեցվել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձաանների պահպանության գործակալության հետ: Սակայն նշված պետական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ և 26-րդ կետերի պահանջներին համապատասխան հարցում չի կատարել պետական կառավարման տարածքային մարմին (այս դեպքում՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն) և չի ստացել հ.01/18-05/1-Հ-2539-323 նախագծով նախատեսված, Աբովյան փողոցի հ.32 հասցեում գտնվող, հուշարձան շենքի փոփոխության վերաբերյալ դրական եզրակացություն, որի դեպքում՝ հ.01/18-05/1-Հ-2539-323 նախագծի վերջնական համաձայնեցման համար լիազոր մարմինը պետք է ապահովեր նաև պետական կառավարման տարածքային մարմնի դրական եզրակացությունը և/կամ համապատասխան որոշումը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում ի հայտ եկած փաստական հանգամանքները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերհսկողության վարչության պետի 02.08.2018 թվականի հ.19/17445 գրությամբ (որը փոսատային ծառայության պատվիրված նամակով 02.08.2018 թվականին առաքվել է Սուսաննա
Գալստյանին իր բնակության հասցեով, նամակի կոդ՝ RG009944254AM) առաջարկվել է ժամանակավորապես կասեցնել հիշյալ հասցեում կառուցապատման աշխատանքները՝ մինչև հարցի վերջնական լուծումը:
Սույն վարչական վարույթի շրջանակներում՝ 02.08.2018 թվականին Աբովյան փողոցի հ.32 շենքի հ.17 հասցե կատարված այցելության ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները պարզել են, որ կառուցապատող Սուսաննա Գալստյանի կողմից՝ վերոհիշյալ ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված հատվածում, մուտքի կազմակերպման նպատակով արդեն իսկ իրականացվել են բնակարանի արտաքին պատի որոշակի հատվածի քանդման աշխատանքներ, սակայն այդ աշխատանքները դեռևս չեն ավարտվել ու փաստացի չեն շարունակվում: 2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են անձի դիմումը, բողոքը:
Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման:
Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի և 2-րդ մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
<<Քաղաքաշինության մասին>> օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N1616-Ն որոշման N1 հավելվածով հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույքի անշարժ հուշարձանների պետական ցուցակում Աբովյան փողոցի հ.32 հասցեի շենքն ընդգրկված է՝ որպես տեղական նշանակության հուշարրձան շենք:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի 59-րդ կետի համաձայն՝ պետական ցուցակներում ներառված պատմության և մշակույթի հուշարձան (այսուհետ` պատմամշակութային հուշարձան) հանդիսացող կառույցների նկատմամբ կամ պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտիներում քաղաքաշինական գործունեություն նախատեսող դեպքերում իրավասու մարմինը հայտն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հարցում է ներկայացնում մշակույթի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ու օգտագործման բնագավառների լիազորված մարմին (այսուհետ` պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2338-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ հուշարձանը տեղափոխվում և փոփոխվում է լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա: Հուշարձանի տեղափոխման և հանրապետական նշանակության հուշարձանի փոփոխման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանի փոփոխման աշխատանքները` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ: ՀՀ կառավարության նշված որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի համաձայն՝ տեղական նշանակության հուշարձանի փոփոխման դեպքում լիազոր մարմինը եզրակացությունը և փաստաթղթերը տրամադրում է պետական կառավարման համապատասխան տարածքային մարմնին: Պետական կառավարման տարածքային մարմինը, եզրակացությունը և փաստաթղթերը համաձայնեցնելով շահագրգիռ գերատեսչությունների հետ, ստացված կարծիքների հիման վրա` օրենքով սահմանված կարգով և ժամկետում ընդունում է հուշարձանի փոփոխման թույլտվություն տալու կամ այն մերժելու մասին որոշում:
Վերոգրյալ իրավական և փաստական հանգամանքներից ելնելով, ինչպես նաև ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> և <<բ>> կետերով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1.Անվավեր ճանաչել Աբովյան փողոցի հ.32 շենքի հ.17 բնակարան հասցեում մուտքի կազմակերպման և բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման համար 2018 թվականի մայիսի 3-ին տրված N01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվությունը:
2.Առաջարկել կառուցապատող Սուսաննա Գալստյանին՝ 5-օրյա ժամկետում, ամբողջությամբ պահպանելով հուշարձան շենքի նախկին տեսքը, վերականգնել Աբովյան փողոցի հ.32 շենքի հ.17 բնակարան հասցեում՝ 03.05.2018 թվականին տրված N01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվության հիման վրա, քանդված արտաքին պատի հատվածը:
3.Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում կառուցապատող Սուսաննա Գալստյանի կողմից նույն կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ, վերականգնել Աբովյան փողոցի հ.32 շենքի հ.17 բնակարան հասցեում՝ 03.05.2018 թվականին տրված N01/18-Հ-2539-382 շինարարության թույլտվության հիման վրա, քանդված արտաքին պատի հատվածը:
4.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 3-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։
6.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
7.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Կ.ԱՐԵՅԱՆ