Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

   2829-Ա  14.08.2018թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ  ՄԵՐԺԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
    


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Արամ Ադամյանի 2018 թվականի հուլիսի 12–ի թիվ
Ա-5271 վարչական բողոքի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական բողոքի քննության վարույթ:
2018 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել են Արամ Ադամյանը և «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էդվարդ Վանյանը, իսկ վարույթի լսումներին ներկայացել և մասնակցել են Արամ Ադամյանը, Արամ Ադամյանի ներկայացուցիչ՝ Արմեն Օհանյանը, «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էդվարդ Վանյանը:
Ուսումնասիրելով Արամ Ադամյանի 2018 թվականի հուլիսի 12–ի թիվ Ա-5271 վարչական բողոքը,  գնահատելով բողոքին կից և վարույթի լսումների ժամանակ ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետին ուղղված 2018 թվականի մայիսի 10–ի հ.18/32971  դիմումով «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էդվարդ Վանյանը, հիմք ընդունելով թիվ ԵԱՔԴ/0849/02/09 և թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը, դրանցով հաստատված փաստական հանգամանքները, խնդրել է չեղարկել /վերացնել/ Երևան քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի հ.1355-Ա որոշումը:
Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Դիմումը բավարարելու մասին» հ.2173-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.1355-Ա որոշումը ճանաչվել է անվավեր:
Երևանի քաղաքապետին ուղղված 2018 թվականի հուլիսի 12–ի թիվ Ա-5271 վարչական բողոքով  Արամ Ադամյանը խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 11-ի հ.2173-Ա որոշումը:
Արամ Ադամյանը բողոքի հիմքում դրել է այն հանգամանքները, որ «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության գործարանի պարիսպը կառուցված է Շահսուվարյան փողոցի հ.3, հ.5, հ.7 և հ.9 շենքերի կառուցման և սպասարկման համար հատկացված տարածքում և խախտում է շենքերի բնակիչների իրավունքները, նշվել է, որ ըստ թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործով նշանակված կրկնակի շինարարատեխնիկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ փորձագիտական եզրակացության՝ Շահսուվարյան փողոցի բնակելի շենքերից «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության տարածքի սահմանի հեռավորությունը խախտվել է վերջինիս կողմից, ինչպես նաև հայտնվել է, որ որոշում կայացնելիս վարչական մարմինը ցուցաբերել է անհավասար մոտեցում, ինչը Արամ Ադամյանի ներկայացուցիչը հիմնավորեց այն հանգամանքով, որ նույնական փաստական իրավիճակում գտնվում են տասնյակ ավտոտնակներ, որոնցից վեցի սեփականության վկայականները ներկայացվել են բողոքին կից, սակայն բացասական հետևանքներ առաջացել են բացառապես Արամ Ադամյանի հետ կապված և մյուս դեպքերում ավտոտնակների առկայությունը, փաստորեն, Երևանի քաղաքապետարանը գնահատել է իրավաչափ:
Բողոքի քննության վարչական լսումների ընթացքում Արամ Ադամյանի ներկայացուցիչն, ի լրումն 2018 թվականի հուլիսի 12–ի թիվ Ա-5271 վարչական բողոքում նշված փաստական և իրավական հիմքերի՝ հայտնեց, որ վարչական մարմնի կողմից Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի հ.1355-Ա որոշման վերանայման վարույթը չի իրականացվել բազմակողմանի և օբյեկտիվ, քանի որ բողոքարկվող որոշմամբ վերլուծվել և հանվել են նախկինում կայացված դատական ակտերից այն հատվածները, որոնք բարենպաստ չեն Արամ Ադամյանի համար, իսկ այն հատվածները, որոնք դրական փաստեր են հաստատում Արամ Ադամյանի ավտոտնակի սեփականաշնորհման գործում, դրանց անդրադարձ չի կատարվել:
Բողոքի քննության վարչական լսումների ընթացքում Արամ Ադամյանի կողմից ներկայացվեց Շահսուվարյան փողոցի հ.3, հ.5, հ.7 և հ.9 շենքերի թվով 28 բնակիչների կողմից 2018 թվականի օգոստոսի 9-ին տրված՝ նոտարական վավերացման չենթարկված հայտարարությունը, ըստ որի՝ Արամ Ադամյանի կողմից կառուցված, ինչպես նաև Շահսուվարյան փողոցի թիվ 5 շենքին կից ավտոտնակները գոյություն ունեն 1960-70-ական թվականներից և այդ ավտոտնակները կառուցվել են 1950-ական թվականներին բազմաբնակարան շենքերին, դեռևս 1950-ական թվականներին, հատկացված շենքերի սպասարկման տարածքների վրա:
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2017 թվականի հոկտեմբերի 19-ին տրված հ.41181707 եզրակացության համաձայն՝ նախաձեռնողի կողմից առաջադրված՝ «3 ավտոտնակների կառուցմամբ կամ վերակառուցմամբ խախտվել են արդյոք քաղաքաշինական նորմերը և դրանց առկայությունը խախտում է արդյոք սեփականատիրոջ իրավունքները» հարցին պատասխանվել է, որ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Շահսուվարյան փողոցի թիվ 5-րդ և 7-րդ շենքերին հարակից շինության /որը տարանջատված է թվով 3 ավտոտնակների/ տեղակայումով չեն պահպանվել ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմի կետերով սահմանված պահանջները:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի
2-րդ մասի համաձայն՝ վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաչափ է այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշման 2-րդ կետի՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ. որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Շահսուվարյան փողոցի հ.3, հ.5, հ.7 և հ.9 շենքերի թվով 28 բնակիչների կողմից 2018 թվականի օգոստոսի 9-ին տրված՝ նոտարական վավերացման չենթարկված հայտարարությունը չի հանդիսանում այն ապացույցը, որով կարող է ապացուցված համարվել այն հանգամանքը, որ Արամ Ադամյանի կողմից կառուցված ավտոտնակը կառուցված է եղել նշված շենքերի սպասարկման համար հատկացված հողամասում, քանի որ դրանում բացակայում են համապատասխան իրավահաստատող փաստաթղթերի վերաբերյալ հիշատակումները, իսկ հակառակ նշված պնդման՝ բողոքարկվող վարչական ակտի հիմքում դրվել է նաև Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0849/02/09 քաղաքացիական գործով 2010 թվականի մարտի 24-ի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատված է համարվել, որ չի ապացուցվել այն փաստը, որ պատասխանողներ` Վոլոդյա Դավթյանի, Գագիկ Պետրոսյանի և Արամ Ադամյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակները` յուրաքանչյուրը 20,0քմ մակերեսով, կառուցվել են Շահսուվարյան փողոցի թիվ 3, 5, 7, 9 բնակելի շենքերի սպասարկման համար հատկացված հողամասում:
Արամ Ադամյանի կողմից բողոքի հիմքում նշված այն փաստարկն, ըստ որի՝ վարչական մարմնի կողմից ցուցաբերվել է տարբերակված և անհամաչափ մոտեցում, քանի որ տարածքում առկա մնացած ավտոտնակներին անդրադարձ չի կատարվել, անհիմն է, քանի որ Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 11-ի հ.2173-Ա որոշումը կայացվել է «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի քննության արդյունքում, իսկ վերջինս վերաբերել է Արամ Ադամյանի կողմից կառուցված և Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի հ.1355-Ա որոշմամբ օրինական ճանաչված ավտոտնակին:
Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 11-ի հ.2173-Ա որոշումը կայացվել է այն հիմնավորմամբ, որ Երևանի քաղաքապետի 2015 թվականի մայիսի 7-ի հ.1355-Ա որոշումը կայացված է եղել քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետի պահանջների խախտմամբ, ինչպես նաև հիմք է ընդունվել թիվ 63207116 քրեական գործով ստացված «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2017 թվականի հոկտեմբերի 19-ին տրված հ.41181707 եզրակացությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Արամ Ադամյանի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ Ա-5271 վարչական բողոքը մերժել:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը,
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                             
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                        Կ.ԱՐԵՅԱՆ