Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2895-Ա 14.09.2020թ
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 101-104-րդ կետերով.
1. Կենտրոնացված կարգով գնումների գործընթացի կազմակերպման գնումների համակարգող ստորաբաժանում սահմանել՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությունը:
2. Սահմանել՝
1) Երևանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերությունների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ) 2021 թվականի կարիքների համար, վառելիքի ձեռքբերման մասով 2021 թվականի 1-ին կիսամյակի համար, կենտրոնացված կարգով իրականացվող գնումների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի.
2) կենտրոնացված կարգով իրականացվող գնումների գնման հայտի ձևաչափը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հանձնարարել Կազմակերպությունների տնօրեններին` սույն որոշման հավելված 1-ում նշված գնումների շրջանակներում կազմել և մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված գնման հայտերը՝ համաձայն հավելված 2-ով սահմանված ձևաչափի (նաև էլ. տարբերակով՝ gnumner@yerevan.am հասցեով)։
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալին, Երևանի քաղաքապետի տեղակալներին և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ իրենց կողմից համակարգվող Կազմակերպությունների մասով, ինչպես նաև «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի, «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի տնօրեններին սահմանել հսկողություն սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայտերի ներկայացման նկատմամբ՝ ապահովելով դրանց միասնականությունը:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետին՝
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայտերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ուսումնասիրել դրանց համապատասխանությունը գնումների մասին օրենսդրությանը, անհրաժեշտության դեպքում ապահովել ճշգրտումը և դրանց հիման վրա մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը կազմել և հրապարակել կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանը.
2) մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ապահովել կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի կազմակերպումը, սահմանված կարգով պայմանագրերի կնքումը և դրանց տրամադրումը Կազմակերպություններին։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետի տեղակալների և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների վրա։
7. Սույն որոշման կատարման հսկողությունը իրականացնում է Երևանի քաղաքապետը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ