Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2923-Ա 14.08.2019թ.

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ 

ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անդրե Հարությունյանսի լիազորված անձ Դրո Բազիկի դիմումը՝ Արծրունու փողոցի հ.78 հասցեում, Անդրե Հարությունյանսին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15112018-01-0238 վկայական) հողամասին կից` բնակելի տան սպասարկման, տարածքի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 42.0քմ (ծածկագիր՝ 01-003-112-051), որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա: ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներին համապատասխան օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից:
Քննարկվող՝ 42.0քմ մակերեսով հողամասը ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, համապատասխանում է նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 4-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.06.2019թ. հ.18-06/696 եզրակացությունը.

 

1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Արծրունու փողոցի հ.78 հասցեին կից հողամասի մակերեսը կազմում է 42.0քմ:
2. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են սահմանաած կարգով հաստատված հատակագծով:
3. Արծրունու փողոցի հ.78 հասցեին կից՝ 42.0քմ մակերեսով հողամասին տրամադրել <<Արծրունու փողոց, հ.78/1>> հասցեն:
4. Արծրունու փողոցի հ.78 հասցեին կից հողամասի նկատմամբ, Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո, 42.0քմ մակերեսով հողամասն, ուղղակի վաճառքի միջոցով, կառուցապատման նպատակով օտարել (վաճառել) Անդրե Հարությունյանսին` տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 691 992 (վեց հարյուր իննսունմեկ հազար ինը հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
5. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արծրունու փողոցի հ.78 հասցեին կից գտնվող 42.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
6.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հիման վրա տրամադրված՝ անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ստորաբաժանմանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ծանուցել հողամասը ձեռք բերողին՝ ծանուցումը ստանալու պահից հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում վճարելու պարտավորության մասին:
7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
8. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` հողամասի կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, Անդրե Հարությունյանսի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
9. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում, համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ