Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3106-Ա  24.09.2018թ.

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.12/4 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՐԵ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Քաղաքացի Վալյա Սարգսյանի կողմից 12.07.2018թ. ՀՀ ԱԱԾ-ի տնօրենին հասցեագրված 12.07.2018թ. հ.КОЛЛ-32 դիմումի հիման վրա (որը 14.08.2018թ. հ.27/6-751 գրությամբ առաքվել է Երևանի Քաղաքապետարան) կատարված տեղատեսության և փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի, Կուրղինյան փողոցի հ.12/4 հասցեի (որը փաստացի տնօրինվում և օգտգործվում է՝ Կուրղինյան փողոցի հ.7 շենքի հ.34 բնակարանի բնակիչ, Վարդան Կարապետյանի կողմից) հարևանությամբ քաղաքացի Վարդան Կարապետյանի կողմից առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման զբաղեցվել և ապօրինի օգտագործվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս, որում առկա է նաև մոտ 30 քմ ընդհանուր մակերես ունեցող ինքնակամ քարե շինություն (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որը սահմանափակում է՝ դեպի քաղաքացի Վալյա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Կուրղինյան փողոցի հ.2/1ա և հ.10/3 հասցեների հողամասերի (վկայկան 16.05.2011թ. հ.2772686), մուտքի մոտեցմանը և խախտում վերջինիս օրինական իրավունքները։
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքը՝ և <<Վարչարարության հիմունքնրի և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի պահանջները,  Երևանի քաղաքապետարանում հարուցվել է համապատասխան վարչական վարույթ՝ Կուրղինյան փողոցի հ.12/4 հասցեին կից գտնվող հողամասում քաղաքացի Վարդան Կարապետյանի կողմից՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու և այդ հողամասում կառուցված ինքնակամ կառույցը քանդելու համար։
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.   
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.           
Վերոնշյալ վարույթի շրջանակներում  Կուրղինյան փողոցի հ.2/1ա և հ.10/3 հասցեների հողամասերի տանող ճանապարհն ապօրինի տիրապետումից ազատելու փաստի կապակցությամբ, 29.08.2018 թվականին Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորբժնումների կողմից կազմակերպվել է համապատասխան տեղատեսություն, որին մասնակցեցել են նաև Կուրղինյան փողոցի հ.2/1ա հասցեի սեփականատեր՝ Վալյա Սարգսյանը, Կուրղինյան փողոցի հ.10/3 հասցեի սեփականատեր՝ Ռոզա Նիկողոսյանը և Կուրղինյան փողոցի հ.12/4 հասցեին կից հողամասի փաստացի օգտագործող՝ Վարդան Կարապետյանը:
Կազմակերպված տեղատեսության ընթացքում պարզվել է, որ Կուրղինյան փողոցի հ.12/4 հասցեին կից հողատարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն  և փաստացի տնօրինում ու օգտագործում է քաղաքացի Վարդան Կարապետյանը, որում առկա է նաև մոտ 30 քմ մակերես ունեցող ինքնակամ քարե շինություն:
Կազմակերպված տեղատեսության և փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ սույն վարչական վարույթի շրջանակներում քննարկվող՝ և քաղաքացի Վարդան Կարապետյանի կողմից՝ Կուրղինյան փողոցի հ.12/4 հասցեին կից օգտագործվող հողամասն ու դրանում առկա ինքնակամ կառույցն ամբողջությամբ ներառված են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի կողմից 2018 թվականին հաստատված հատակագծով ուրվագծված այն հողատարածքի սահմաններում, որն առանձնացվել ու հատակագծվել է՝ ապահովելու համար Կուրղինյան փողոցի հ.2/1ա և հ.10/3 հասցեների հողամասերի մոտեցման ճանապարհին, ուստի հիմնավորվում է այն փաստական հանգամանքը, որ առկա ինքնակամ կառույցը փաստացի արգելք է ստեղծվում նախատեսվող ճանապարհի բացման ու այն շահգործման հանձնելու համար:
Կատարած տեղատեսության արդյունքում ձեռք բերված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 31.08.2018թ. հ.19/Ծ-134 գրավոր ծնուցագրով /ստացման վերաբերյալ առկա է haypost.am կայքում տեղադրված տեղեկատվությունը (կոդ RG008850459AM)/ առաջարկվել է քաղաքացի Վ.Կարապետյանին՝ ապօրինի տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և քանդել այդ հողմասում առկա ինքնակամ կառույցը, սակայն առաջարկվող ժամկետում որևէ  քայլ չի ձեռնարկվել՝ Կուրղինյան փողոցի հ.12/4 հասցեին կից, վերջինիս կողմից օգտագործվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն, ապօրինի տիրապետումից ազատելու ու այդ հողամասում առկա ինքնակամ կառույցը քանդելու ուղղությամբ:           
Քանի որ քաղաքացի Վարդան Կարապետյանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել ինքնակամ կառույցը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ, ուստի հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի  43-րդ հոդվածի   2-րդ մասի դրույթները, ինչպես նաև <<Վարչարարության հիմունքների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  48-րդ հոդվածի 1-ին մասի ու վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները քաղաքացի Վարդան Կարապետյանի նկատմամբ կազմվել է նաև համապատասխան արձանագրություն՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար:         
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը
 Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։ Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա են քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը
պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի և 60-րդ հոդվածի 6-րդ մասի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվծի 2-րդ կետի, ինչպես նաև <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1.Չօրինականացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Կուրղինյան փողոցի հ.12/4 հասցեին կից՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող համայքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը։
2.Առաջարկել քաղաքացի Վարդան Կարապետյանին, 7-օրյա ժամկետում քանդել սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառույցը և ապօրինի տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:
3.Նախազգուշացնել քաղաքացի Վարդան Կարապետյանին, որ սույն որոշման 2-րդ կետով առաջարկվող ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։
4.Հանձնարարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի, սույն որոշման 2-րդ կետով առաջարկվող ժամկետում քաղաքացի Վարդան Կարապետյանի կողմից՝ նույն կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառույցը և ապօրինի տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։  
5.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
6.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից։
7.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։
 

                                       
                                      ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                                      ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                    Կ.ԱՐԵՅԱՆ