Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3107-Ա  24.09.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ Հ.21 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ ԹՎՈՎ ԵՐԿՈՒ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Շիրազի փողոցի հ17/1 հասցեի հողամասի սեփականատեր` քաղաքացի Ռուբեն Շախմուրադյանի կողմից Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին հասցեագրված 14.08.2018թ. հ.Շ-744 դիմումի հիման վրա կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ Շիրազի փողոցի հ.21 հասցեին կից առկա է քաղաքացի Գրիգոր Սողոյանի (Շիրազի փողոցի հ.21) կողմից առանց համապատասխան թույլտվության կառուցված թվով երկու քարե ինքնակամ կառույցներ (այսուհետ Ինքնակամ Կառույցներ), որոնց շահագործումը խոչընդոտում է կառուցապատող Ռուբեն Շախմուրադյանին` Շիրազի փողոցի հ.17, հ.17/1 և հ.20/15 հասցեներում 25.05.2018թ. տրված հ.01/18-Շ-409-543 շինարարության թույլտվությամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության իրականացմանը և վերջինիս կարող է պատճառել վնաս: Նշված վարչական վարույթի շրջանակներում հիմնավորվել է Ինքնակամ կառույցների` Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված լինելու փաստը, որի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջների շրջանակում, քաղաքացի Գրիգոր Սողոյանի նկատմամբ, 31.08.2018 թվականին կազմվել է հ.028665 արձանագրությունը, որը նույն օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջների շրջանակում ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին՝ հիշյալ վարչական գործը քննելու նպատակով:  
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.   
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Կառուցապատող Ռ.Շախմուրադյանի վերոնշյալ դիմումի հիման վրահարուցված վարչական վարույթի շրջանակներում հրավիրված վարչական վարույթի լսումների ընթացքում հիմնավորվել է վերոնշյալ թվով երկու շինությունների` առանց համապատասխան շինարարության թույլտվության կառուցված լինելու և առանց համապատասխան հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասն ապօրինի ծանրաբեռնելու փաստերը, ուստի ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի դրույթներով, քաղաքացի Գրիգոր Սողոյանին առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ՝ ձեռնարկել քայլեր Ինքնակամ կառույցները քանդելու և դրանով ծանրաբեռնված հողամասն ազատելու ուղղությամբ, որի մասին վերջինիս առաքվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 21.08.2018թ. հ.Շ-744 գրությունը (որը քաղաքացի Գրգոր Սողոյանը ստացել է առձեռն 24.08.2018թ.) նշված ծանուցման հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում կազմված կից արձանագրությունը։
Ինքնակամ կառույցների հետագա տնօրինման վերաբերյալ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի կողմից 11.09.2018թ. հ.04/65219հ գրությամբ տրված մասնագիտական կարծիքի համաձայն` ՀՀ կառավարության ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին 18.05.2016թ. հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների շրջանակում, նշված անավարտ ինքնակամ կառույցները ենթակա չեն օրինականացման։
Լրացուցիչ կատարված տեղատեսության արդյունքում պարզվել է,  որ քաղաքացի Գրիգոր Սողոյանը վերը նկարագրված ապօրինությունները վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել:     
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։ Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա են քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի և 60-րդ հոդվածի 6-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Տեղեկան ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1.Չօրինականացնել Երևան քաղաքի, Արաբկիր վարչական շրջանի, Շիրազի փողոցի հ.21 հասցեին կից՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայքային սեփականություն հանդիսացող հողամասում առկա Ինքնակամ կառույցները ։
2.Առաջարկել քաղաքացի Գրիգոր Սողոյանին, 7-օրյա ժամկետում քանդել սույն որոշման 1-ին կետում նշված Ինքնակամ կառույցները և ապօրինի տիրապետումից ազատել՝ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը:
3.Նախազգուշացնել քաղաքացի Գրիգոր Սողոյանին, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։
4.Հանձնարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում քաղաքացի Գրիգոր Սողոյանի կողմից՝ նույն կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի հ.21 հասցեին կից, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում առկա թվով երկու շինությունները, տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։  
5.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
6.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից։
7.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։
     
                                                      
                                        ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                                        ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                    Կ.ԱՐԵՅԱՆ