Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.09.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3283-Ա  23.09.2017թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ԴԱՎԹԱՇԵՆԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ․Հ.2/1, 2/2 ԵՎ 2/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Տիգրան Ավդալյանին 30.12.2008 թվականին տրամադրվել է հ.50/1-Ա-4340-879 ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի, Դավթաշենի 4-րդ փողոցի հ․հ.2/1, 2/2 և 2/3 հասցեների հողամասերում բազմահարկ երկու բնակելի շենքերի կառուցման համար: Նշված առաջադրանքի հիման վրա, հիշյալ  հասցեների հողամասերի փաստացի սեփականատեր <<ԼԵՌԵՆՑ>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կառուցապատող) հայտի հիման վրա, 16.11.2010 թվականին համաձայնեցվել է հ.01/50-05/2-18087-727 ճարտարապետաշինարարական նախագիծը և 16.11.2010 թվականին տրվել՝ հ.01/50-18086-706 շինարարության թույլտվությունը: Շինարարության թույլտվությամբ նախատեսվել է շինարարական աշխատանքներն իրականացնել 84 ամսվա ընթացքում, սակայն նախատեսված շինարարական աշխատանքներն իրականացվել են մասնակի՝ մասնավորապես տարածքում իրականացվել է որոշակի հիմքային աշխատանքներ։
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 03.07.2017 թվականին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի, Դավթաշենի 4-րդ փողոցի հ․հ.2/1, 2/2 և 2/3 հասցեներում կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ նշված հասցեների հողատարածքներում՝ Կառուցապատողի կողմից բազմահարկ բնակելի երկու շենքերի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են մասնակի և ներկայումս շինարարական աշխատանքները չեն իրականացվել, ուստի <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 07.07.2017 թվականի հ.19/Ծ-61 գրությամբ (ծանուցագրով) <<ԼԵՌԵՆՑ>> ՍՊԸ-ին առաջարկվել է 7-օրյա ժամկետում շինարարական աշխատանքների իրականացման հստակ ժամանակացույց ներկայացնել Երևանի քաղաքապետարան, համաձայն որի վերոնշյալ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կվերսկսվեն ու կիրականացվեն հատկացված քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները:
Համաձայն փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագրի (AG003950755AM)՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 07.07.2017թ. հ.19/Ծ-61 գրությունը (ծանուցագիրը) Կառուցապատողը ստացել է, որի արդյունքում Կառուցապատողը 27.07.2017թ. գրավոր բացատրագրով (հ․17/46688) պարզաբանումներ է տվել այդ շինարարական աշխատանքները չիրականացնելու վերաբերյալ:
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի, Դավթաշենի 4-րդ փողոցի հ.հ․2/1, 2/2 և 2/3 հասցեների հողամասերում բազմահարկ երկու շենքերի կառուցման համար 16.11.2010 թվականին Կառուցապատողին տրված հ.01/50-18086-706 շինարարության թույլտվությամբ նախատեսված շինարարական աշխատանքները չեն իրականացվել:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավել է։
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>>, <<գ>> և <<ժ>> կետերի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են`
ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա (ճարտարապետաշինարարական նախագիծ՝ 16.11.2010թ. հ.01/50-05/2-18087-727, շինարարության թույլտվություն՝ 16.11.2010թ. հ.01/50-18086-706),
գ) քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ նույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան,
ժ) կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ)130-րդ կետի համաձայն՝ շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել իրավասու մարմին` կառուցապատման և տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ ստանալու, դրանց փոփոխման արդյունքում լրամշակված նախագծային փաստաթղթերը սահմանված կարգով համաձայնեցնելու (վերահաստատելու) և սույն կարգին համապատասխան նոր թույլտվություն ստանալու համար:
Կարգի 131-րդ կետի համաձայն՝ շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում, մինչև Կարգի 130-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կամ դիմում չներկայացվելու դեպքում, իրավասու մարմնի նախաձեռնությամբ, շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում՝ դրա մասին պատշաճ կարգով ծանուցելով կառուցապատողին:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով հիշյալ իրավական ու փաստական հիմնավորումներն ու ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ պարբերության դրույթներով՝  


Ո Ր Ո Շ Ե Ց Ի     
1.ՈՒժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի, Դավթաշենի 4-րդ փողոցի հ․հ.2/1, 2/2 և 2/3 հասցեների հողամասերում բազմահարկ երկու շենքերի կառուցման համար <<ԼԵՌԵՆՑ>> ՍՊԸ-ին 16.11.2010 թվականին տրված հ.01/50-18086-706 շինարարության թույլտվությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու  պատասխանա-տվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա։  
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
     



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ