Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4241-Ա 26.11.2021թ.
ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ ԲԱԶԱԼՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մարգարյանի դիմումը՝ ընդերքօգտագործման իրավունքի ուղղակի առուվաճառքի 18.12.2020թ. հ.11233 պայմանագրի հիման վրա, Սպանդարյանի բազալտի հանքավայում գտնվող հողամասի վարձակալության 25.11.2009թ. հ.8/6-ՊՓ պայմանագրում անվանափոխություն կատարելու և պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հ.ԼՎ-101 լեռնահատկացման ակտը /ըստ լեռնահատկացման ակտի հողամասի մակերեսը կազմում է 24.81 հա/, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 29.12.2020թ. հ.2074-Ա հրամանը և ընդերքօգտագործման իրավունքի ուղղակի առուվաճառքի 18.12.2020թ. հ.11233 պայմանագիրը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարության 23.06.2021թ. հ.21.1/15928-2021 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության քաղաքաշինության վարչության 10.11.2021թ. հ.18-06/2-132523 եզրակացությունը.
1.Լիազորել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր` Սպանդարյանի բազալտի հանքավայրի հասցեում գտնվող 25.11.2009թ. հ.8/6-ՊՓ վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունները.
1) պայմանագրում՝ « «Ընդերքաբեր» ՍՊԸ» բառերը փոխարինել « «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ» բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը:».
3) պայմանագրի 4.2. ենթակետից հանել «այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն`» բառերը.
4) պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.» բառերը.
5) պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու.» բառերը.
6) պայմանագրի 5-րդ կետը լրացնել նոր 5.11-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«5.11 Նախագծի և օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համաձայն վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը /ռեկուլտիվացիա/, ինչպես նաև դրանք պիտանի դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի:».
7) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«6.7. Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«6.8. Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝վարձատուի դիմումի հիման վրա:».
«6.9. Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www. azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
«6.10. Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www. azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».
8)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի 1-ին ենթակետի թ) պարբերության՝ կազմում է 7.801.110 /յոթ միլիոն ութ հարյուր մեկ հազար հարյուր տասը/ ՀՀ դրամ /18.81հա x 2888 x 1%/ x 1.5 գործակից, իսկ ժ) պարբերության՝ կազմում է 10.396.800 /տասը միլիոն երեք հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ /6.0հա x 2888 x 3%/ x 2 գործակից: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 2888 ՀՀ դրամ:».
9) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»:
2. Սպանդարյանի բազալտի հանքավայրի հասցեում գտնվող, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին տրամադրված հողամասին տալ «Սիլիկյան թաղամաս, 12-րդ փողոց, հ.84» հասցեն:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ