Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

999-Ա 9.04.2021թ.

 

«ԱՐԱԲԿԻՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով, հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի խնդրանքը, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 15.03.2021թ. տրված գնահատման հաշվետվությունը, Երևանի քաղաքապետի տեղակալի՝ 26.03.2021թ. հ.02/10-30192հ գրությամբ տրված դրական կարծիքը.
1.Թույլատրել «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող, Երևանի Փափազյան փողոցի հ.32 հասցեում գտնվող շենքի տարածքից (հ.06022013-01-1907 վկայական)՝ 22.55քմ մակերեսի համար «Հոմ Կլինիկ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, առանց տարածքի գնման նախապատվության իրավունքի, ընտանեկան բժշկության ծառայություն մատուցելու նպատակով, հետևյալ պայմաններով.
1) տարեկան վարձավճարի չափը սահմանել 720,000.0 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/.
2) վարձակալը սահմանված ամսական վարձավճարի չափով վճարում է մինչև պայմանագրի կնքման պահը՝ զբաղեցրած ողջ ժամանակաշրջանի համար.
3) վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
4) վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման.
5) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
2. Հանձնարարել «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին.
1) ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը.
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության ու անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.
3) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ.
4) ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործվել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ