«2026թ. բյուջեն մեր քաղաքի բարեկեցության և մարդկանց հարմարավետության մասին է». Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան
Երևանի ավագանին տարեվերջյան նիստում հաստատել է 2026թ. բյուջեն: Նախանշված ծրագրերի հիմքում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում արդեն իսկ նախաձեռնված բարեփոխումներն են, որոնք բարեկարգ ու հարմարավետ միջավայր են ապահովելու մարդկանց համար:
2026թ. Երևանում կյանքի կկոչվեն կարևոր մի շարք նախագծեր.
Կմեկնարկի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցումը, կհիմնանորոգվեն Կիևյան կամուրջն ու «Լամբադա» տրանսպորտային հանգույցը, ձեռք կբերվի ևս 45 նոր տրոլեյբուս, կշարունակվի տրոլեյբուսային պարկի դեպոյի ու վարչական շենքի հիմնանորոգումը. նախագիծն իրականացվում է կառուցումից 60 տարի անց առաջին անգամ, քաղաքի մաքրությունն ապահովելու համար ձեռք կբերվի 20 հատ ձեռքի փոշեկուլ և 12 ինքնաթափ բազմաֆունկցիոնալ մեքենա: Գալիք տարի կշարունակվի ոռոգման նոր համակարգի կառուցումը, կվերակառուցվեն 104 բակային տարածքներ՝ հարմարավետ խաղահրապարակներով ու ֆուտբոլի դաշտերով, նորերով կփոխարինվի ևս 200 վերելակ, համայնքային առողջապահական հաստատությունները կզինվեն նոր բուժսարքավորումներով, կբարեկարգվեն մի շարք հանգստի գոտիներ, կմեկնարկեն 13 մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման աշխատանքները, կբարեկարգվեն մանկապարտեզների բակային տարածքները, մանկապարտեզները կկահավորվեն տեսահսկման սարքերով, կհամալրվեն նոր գույքով, համայնքային երաժշտական ու արվեստի դպրոցները կհամալրվեն երաժշտական գործիքներով: Ծավալուն աշխատանքներ կիրականացվեն նաև ճանապարհների նորոգման, ենթակառուցվածքների արդիականացման ու մի շարք այլ ուղղություններով: Ըստ հատկացումների 2026թ. նախանշված ծրագրերը՝ հղմամբ.
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել են Երևանում տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ: Այս որոշմամբ խստացվում են արտոնությունների տրման չափանիշները այն կառուցապատողների նկատմամբ, որոնք խախտել են Երևանի ավագանու կողմից ընդունված շինհրապարակների կահավորման կանոնները, մասնավորապես՝ հատուկ ցանցերի տեղադրման մասով, և փոխարենը կխրախուսվեն այն կառուցապատողները, որոնք կահավորումը պատշաճ կերպով են իրականացրել: Մասնավորապես, շինթույլտվության երկարաձգման համար եթե 2025-2026թթ. ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկված չլինեն, կօգտվեն 85% արտոնությունից:
Տեղական տուրքերի և վճարների գծով 2026թ. սահմանված արտոնությունների մանրամասները՝ հղմամբ.
***
Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու նպատակով ավագանու որոշմամբ լրացուցիչ պայմաններ են սահմավել: 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար կառուցապատողները շինարարական հրապարակների տարածքում պարտավոր են ապահովել ջրցան թնդանոթների և/կամ ջրցան այլ սարքավորումների տեղադրումը, որը կապահովի առնվազն 40մ ցողման միջակայք: Դրանց կիրառմամբ տարածքում պետք է ապահովվի հողագրունտի՝ մինչև 1 սմ խորությամբ շերտում նվազագույնը 8 տոկոս հարաբերական խոնավություն: Կառուցապատողը պետք է կազմակերպի նաև ավազի, ցեմենտի, գաջի, խիճի, այլ սորուն նյութերի, հողային զանգվածների պահեստավորումը փակ տարաներով կամ փակ փաթեթավորմամբ, ինչպես նաև կազմակերպի դրանց տեղափոխումը փակ տարաներով կամ փակ փաթեթավորմամբ՝ փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված տրանսպորտային միջոցներով:
***
Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2026թ. փետրվարի 10-ին: