«Ակտիվ քաղաքացի» հարթակով քաղաքացիների կողմից մեզ տրված հանձնարարականները նույն են, ինչ-որ դուք ստանում եք քաղաքապետից». Տիգրան Ավինյան

01.12.2025

«Ակտիվ քաղաքացի» հարթակով երևանցիներն իրենց գնահատականն են տվել վարչական շրջանների, քաղաքային տարբեր կառույցների ու կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ հարթակի միջոցով տրված գնահատականներն ազդեցություն են ունենալու նաև վարչական շրջաններին հատկացվող ֆինանսական հոսքերի վրա: 
««Ակտիվ քաղաքացի» հարթակը շատ կարևոր է այն առումով, որ քաղաքացիների կողմից մեզ տրված հանձնարարականները նույն հանձնարարականն են, ինչ-որ դուք ստանում եք քաղաքապետից: Որքան քաղաքացիներն ավելի գոհ լինեն ձեր կատարած աշխատանքից ու որակից, մոտիվացիա է ստեղծվելու դրա համար»,- նշել է քաղաքապետը:  
***
Երևանում ավարտվել է թեքահարթակների կառուցման ծրագիրը: 12 վարչական շրջանների 286 հասցեներում կառուցվել է 551 թեքահարթակ: Կարևորելով ծրագրի իրագործումը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի շարք նկատառումներ է արել:
«Շատ կարևոր և մեծ աշխատանք է արվել և կարևոր էր, որ ամրագրվեց, որ ծրագիրը պետք է լինի համակարգային, այսինքն՝ ամբողջական լուծումներ են տրվել, բայց տեղ-տեղ թեքահարթակի տեսակները սխալ ենք ընտրել՝ ընտրելով մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակ, երբ պետք էր երեք կողմից մոտեցումներով։ Մեր քաղաքն ավելի ներառական և ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերին, մեր առաջնահերթությունների շարքում է շարունակում մնալ»,- ընդգծել է քաղաքապետը:  
***
Հասարակական տրանսպորտի բարեփոխմամբ նախատեսված էր նաև ուղևորների տեղեկատվական համակարգի ներդրում: Համակարգն արդեն իսկ ներդրված է: Համացանցային միջավայրում, տեղեկատվության տարածմանը զուգահեռ, ծրագրի ընդլայնման հետ միասին նախատեսված էր նաև հասարակական տրանսպորտի կանգառասրահներում էլեկտրոնային չվացուցակներ տեղադրելը. վեց կանգառասրահում փորձնական կարգով դա արդեն իսկ արված է, իսկ մինչև տարեվերջ ևս 30 կանգառասրահում այս ծառայությունը հասանելի կդառնա ուղևորներին:  
***
Հիմնանորոգված «Արաբկիր» առողջության կենտրոնում փոխարինվել են նաև առկա երկու հին վերելակները, որով էլ ծրագիրն ամփոփվել է: 
***
2025թ. ծրագրով Երևանում ավարտվել է շուրջ 400 վերելակների փոխարինման գործընթացը: Երկրորդ մրցութային ընթացակարգով կտեղադրվի ևս 104 վերելակ, որից 74 հասցեներում տեղադրման գործընթացն արդեն սկսված է:  
***
«Տարեցներին ուղղված սոցիալական  աջակցության ծառայություններ» ծրագրով օգոստոսի 19-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է 55 ներգնա շրջագայություն, որին մասնակցել է շուրջ 1100 տարեց՝ բոլոր 12 վարչական շրջաններից: Ընտրված ուղղություններն էին՝ Սևանավանք, Տաթև, Էջմիածին, Խոր Վիրապ-Նորավանք, Ստեփանավան-Դենդրոպարկ, Գառնի-Գեղարդ, Դիլիջան-Պարզ լիճ-Հաղարծին, Մուղնի-Սաղմոսավանք, Ծաղկեվանք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խմբի անձինք ակտիվորեն չեն մասնակցում միջոցառումների, շրջագայությունների, ուստի սոցիալական այսպիսի նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ապահովել տարեցների հանգիստն ու ժամանցը:

Լուսանկարներ