Արին-Բերդի փողոցը հիմնանորոգվում է
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով հիմնանորոգվում է Արին-Բերդի փողոցը: Աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող փողոցը չի ունեցել ենթակառուցվածքային նվազագույն ստանդարտներ:
Ծրագիրը ներառում է Արին-Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող 1.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածը:
Նախագծի շրջանակում հիմնանորոգվելու է կամրջային 2 կառուցվածք, ամբողջությամբ փոխարինվելու են ճանապարհածածկի ստորին կոմունիկացիաները՝ ջրամատակարարման, ոռոգման և հեղեղատար համակարգերը, վերատեղադրվելու են արտաքին գազատարները, արդիականացվելու է արտաքին լուսավորության ցանցը, բոլոր հաղորդալարերը ևս անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով: Բացի այդ, կառուցվելու են հենապատեր, տրանսպորտային միջոցների կայանման գրպաններ, մայթեր, թեքահարթակներ, սիզամարգեր և ծառերի բնաբաժակներ:
Աշխատանքների ընդհանուր արժեքը ավելի քան 948 մլն դրամ է։