Գումարվել է Երևանի ավագանու  7-րդ  նստաշրջանի 1-ին նիստը

08.09.2026

Երևանի ավագանու որոշմամբ «Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի. Սա, ըստ էության, տրամաբանական շարունակությունն է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման:
Նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է նաև Երևանի երթևեկության կառավարման նորաստեղծ կենտրոնի կողմից արդեն իրականացված ու նախատեսվող աշխատանքներին:  Նախաձեռնությունն այս միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ Երևանի երթևեկության կառավարման և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։ 
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ առաջնային աշխատանքն ուղղված է հենց այդպիսի տվյալների կենտրոնացմանը, և առաջին նախագիծը, որը սկիզբ է առել, Տվյալների միասնական պահոցի ստեղծումն է, որտեղ կուտակվում են քաղաքի թվային համակարգերից կուտակվող տվյալները, որոնք կարող են վերաբերել և վերաբերում են Երևան քաղաքի երթևեկությանը։ Դրանց շրջանակը և ընդգրկվածությունը շարունակաբար ավելանալու է. այդ նպատակով Երևանում տեսախցիկներ կտեղադրվեն, ինչի համար արդեն հայտարարված է համապատասխան մրցույթի 2-րդ փուլը։
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ տեսախցիկներով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ՝ օրվա տարբեր ժամերին, տարվա տարբեր ամիսներին։ Գրեթե ամբողջությամբ գույքագվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը, որը, ցավոք, էական արդիականացման կարիք ունի: Նախատեսվում է ստեղծել նոր լուսացուցային ենթակառուցվածք, մինչ այդ, գործող լուսացուցային համակարգը հնարավոր է կարգաբերել այնպես, որպեսզի էական փոփոխություններ քաղաքի բեռնվածության առումով նկատելի լինեն: 
«Եվս մեկ նախագիծ, որը դիտարկման փուլում է. քաղաքային մուտքերի մոտ համապատասխան ավտոկայանատեղիներ ստեղծումն է։ Երևանի հոսքը չի ձևավորվում բացառապես Երևանի բնակիչների և Երևանում բնակվող, գործունեություն ծավալող անձանց կողմից, այլ նաև հարակից բնակավայրերից, այլ մարզերից Երևան ամեն օր եկող մեր քաղաքացիներից։ Տրամաբանությունը, որի ուղղությամբ շարժվում է Երևանի իշխանությունն այս առումով այն է, որ պետք է հիմնական արագ տեղափոխման միջոցը լինի հանրային տրանսպորտը, որի արագ տեղափոխությունը ապահովելու համար հիմնական երկու ուղղություն է իրականացվում՝ ավտոբուսային առանձնացված լրացուցիչ գծերի առումով աշխատանքն է և լրացուցիչ շարժակազմի ձեռքբերումը»,-նշել է Սուրեն Գրիգորյանը։

***
Շենգավիթ վարչական շրջանի Գետառ գետի վրա (վերջնամասում) ու կից տարածքում կառուցված կեղտաջրերի նախնական կենսաբանական մաքրման կայանը սեփականության իրավունքով անհատույց օտարվեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին: Երևանում կառուցված այս կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվում. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում է նաև հոտի խնդիրը:

***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հոկտեմբերի 13-ին:

Լուսանկարներ