Ավարտին են մոտենում մայթերի սալիկապատման աշխատանքները

10.10.2016

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016թ. ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին են մոտենում մայթերի բետոնե սալիկների տեղադրման աշխատանքները: Ապրիլ ամսից մեկնարկած գործընթացն իրականացվում է մի քանի ուղղություններով. այն հատվածները, որտեղ տարիների ընթացքում առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկներն անվնաս են մնացել, դրանք վերատեղադրվում են: Զուգահեռաբար նորերով են փոխարինվում վնասված կամ կոտրված ու հետագա շահագործման համար ոչ պիտանի դարձած սալիկները: Մինչ օրս իրականացվել է նախատեսված ընդհանուր ծավալի 85 տոկոսը: Այսօրվա դրությամբ շուրջ 4000 քմ մակերեսով բետոնե նոր սալիկներ են տեղադրվել, որից ընդամենը 1300 քմ-ն է վերատեղադրվել`վերացնելով անհարթությունները: Ըստ անհրաժեշտության` նորոգվել են նաև սալիկապատվող հատվածների վնասված կամ տեղաշարժված եզրաքարերը: Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2016թ. աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի վերջին, սակայն ծրագիրն ամենայն հավանականությամբ նախատեսված ժամկետից շուտ կավարտվի:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ