«Ավելի քան 130 բարեկարգ բակային տարածք Երևանում՝ 2025թ. այս աշխատանքներն իրենց ծավալով աննախադեպ են». քաղաքապետ Տիգրան Ավինյան

17.11.2025

2025թ. Երևանում ընդհանուր առմամբ կբարեկարգվի ավելի քան 130 բակային տարածք: 2024թ. ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն հարմարավետ պայմաններ են ապահովվել ևս շուրջ 130 բակերում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են ընթացիկ տարվա աշխատանքները: 
«Տասնյակ այս բակերի վերակառուցումը, ֆուտբոլի դաշտերի կառուցումը իրականում մեր ծրագրերի ամենակարևոր բաղադրիչն են, որով մենք  վերակենդանացնում ենք մեր բակերում եղած միջավայրը, որոշ դեպքերում նաև զրոյից ձևավորում այդ միջավայրը: Այս ծրագրերով մենք երեխաների համար ստեղծում ենք հնարավորություն՝ ունենալու իրենց խաղահրապարակները, ֆուտբոլի դաշտերը, առհասարակ մարդկանց հանգստի համար կառուցում ենք հարմարավետ, բարեկարգ ու հասանելի հատվածներ: Այս աշխատանքներն իրենց ծավալով ու քանակով աննախադեպ են: 2022թ.-ից սկսած մոտավորապես մենք այս տեմպերով ենք իրականացրել աշխատանքները, սա նշանակում է, որ Երևանում հարյուրավոր բակեր են վերակառուցվում, և այս բակերը, վստահորեն, իրենց հետքը թողնելու են մեր բակային միջավայրի ու, հույս ունենք, որ թողնելու են նաև մեր ֆուտբոլային ապագայի վրա»,- նշել է քաղաքապետը:  
***
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը սույն թվականի հոկտեմբերի 31-ին քննարկվել է տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստում և ստացել է դրական եզրակացություն՝ որոշակի պայմանով, որի շուրջ իրավասու գերատեսչությունների հետ ներկայումս իրականացվում են աշխատանքային քննարկումներ՝ վերջնական համաձայնեցված փաթեթը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանի ՏԻՄ նոր օրենքով Երևանում 20-25 տարվա կուտակված հարցերին ու խնդիրներին, որոնց մշտապես բախվել է Երևանի քաղաքապետարանը, էականորեն լուծումներ կտրվեն:  
***
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղադրվել են 12 հատ թուջե ձուլվածքով 4 թև ուղեցույց ցուցանակներ, Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջաններում՝ 18 հատ 5 թև ուղեցույց ցուցանակներ: Կենտրոն վարչական շրջանում էլ տեղադրվել են 14 հատ թուջե ձուլվածքից՝ փողոցների անվանումների և շենքերի համարների ցուցանակներ: 
***
Նուբարաշենի աղբավայրում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ.  տարածքում առաձնացվել է շուրջ 5000 քառակուսի մետր հատված, որի վրա հարթակ է կառուցվել՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մեքենաների անխափան մուտքը և աղբի բեռնաթափումն անխափան իրականացնելու համար։ Իրականացվել են նաև արգելափակոցների տեղադրման աշխատանքներ. ներկայումս տարածքում մշտական վերահսկողություն է, և բացառվում է կողմնակի անձանց մուտքը տարածք։ «Երքաղլույս» ՓԲԸ կողմից կատարվել են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, տեղադրվել են 29 հենասյուներ՝ իրենց լուսատուներով, և տարածքը ներկայումս լուսավորված է։ Ընթանում են տարածքի տեսահսկման համակարգի տեղադրման աշխատանքներ։
***
Երևանի ենթակայության դպրոցներում խելացի սարքավորումների՝ հեռախոսների, ժամացույցների, պլանշետների սահմանափակման միասնական մոտեցման ներդրման ծրագրի շրջանակում 151 դպրոցներից 143-ում արդեն իսկ համապատասխան կարգավորումներ են ամրագրվել դպրոցի ներքին կարգապահական կանոններում, 8-ում մշակվել է փաստաթուղթը, որը կներկայացվի դպրոցների կառավարման խորհուրդների հաստատմանը առաջիկա նիստերի շրջանակում: 
    
    
 

Լուսանկարներ