«Այս երիտասարդ երաժիշտները Երևանի մշակութային ներկայությունն են աշխարհի բեմերում». քաղաքապետ Տիգրան Ավինյան

23.09.2025

Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին։ Երեկոյին ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
Նվագախումբը երևանյան մշակութային կյանքի առանցքային նախաձեռնություններից է, որը հիմնադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից և մշտապես վայելում է քաղաքի լիակատար աջակցությունը։
Նվագախմբի հիմնադրման և ձևավորման գործընթացում կարևորագույն դեր է ունեցել մաեստրո Էդուարդ Թոփչյանը։ Մեր օրերում նվագախումբը շարունակում է զարգանալ և միջազգային բեմերում ներկայացնել Երևանի մշակութային արժեքները։
Մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը մեծ հաջողությամբ ներկայացրել է Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնի ժամանակ։ Սեպտեմբերի 22-ին էլ շնորհալի երիտասարդ երաժիշտները հանդես եկան Թբիլիսիում:

Լուսանկարներ

Տեսնել ավելին