Այս շաբաթ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվել են
«Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում ընթացքում է հանգստի նոր գոտու շինարարությունը: Ծրագրի 2-րդ փուլով ավարտվել է ամֆիթատրոնի և բեմի բետոնացումը։ Ավարտվել է նաև ֆուտբոլի դաշտի կառուցումը, տնկվել է 1400 ծառ։ Անցկացվել է արտաքին լուսավորության համակարգ, զբոսայգուն կից կառուցվել է նաև ավտոկայանատեղի։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով ծրագրի իրագործումը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այն ամենահաջողված նախագծերից մեկն է։
«Քաղաքի այս հատվածը տարատեսակ առանձնացված հողակտորներից վերածվում է քաղաքային մեծ այգու և, կարծում եմ, սա դառնում է ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանի, այլև Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկը։ Այս տեսակի ծրագրերն են, որ փոխում են մեր քաղաքի կերպարը, քաղաքում կյանքի որակը»,- նշել է քաղաքապետը։
***
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարությունը շարունակվում է։ Բոլոր 6 մասնաշենքերում համընթաց կառուցվում են ներքին միջնորմները։ Հարդարվում են ստորգետնյա հարկերը։ Մեկնարկել են նաև շենքի արտաքին երեսպատման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները։
***
Աթենքի և Պիրեոսի համայնքների պետական բնապահպանական միության նախագահի հրավերով Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը հուլիսի 6-10-ը աշխատանքային այցով գտնվել է Հունաստանի մայրաքաղաքում։ Այցի ընթացքում քննարկվել են կենդանիների պաշտպանության և անտուն կենդանիների հիմնախնդիրները կարգավորելուն վերաբերող մի շարք խնդիրներ։ Ձեռք են բերվել փոխադարձ պայմանավորվածություններ. այդպիսի այցերն ու համագործակցությունը կլինեն շարունակական։
***
Երևանի էներգաարդյունավետության 2-րդ փուլի ծրագրով կվերակառուցվեն ու էներգարդյունավետության միջոցառումներ կիրականացվեն 32 մսուր-մանկապարտեզներում և 6 առողջության կենտրոններում։ Դրանցից մի քանիսի շինարարական գործընթացը շուտով կմեկնարկի, իսկ մնացածը դեռևս մրցութային փուլում են։
***
Շիրազի, Մազմանյան, Սիլիկյան փողոցների և Աշտարակի խճուղու հատման հատվածում նախատեսվում է կառուցել ճանապարհային հանգույց։ Այս ճանապարհահանգույցը կնպաստի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի տրանսպորտային հոսքերի սահուն կազմակերպմանը։
***
Երևանում շարունակվում է մանկապարտեզների հիմնանորոգումը: Նոր Նորք վարչական շրջանում գտնվող հ. 105 մանկապարտեզում, հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ, մեծացել են նաև խմբերը։ Կատարվել է արտաքին պատերի ջրամեկուսացում և ներքին հարդարում։ Տեղադրվել են լեդ լուսատուներ։ Շենքում կան հակահրդեհային, ջրամատակարարման և ջեռուցման համակարգեր: Բակային հատվածներում տեղադրվել են տաղավարներ, նոր խաղասարքեր և նստարաններ։
Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հ. 140 մանկապարտեզի հիմնանորոգումից հետո ևս մեծացել են խմբերը։ Կատարվել է արտաքին և ներքին հարդարում։ Ամբողջությամբ փոխարինվել է շենքի տանիքը։ Տանիքում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։ Կառուցվել է կաթսայատուն։ Մանկապարտեզի շենքում տեղադրվել են հակահրդեհային և տեսահսկման համակարգեր։
***
Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմանորոգումը մոտենում է ավարտին։ Մասնավորապես ավարտվել են մայթերի ապամոնտաժումը և բազալտե եզրաքարերի տեղադրման համար նախատեսված խրամուղիների քանդումը։ Ընթացքում է նաև կամրջային կառուցվածքների ապամոնտաժումը։
***
Նուբարաշենի 9-րդ փողոցի վերջնամասի փլուզված ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքում արդեն կատարվել են հողային աշխատանքներ։ Կառուցվել է 105 մ երկարությամբ և 11 մ բարձրությամբ հենապատ։ Ավարտական փուլում է ճանապարհածածկի հիմքի նախապատրաստումը, որին կհաջորդի ասֆալտապատումը։
***
Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու և Տիգրան Պետրոսյան փողոցի շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկը հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհին միացնող ճանապարհահատվածում փոխարինվել են մայթերի եզրաքարերն ու դիտահորերը, տեղադրվել են բազալտե սալիկներ։ Ընթացքում են մայթերում դիտահորերի նիշերի բարձրացման միջոցառումները։
Լուսանկարներ