Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

21.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի անվան պուրակը կբարեկարգվի: Նախագծի մրցույթը կայացել է. աշխատանքներն ավարտական փուլում են:  
***
Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկն Արին Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը կհիմնանորոգվի: Նախագծանախահաշվային փաթեթ կազմելու գործընթացը  մեկնարկել է: Ծանրաբեռնված երթևեկությամբ ճանապարհահատվածն անմխիթար վիճակում է:  
***
Երևանում կառուցվում են նոր թեքահարթակներ: 111 հասցեներում արդեն իսկ կառուցվել է շուրջ 200 թեքահարթակ: Հասցեները գրանցվում են նաև  քաղաքացիների կողմից «Ակտիվ քաղաքացի» հարթակով ստացված դիմումների հիման վրա: 
***
Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում կկառուցվի էստակադա: Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային  պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժը: Նախագծային փուլն ավարտված է, ստացվել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Ընթացքում են ֆինանսավորման համար հանրային ներդրումային ծրագրի մշակումն ու մի շարք այլ գործընթացներ:

Լուսանկարներ