Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր
Երևանի քաղաքապետարանը գործարկում է «Yes Parking» բջջային հավելվածը: Այն, ի հավելումն Երևանում առկա ավտոկայանատեղիների վճարման համար sms հաղորդագրության տարբերակի, հնարավորություն կտա վճարումը կատարել ոչ թե հեռախոսահամարի հաշվեկշիռը լիցքավորելով, այլ բջջային հավելվածին կցել բանկային քարտն ու կատարել վճարում: Այս հավելվածով հնարավոր կլինի նաև անհրաժեշտության դեպքում երկարացնել կայանման ժամանակահատվածը՝ ակտիվացնելով ավտոմատ վճարման հնարավորությունը: Կայանատեղին նախատեսվածից շուտ ազատելու պարագայում հնարավոր է ապաակտիվացնել հավելվածը՝ հավելյալ գումար չվճարելու համար: «YES Parking»-ի միջոցով հնարավոր կլինի նաև տեղեկանալ ազատ կայանատեղիների մասին և տեսնել ու վճարել տուգանքները:
***
2025թ․ նոյեմբերից մեկնարկել է Նուբարաշենի խճուղու հարևանությամբ 8,5 հա տարածքում անտառաշերտի ստեղծման գործընթացը, որը կավարտվի ընթացիկ տարում։ Այն իրագործվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ բնապահպանական հարկի մասհանումներից գոյացած սուբվենցիայի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ֆինանսավորմամբ։ Տնկվելու է 10 650 ծառ, անցկացվել է 2300 մ ջրագիծ՝ ոռոգման ջրով ապահովելու համար։ Կառուցվել է 50 խմ ծավալով ջրավազան, պոմպակայան, անցկացվում է ոռոգման կաթիլային համակարգ։
***
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության 9 դպրոցներում գործում են խոսակցական անգլերենի ակումբներ, որոնք վարում են բուհերի այն ուսանողները, ովքեր ազատորեն տիրապետում են այդ լեզվին և նախապես անցել են համապատասխան վերապատրաստում։ Մասնակցությունը համայնքի երեխաների համար անվճար է: Գործարկված ակումբներում ներկայում ընդգրկված է միջին և ավագ դասարանների՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 սովորող: Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը՝ նախատեսվում է ակումբների ցանցի մեծացում:
***
Բագրատունյաց հ. 48/1 հասցեում գտնվող գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեական մարզադպրոցի վերակառուցման նախագիծն ավարտված է: Ստացվել է համալիր փորձաքննության դրական եզրակացությունը, այն ներառվել է գնումների պլանում, որին կհաջորդի շինարարության մրցույթը:
***
«Էլեկտրատրանսպորտ»-ի վարչական շենքում շարունակվում են ներքին հարդարման, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները: Տանիքի վերակառուցումը գրեթե ավարտված է, զուգահեռաբար տեղադրվում է արևային կայանը: Վերանորոգման արտադրամասում սկսվել է քանդման գործընթացը, շարունակվում են մետաղական կոնստրուկցիաներով ամրացման աշխատանքները:
***
Նոր Նորք վարչական շրջանի հ. 112 մանկապարտեզի բակի բարեկարգումն ավարտված է: Կառուցվել է քարե պարիսպ, մետաղական ցանկապատ, խաղահրապարակ: Տեղադրվել են շվաքարաններ, նստարաններ և աղբամաններ: Նորոգվել են կոյուղին ու ոռոգման ցանցը, և արդիականացվել է արտաքին լուսավորության ցանցը:
***
Աջափնյակ վարչական շրջանի հ. 36 մանկապարտեզի բակի բարեկարգումը շարունակվում է: Կառուցվում է ամֆիթատրոն, տեղադրվելու են շվաքարաններ, նստարաններ, աղբամաններ: Կառուցվելու է արտաքին լուսավորության ցանց, նորոգվելու է ոռոգման ցանցը:
***
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 97 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները մեկնարկվել են: Կառուցվելու են ամֆիթատրոն, թեքահարթակներ, ցայտաղբյուր: Տեղադրվելու են շվաքարաններ, նստարաններ և աղբամաններ: Արդիականացվելու են կենցաղային կոյուղին, ոռոգման ցանցը և ստեղծվելու է արտաքին լուսավորության ցանց:
***
Երևանում կառուցվում է առաջին պետական կացարանը՝ նախատեսված թափառող շների համար, որտեղ կենդանիներն ապահովված կլինեն կերով, ջրով, բժշկական ծառայություններով և ազատ տեղաշարժի հնարավորությամբ։ Կացարանը նախատեսված է շուրջ 300 թափառող շուն մշտապես պահելու համար։
***
Երևանի էներգաարդյունավետության 1-ին ծրագրի շրջանակներում 2026թ. կավարտվեն 47 հանրային շենքերում հորիզոնական միջոցառումները։ Մասնավորապես՝ 25 մանկապարտեզներում իրականացվել են արևային ֆոտովոլտային կայանների և ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներ, 16 հանրային շենքերում` Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, Տիգրան Մեծ, Արաբկիր, Ավան առողջության կենտրոններում, թիվ 1 շտապ-օգնության կայանում, Երևան, Նորք Մարաշ, Բագրատունյաց, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոններում, թիվ 19 պոլիկլինիկայում, թիվ 3 մանկապատանեկան կենտրոնում ու ևս 5 մսուր-մանկապարտեզներում էլ իրականացվել են արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ:
8 մսուր-մանկապարտեզների կաթսայատների արդիականացման աշխատանքները մեկնարկել են: 6 մսուր-մանկապարտեզներում իրականացվել է լուսավորության արդիականացում:
Լուսանկարներ