Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

13.04.2026

Երևանի հասարակական տրանսպորտում կշարունակվեն ստուգայցերը՝ ուղեվարձերը պարտադիր կերպով վճարելու հսկողություն սահմանելու նպատակով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 15-30 տոկոսով ավելացել է հանրային տրանսպորտից օգտվողների՝ վճարողների թիվը։ 
«Շաբաթական մոտ 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Սա նշանակում է, որ շաբաթը երկու նոր ավտոբուս կարող էինք գնել այդ չվճարողների հաշվին: Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վարորդների զսպվածությամբ, որոնց աշխատանքային, պայմանագրային պարտավորությունն է, որ հետևեն՝ կատարվի համապատասխան վճարումը։ Իրապես տպավորիչ է։ Որքան էլ տարբեր անձինք փորձեն հունից հանել վարորդներին, նրանք մնում են անվրդով։ Առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով՝ շնորհակալ եմ նրանց՝ կարևոր վերահսկողական գործառույթը կատարելու համար»,- նշել է քաղաքապետը։  
Անդրադառնալով հանրային տրանսպորտում գրանցված միջադեպերին ու վարորդների վրա հարձակման դեպքերին՝ քաղաքապետը հանձնարարել է խստագույնս պատժել մեղավորներին: 
«Որևէ ոտնձգություն վարորդների նկատմամբ, միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ, այն ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, ոտնձգություն է ամբողջ համակարգի նկատմամբ։ Դիմում եմ բոլոր վարորդներին՝ մենք իրենց հետ ենք, իրենց կողքին կանգնած ենք»,- ընդգծել է Ավինյանը: 

***
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել ևս 170 նոր ավտոբուս: Դրանք կփոխարինեն «Հայգեր» ավտոբուսներին և «Գազել» մակնիշի փոքր դասի միկրոավտոբուսներին:  
***

Արին-Բերդի և Արցախի  փողոցների խաչմերուկը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող 1.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կհիմնանորոգվի: Մրցույթն արդեն կայացել է: Ծրագրով կփոխարինվեն ճանապարհածածկի տակի հաղորդուղիները՝ ջրամատակարարման, ոռոգման և հեղեղատար համակարգերը: Վերատեղադրվելու են արտաքին գազատարները: Կառուցվելու են հենապատեր,  փոխադրամիջոցների կայանման գրպաններ, մայթեր, թեքահարթակներ, սիզամարգեր:  
***
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակութային ոլորտում իրագործված ու նախատեսվող մի շարք կարևոր նախագծերի մասին
2025թ. դեկտեմբերի 18-ին և 19-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում կայացած առաջնախաղից հետո «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի բեմադրությունն արժանացավ հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու ընդգրկվեց օպերային թատրոնի մշտական խաղացանկ. այս կարճ ժամանակահատվածում հանրությանը ներկայացվել է 8 անգամ: Նախագծում ներգրավված են Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 400 սովորողներ: Բալետ-օրատորիայի հաջորդ ցուցադրությունները կկայանան մայիսի 5-ին և 6-ին, այնուհետև, նոր թատերաշրջանին ընդառաջ, ռոտացիայի սկզբունքով նախագծում կներգրավվեն ևս 250 աշակերտներ:
***
Հունիսին նախատեսվող բալետային փառատոնի ընթացքում կներկայացվի ևս մեկ կարևոր նախաձեռնություն: Երևանի քաղաքապետի հրավերով այժմ Երևանում է աշխարհահռչակ բալետմայստեր Իլյա Ժիվոյը, որն իրականացնում է հայկական «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված «Թամար» բալետային նոր ստեղծագործության բեմադրությունը: Ժամանակակից լուծումներով այս բեմադրությունը նույնպես համալրելու է օպերային թատրոնի խաղացանկը: Կոմպոզիտոր Վալերի Տոլստովի երաժշտության հիման վրա գրված ստեղծագործությունը լինելու է ժամանակակից նեոդասական ոճով բալետային բեմադրություն. այժմ պատրաստվում են ներկայացման դեկորացիաները, զգեստները մեծ թափով շարունակվում են բեմադրական միջոցառումները:
***
«Արտիստը՝ դպրոցին» ծրագրի համաձայն վարպետության դասեր է անցկացրել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս): Ծրագիրն իրականացվել է  Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 20 արվեստի դպրոցներում, որին մասնակցել են շուրջ 1000 դպրոցականներ։ Վարպետության դասերի ընթացքում ստեղծված աշակերտական լավագույն աշխատանքները՝ ավելի քան 200, ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսից բացի տպագրվել է ծրագրին մասնակից երեխաների աշխատանքների պատկերագիրքը:
***
Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվում է գեղարվեստական տպագրության մանկապատանեկան փառատոնը: Քաղաքապետի հրավերով Երևան են ժամանել և ոլորտի  լավագույն մասնագետները՝ Բրազիլիայից, Մեքսիկայից, Չինաստանից  ու Լեհաստանից և այժմ վարպետության ամենօրյա դասեր են անցկացնում համայնքապատկան դպրոցներում: Դասերը կտևեն ավելի քան մեկուկես ամիս, իսկ հունիսի 1-ին Հայ-Արտ մշակութային կենտրոնում կկայանա գեղարվեստական տպագրության ժանրում ստեղծված մանկական աշխատանքների առաջին ցուցահանդեսը և կտպագրվի փառատոնի պատկերագիրքը: 
***
Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի 4 դպրոցներում ստեղծվել են տեխնիկապես հագեցած դասարաններ, որտեղ դասավանդումը կկազմակերպվի ժամանակակից մեթոդներով՝ տեսանյութերի, ձայնագրությունների, ինտերակտիվ և թվային այլ գործիքների կիրառմամբ։ Նշված դպրոցներում տեղադրվել են ինտերակտիվ գրատախտակներ, ձեռք են բերվել մասնագիտացված համակարգչային ծրագրեր, դասասենյակներն ապահովվել են գերարագ համացանցով, այլ տեխնիկական միջոցներով, ինչը մեծապես նպաստելու է երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտների մասնագիտական աճին՝ ապահովելով մրցունակությունը հետագա մասնագիտական կրթության փուլերում։ 
***
Շուրջ 60 տարվա ընդմիջումից հետո այս տարի իրականացվում է երաժշտական և արվեստի դպրոցների համար դաշնամուրների և ռոյալների ձեռքբերման համալիր ծրագիրը: 30 ռոյալները, որոնցից 14-ը ճապոնական «Կավաի» մակնիշի են, արդեն ձեռք են բերվել և շուտով կլինեն Հայաստանում, իսկ մյուս 16-ի առումով առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական երաժշտական գործիքները՝ դաշնամուրներն ու ռոյալները, այլևս չեն համապատասխանում ուսուցման և կրթության տարրական պահանջներին: Վերջին անգամ դրանք համալրվել են խորհրդային ժամանակաշրջանում: 
***
Աջափնյակ վարչական շրջանում գործող Միքայել Միրզոյանի անվան երաժշտական և հ. 188 դպրոցներին հարող տարածքում այժմ ընթանում են նոր կենտրոնի՝ բացօթյա «Արև Արենա» համերգասրահի ստեղծման աշխատանքները: Բացառիկ այս կառույցը մասնակի վերանորոգելուց և տեխնիկապես վերազինելուց հետո հնարավոր կլինի ստանալ մշակութային նոր հարթակ՝ նախատեսված համերգային ծրագրերի, ամառային ճամբարների, ցուցահանդեսների, մշակութային-կրթական ժամանցի կազմակերպման այլ ծրագրերի համար: «Արև Արենա»-ն, նախնական հաշվարկներով, գործունեության ընթացքում յուրաքանչյուր տարվա ընթացքում կարող է սպասարկել շուրջ 8000 շահառուի, իսկ ամռան ամիսներին շուրջ 400 երեխաների համար անվճար հիմունքներով կգործի մշակութային-կրթական ճամբար: 

***
Մարզական ոլորտում 2026թ. առաջին եռամսյակի գործունեությունը

Փետրվար-մարտ ամիսների ընթացքում անցկացվել են սուսերամարտի, շաշկու, հանդբոլի Երևանի առաջնությունները, որոնց մասնակցել է 253 մարզիկ-մարզուհի։
***
Փետրվարին Սպորտի կառավարման կենտրոնում անցկացվել է «Երևանի քաղաքապետի գավաթ 2026» մեծահասակների բասկետբոլի միջազգային մրցաշարը։   1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են համապատասխանաբար 3 միլիոն, 2 միլիոն և 1 միլիոն ՀՀ դրամով։
***
Մարտից «STREET BALL ARMENIA» կազմակերպության հետ համատեղ 12 վարչական շրջաններում մեկնարկել են «Երևանի գավաթ-2026» բակային ֆուտբոլի մրցաշարը։ Մասնակցության հայտեր է ներկայացրել մինչև 12 և մինչև 15 տարեկան ավելի քան 1620 երեխա։ 
***
Մարտի 16-19-ը Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացրել է Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել են 12 երկրներից ժամանած ազատ ոճի ըմբիշներ, իսկ ընդհանուր հաշվարկով մրցաշարին մասնակցել է շուրջ 270 ըմբիշ։
***
Մարտի 14-22-ը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Լեհաստանում անցկացված աշխարհի ուժեղագույնների փառատոնին մասնակցել են նաև Հայաստանի պաուերլիֆտինգ ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնք ընդհանուր հաշվարկում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները։   
***

Մարտի 31-ից ապրիլի 5-ը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում անցկացվել է «Երևանի քաղաքապետի գավաթ» գեղասահքի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են շուրջ 150 գեղասահորդներ` 7 երկրներից։   
***
Ապրիլի 1-7-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի մրցաշարը։ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի մարզիկներ Արթուր Դավթյանը և Համլետ Մանուկյանը նվաճել են ոսկե մեդալ, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է արծաթե մեդալակիր։

***
«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածը գործարկման երկրորդ տարվա ընթացքում շարունակում է հանդես գալ որպես արդյունավետ և կիրառական գործիք՝ քաղաքային խնդիրների մասին արագորեն տեղեկացնելու և դրանց արձագանքելու գործընթացը կազմակերպման համար։ Այն հարթակ է, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջապես իրենց գտնվելու վայրից ուղարկել խնդիրներ կամ ահազանգեր՝ կցելով տեքստային, ձայնային հաղորդագրություններ, լուսանկարներ կամ տեսանյութեր։ Գործարկման ընթացքում հարթակ է մուտքագրվել ընդհանուր առմամբ 95158 հայտ, որից 52 150-ը ներկայացվել է անմիջապես բջջային հավելվածով։ Ներկայումս հավելվածում գրանցված օգտատերերի (քաղաքացիների) թիվը 18 498 է։ 
***

Ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ից Երևանի քաղաքապետարանը «Գրին Գրին» բնապահպանական կազմակերպության հետ համատեղ և ԱԶԲ աջակցությամբ Հրազդանի կիրճում կիրականացնի շաբաթօրյակ՝ Երկրի օրվան ընդառաջ: Կարևորելով օրվա խորհուրդը՝ միջոցառման նպատակն է ոչ միայն պարզապես տարածքը մաքրել, այլև տեսակավորել աղբը՝ այդպիսով իսկ նվազեցնելով աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը: Միջոցառման ընթացքում նախատեսվում են բնապահպանական մրցույթներ, Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման ծրագրով ստացված հայեցակարգերի և լուծումների ներկայացում, վերամշակված իրերից ստացված արվեստի գործերի ցուցահանդես և այլն:

Լուսանկարներ