Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

22.06.2026

Մայրաքաղաքում շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում։ 

***
Երևանի ամենախնդրահարույց հատվածներում՝ բոլոր այն թաղամասերում, որտեղ առկա էր մանկապարտեզային խնդիր, տրվում են լուծումներ: 
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա, շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Կձևավորվի 6 խումբ: 
Արաբկիր վարչական շրջանի հ.24 և Ավան վարչական շրջանի մսուր-մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները ևս շարունակվում են: 
Արաբկիր վարչական շրջանի Կորեայի ձորի նոր մանկապարտեզի շենքի կառուցման ու բակի բարեկարգման նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքները շուտով կավարտվեն, որից հետո կներկայացվեն համապատասխան փորձաքննությունների: 
Մինչ այդ, Հոգեկան առողջության կենտրոնի մի հատվածում իրականացվող մանկապարտեզի գործունեությունը տեղափոխվել է այլ տարածք, երեխաների համար ապահովվել են հարմարավետ պայմաններ: 
Երևանի քաղաքապետարանի կողմից վարձակալած հարմարավետ տարածք է տեղափոխվել նաև Կիլիկիա թաղամասի մանկապատեզը, որի շենքը 3-րդ աստիճանի վթարայնության էր:  
Ավարտական փուլում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ. 156 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքները:

***

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով շարունակվում են Երևանի հ.112, 36, 97, 164, 143, 99, 95 մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքները: Ծրագիրն այս համալիր լուծում տալու հնարավորություն է տալիս և շենքային պայմաններից բացի փոքրիկների համար հարմարավետ պայմաններ են ապահովվում նաև մանկապարտեզների բակային տարածքներում: 

***
«Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում ընթացքի մեջ են շինարարական 2-րդ փուլի աշխատանքները: Իր ռելիեֆով ու չափերով տարբերվող հանգստի այս գոտին կունենա բեմ ու ամֆիթատրոն, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, մարզվելու գոտի, հեծանվուղի, արտաքին լուսավորության ու ոռոգման համակարգ: Տարածքում արդեն իսկ տնկվել է 1400 ծառ:
***

Կենտրոն վարչական շրջանի Վ. Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի բակում կառուցվել է նոր խաղահրապարակ: Ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված խաղահրապարակը ծառայելու է ինչպես դպրոցի սաներին, այնպես էլ Կիլիկիա թաղամասի բնակիչներին՝ դառնալով ակտիվ հանգստի, խաղի և ուրախ ժամանցի նոր միջավայր։

***
Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի հ29/6 հասցեից դեպի Բագրևանդի փողոց տանող մայթային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են: Կատարվել են եզրաքարերի տեղադրման, հենապատի կառուցման, սալիկապատման, ասֆալտապատման և հենապատի բազալտե սալերով երեսպատման աշխատանքներ։
***
Երևանի կենդանաբանական այգում ընթացիկ տարում իրականացվել են համալիր բարեկարգման, վերանորոգման և ենթակառուցվածքային զարգացման աշխատանքներ՝ ուղղված ինչպես կենդանիների խնամքի պայմանների բարելավմանը, այնպես էլ այցելուների հարմարավետության բարձրացմանը։ Կառուցվել է չափորոշիչներին համապատասխան 6 նոր ազատավանդակ, մաքրվել են այգու ջրահեռացման համակարգերը, տեղադրվել է նոր տոմսարկղի դրամահաշվարկային սարքավորում և այլն: 
***
Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև, Փարիզի տարածաշրջանի ինստիտուտի և Ֆրանսիական զարգացման գործակալության հիմնական ֆինանսական աջակցությամբ իրականացվող եռամյա ծրագիրն ավարտվում է: Ծրագրի հիմնական նպատակն էր փորձագիտական աջակցություն ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին հետևյալ ոլորտներում՝ քաղաքաշինություն, տրանսպորտ և երթևեկության կազմակերպում, թափոնների կառավարում: Այս տարվա մայիսին Երևանում անցկացվել է ծրագրի եզրափակիչ համաժողովը, որի ընթացքում ամփոփվել են գործակցության արդյունքներն ու քննարկվել հետագա զարգացման նոր ուղղությունները: 
 

Լուսանկարներ