Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր
ՀՀ կառավարության ֆինանսական հանձնառությամբ Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ, որն ուղղվելու է մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող երեք խոշոր ծրագրերի իրագործմանը։ Առաջին կարևոր ծրագիրն «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցումն է, որն արդեն անցնում է գործնական փուլ։
Երկրորդը Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացումն է, որով նախատեսվում է շարժակազմի ավելացում, ռելսերի, վագոնների և համակարգի հիմնական ենթակառուցվածքների փոխարինում ու թարմացում։
Այս խոշոր ծրագրերում են նաև էլեկտրական ավտոբուսների ձեռք բերումը, որով ավարտին են հասցվելու վերգետնյա հասարակական տրանսպորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումները։
Կարևոր նախագծերից է նաև Դալմայի այգիների կառուցումը։
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ավարտել բանակցությունները:
***
Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի կողմից արդեն իսկ կայացել է քաղաքի մուտքերի և ելքերի վերահսկման ենթակառուցվածքի ստեղծման երկփուլ մրցույթի նախաորակավորման փուլը։ Նախաորակավորումն անցած մասնակիցների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ծրագրի տեխնիկական պահանջների, իրագործման մոտեցումների և հետագա մրցութային գործընթացը կազմակերպելու նպատակով։
Ամբողջությամբ ավարտվել է հանրային տրանսպորտի կանգառների և կանգառասրահների թվայնացումը, ինչն էլ հնարավորություն է տվել մեկնարկել կանգառների տեղակայման նորմերի, հասանելիության, հարմարավետության, անվտանգության, կահավորման և սպասարկման չափորոշիչների համալիր ուսումնասիրությունը: Զուգահեռաբար մշակվել է նաև «Կանգառների կառավարման հայեցակարգային փաստաթուղթը», որը հնարավորություն է տալիս լիարժեքորեն և զուգորդված կերպով կառավարել կանգառների թվային և դաշտային աշխատանքները։
***
Համայնքային 44 կրթական հաստատություններում ներդրվել է գնահատման գործիքակազմ, որի նպատակը ոչ թե դպրոցները դասակարգելն է, այլ դրանց կառավարմանն անհրաժեշտ տվյալների հավաքումն ու զարգացման ուղղությունների հստակեցումը։ Տեղեկատվության հավաքումը կատարվում է դպրոցներից ստացված համապատասխան հաշվետվությունների, ինչպես նաև դասալսումների միջոցով։ Դրանից հետո հավաքված տվյալները վերլուծվում և ամփոփվում են։
Երևանի քաղաքապետի համոզմամբ՝ այս տվյալները հետագայում պետք է լինեն հասանելի և թափանցիկ մարդկանց համար, որպեսզի յուրքանչյուրն իմանա, թե ինչ ուժեղ ու թույլ կողմեր ունի իրենց դպրոցը:
***
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 42 մանկապարտեզում տեղադրվել են տեսախցիկներ։ Նախագիծն իրականացվում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու համար: Նախակրթարանները տեսախցիկներով համալրելու գործընթացը շարունակվում է։
***
2026թ. երկրորդ եռամսյակում Երևանում տեղի են ունեցել մի շարք կարևոր ու մեծածավալ մարզական միջոցառումներ (մանրամասները՝ հղմամբ):
Առաջիկայում ևս սպասվում են մարզական նոր իրադարձություններ։ Հուլիսի 21-26-ը «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունենալու «Երևանի քաղաքապետի գավաթ» 2026 բռնցքամարտի մրցաշարը։ Մուտքն ազատ է։
***
Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային կապող ճանապարհահատվածի հիմնանորոգումն ընթացքում է։ Ճանապարհահատվածի 2,3 կմ երկայնքով ամբողջությամբ թարմացվում են ինժեներական ենթակառուցվածքները: Այս պահին աշխատանքներ են տարվում կոյուղատար ցանցի, հեղեղատար համակարգ, ջրագիծ ու բետոնե հենապատ կառուցելու համար։ Սա այն կարևոր նախագծերից է, որն իրագործվում է նոր մոտեցմամբ. ճանապարհի հիմնանորոգման ժամանակ ամբողջությամբ նորացվում են ստորգետնյա հաղորդուղիները, ինժեներական բոլոր ենթակառուցվածքները, ավելանում է դրանց թողունակությունը, ինչպես նաև վերգետնյա բոլոր հաղորդուղիները դառնում են ստորգետնյա։
***
Երևանում իրագործվող ներդրումային ծրագրերով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այս տարի մայրաքաղաքի 6 վարչական շրջաններում փոխարինում և վերատեղադրում է վթարային գազատար խողովակները։ Այս ծրագրով աշխատանքներ են տարվում նաև նոր գազատարի կառուցելու նպատակով. 2024, 2025, 2026թթ. ընդհանուր առմամբ կունենանք 64կմ նոր գազատար, որն ապահովելու է Երևանի առաջիկա տարիների պահանջարկը: 1990թ. ի վեր առաջին անգամ, կառուցվելու է գազաբաշխիչ նոր կայան։ Վերոնշյալ ծրագրերով, ի դեպ, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ, արդեն իսկ մեկնարկել է Նոր Խարբերդ թաղամասի գազաֆիկացումը, որից հետո գործընթացը կշարունակվի նաև մյուս թաղամասերում:
***
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը ներկայացրել է շուրջ 60 կմ մալուխային գիծ փոխարինելու ծրագիր, որը ներառելու է Երևանի 7 վարչական շրջան։ Փոխարինվելու ենթական 1350 գծամետր օդային մալուխներից շուրջ 250 գծամետրն արդեն իսկ փոխարինվել է երեք վարչական շրջաններում։ ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրն առանձնանում է նաև մեկ այլ կարևոր կետով՝ կառուցվում են նոր ենթակայաններ։
***
«Team Telecom Armenia» ընկերությունը կառուցել է 15 բաշխիչ պահարան, ինչպես նաև անցկացվել է 369 մետր մալուխային նոր ցանց։
***
Երևանում մեծ թափով ընթանում են նաև ջրահեռացման և ջրամատակարարման աշխատանքներ։ ՀՀ կառավարության աջակցությամբ մայրաքաղաքի 29 հասցեներում մեկնարկել է կոյուղատար և հեղեղատար համակարգեր կառուցելու ծրագիրը։ Առաջիկա կարևոր ծրագրերի շարքում են նաև նոր հեղեղատարների կառուցումն ու վերակառուցումը։
***
«Վեոլիա Ջուր» ընկերությունը վերանորոգել է 4,7 կմ ջրագիծ և շուրջ 2 կմ կոյուղագիծ։
Բնակչության կենսապահովման պայմանների բարելավման ծրագրերի շարքում առանձնակի կարևոր է նաև ՀՀ Ջրային կոմիտեի՝ Երևանի ջրամատակարարման 118 կմ-ոց ցանցի բարելավման ծրագիրը՝ ընգրկելով 4 վարչական շրջան։
***
Անդրադառնալով Երևանի նոր ՏԻՄ օրենքին ու տրված լիազորություններին՝ քաղաքապետ Ավինյանը ոլորտի պատասխանատուներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստագույնս հետևել շինհրապարակների պատշաճ ձևավորմանը:
«Մինչև տարվա վերջ ձեզ ժամանակ։ Մարդիկ քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեն մի շինհրապարակ, որ խնդրահարույց է: Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր: Ով չարեց վարչարարությունը, կոնկրետ պատասխանատուով խիստ նկատողություն՝ գործից հանում ենք»,- ընդգծել է քաղաքապետը։
Լուսանկարներ