Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր
Երևանում ազդարարվել է երեք կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այս խոշոր նախագծերը երկար սպասված, բայց ուշացած ծրագրեր են, որոնք արդեն կյանքի են կոչվում:
Մեկնարկել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի անավարտ հատվածի կառուցումը: Դատական արգելանքի պատճառով շուրջ 270 մ հատված մնացել էր անավարտ: 2026թ. իրավական խոչընդոտը վերացվել է: Շինարարության տևողությունը 200 օր է: Ծրագիրը ֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի միջոցներով:
***
Առաջիկա օրերին կմեկնարկի Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում նախատեսված ուղեանցի շինարարությունը: Կկառուցվեն 28 և 22 մետր երկարությամբ երկու թռիչքանի ուղեանցներ, ինչպես նաև շուրջ 272 մետր երկարությամբ ուղեանց և շուրջ 450 մետր ճանապարհ։ Նոր հանգույցը հնարավորություն կտա տարանջատել քաղաք մտնող, քաղաքից դուրս եկող և տարանցիկ տրանսպորտային հոսքերը, բեռնաթափել Երևանի հարավային մուտքը, բարելավել Արտաշատի խճուղու և Հյուսիս–հարավ միջպետական ճանապարհի միջև կապը, կրճատել երթևեկության ժամանակը և բարձրացնել ճանապարհային անվտանգության մակարդակը։
***
Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհային հանգույցի շինարարությունը կմեկնարկի սեպտեմբերի վերջին: Այն Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է և միմյանց կկապի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանները։ Ճանապարհի հիմնական մասի երկարությունը 1.9 կմ է, իսկ իջատեղերով և երկրորդային ճանապարհով՝ 6.6 կմ։ Այն հիմնականում կունենա վեց երթևեկելի գոտի՝ շուրջ 25 մետր ընդհանուր լայնությամբ։ Ծրագրով նախատեսվում է կառուցել Իսակովի պողոտայի առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերը՝ պահպանելով գործող մուտքը դեպի Նորագյուղ թաղամաս։ Հրազդան գետի վրա կկառուցվի 269 մետր երկարությամբ երկաթբետոնե կամուրջ, իսկ Արշակունյաց պողոտայում՝ թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց։
***
***
Հասարակական տրանսպորտի նոր տեղադրվող 15 կանգառասրահներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակներ: Դրանցից 12-ն արդեն տեղադրվել և գործարկվել է, ինչի շնորհիվ քաղաքում գործող էլեկտրոնային չվացուցակների ընդհանուր թիվը հասել է 54-ի՝ 9 վարչական շրջաններում։
***
Կենսաբազմազանության և քաղաքային բնության պահպանության թեմաներով Երևանի քաղաքապետարանը Երևանի սրտում՝ Երևանի 2750-ամյակի այգում կկազմակերպի «Քաղաքային կենսաբազմազանության գոտի», որտեղ կներկայացվեն Երևանի՝ բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ոլորտում առկա նախաձեռնություններն ու ծրագրերը։
***
Երևանում շարունակվում երթևեկության կազմակերպման և բարելավման գործընթացը: Մի շարք փողոցներում մեկնարկել է տրանսպորտային հոսքերի վերաբերյալ տվյալների հավաքումը, երթևեկության կազմակերպումը բաելավելու նպատակով շարունակվում են Երևանի մի շարք փողոցների և խաչմերուկների ուսումնասիրությունները: Մի շարք հատվածներում արդեն վերակազմակերպվել կամ վերացվել են երթևեկությանը խոչընդոտող գրպանիկները, վերանայվել է կայանման կազմակերպումը, իսկ երթևեկելի հատվածներում տեղակայված աղբամանները տեղափոխվել են առանձնացված հատվածներ: Վերանայվում են նաև խաչմերուկների հարակից հատվածներում կայանման սահմանները, ուսումնասրվում են նոր փողոցներ ու խաչմերուկներ, որտեղ տեղային լուծումների կիրառմամբ հնարավոր է մեծացնել երթևեկության թողունակությունը: Ամբողջությամբ թվայնացվել են Երևանի հանրային տրանսպորտի երթուղային ցանցը և կանգառային կետերը, որոնց հիման վրա էլ կատարվում է երթուղային ցանցի, կանգառային կետերի, տեղակայման կոորդինատների և դրանց միջև հեռավորությունների ուսումնասիրություն ու լավարկում: Մյուս ուղղությունը նոր ավտոկայանատեղիների կազմակերպումն է, ուսումնասիրություններից հետո առանձնացվել են մի շարք վայրեր:
***
Համայնք-մասնավոր գործակցությամբ սկսել է գեղասահքի նախկին մարզադպրոցի հիմնանորոգումը: Վերակառուցման ծրագրի ավարտից հետո մարզօջախը կկոչվի «Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց» և իր պայմաններով բոլոր հավաքականների համար կլինի նոր հարթակ՝ միջազգային մրցաշարերում հաջողություններն ամրապնդելու և նոր հաղթանակներ գրանցելու համար:
***
Երևանում կկառուցվի Թենիսի միջազգային ակադեմիա: Կայացել է խորհրդատուի ընտրության մրցույթը, որի ընթացքում հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվել է համապատասխան ընթացակարգով սահմանված համաձայնագրերը: Գործընկերներն այս շաբաթվանից սկսած մեկնարկում են աշխատանքները՝ մրցութային փաթեթ և ներդրումային ծրագիր կազմելու նպատակով:
***
Երևանի հանրային տրանսպորտում 2026թ. հուլիս-օգոստոս ամիսների վավերացումների թիվն զգալիորեն ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
2026թ. հուլիսին 3 մլն 285 հազար 478-ով կամ 31,53%-ով ավելի վավերացումներ են (տոմսի մարում վալդատորի վրա) արձանագրվել տոմսային համակարգում, քան 2025թ. նույն ժամանակահատվածում, դրամային արտահայտությամբ ավելի է գանձվել 361 մլն 445 հազար 730 դրամ:
2026թ. օգոստոսին 3 մլն 371 հազար 752-ով կամ 33,81%-ով ավելի վավերացոումներ է (տոմսի մարում վալդատորի վրա) արձանագրվել տոմսային համակարգում, քան 2025թ. նույն ժամանակահատվածում, դրամային արտահայտությամբ ավելի է գանձվել 406 մլն 759 հազար 730 հազար դրամ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ հանրային տրանսպորտում վավերացումների ներկայացված թվերը աննախադեպ են, ինչը նշանակում է, որ հանրային փոխադրամիջոցից ավելի շատ մարդ է օգտվում։
«Այն գործիքակազմը, որ կիրառվեց ապրիլից, էականորեն փոխեց իրավիճակը վալիդացիաների տեսանկյունից։ Որքան էլ սկզբում դա քննադատվում էր, կարծում եմ, որ հիմա մենք հստակ տեսնում ենք դրա արդյունքները։ Իսկ արդյունքները հետևյալի մասին են. բոլոր այս վճարումները ծառայում են Երևանում հանրային տրանսպորտի բարելավմանը։ Իրականում ֆինանսական այս մեծ բեռը, որը քաղաքապետարանը նախորդ տարի հիմնականում իր ուսերին էր կրում, հիմա էականորեն մեղմվել է։ Այո, մենք շարունակում ենքէ սուբսիդավորել հանրային տրանսպորտը, բայց նաև կարգի ենք բերել վալիդացիաների խնդիրը, և բացարձակապես անտարբեր չվճարումների գործելաոճն այլևս չունենք։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է»,- ասել է Ավինյանը։
Լուսանկարներ