Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

12.10.2026

Երևանում երթևեկության ճիշտ կազմակերպելու, տրանսպորտային հոսքերի անխոչընդոտ տեղաշարժը և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաքի ծանրաբեռնված ճանապարհահատվածներում արգելվել է տրանսպորտային միջոցների կանգառը։ Նպատակն է՝ թեթևացնել առաջին գոտու ծանրաբեռնվածությունը և ապահովել դեպի խաչմերուկներ անխոչընդոտ մուտքը։
Մի շարք փողոցներում կատարվել են նաև ճանապարհային գծանշումներ, տեղադրվել են ռետինե կանգնակներ և ճանապարհային նշաններ։ Մեկնարկել է նաև ճանապարհային գծանշումներ անելու երկրորդ փուլը։
Կարևորելով վերջին տարիներին ոլորտում կատարված աշխատանքներն ու բարեփոխումները՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հավաքվող տվյալները հետագա քայլերը կազմակերպելու և պլանավորելու համար անկյունաքարային են: 
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շարքում քաղաքապետը կարևորել է նաև հիմնական երթուղիներում ավտոբուսների և տրոլեյբուսների անխափան անցանելիության ապահովումը, իրավախախտումներն արձանագրող տեսահսկման սարքերի կիրառումը, ինչպես նաև քարշակների թվի ավելացման և դրանց աշխատանքի ակտիվացման քննարկումը Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ։ 
Քաղաքապետի խոսքով՝ երթևեկության խցանումների պատճառներից են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները, երբ մեքենաները երկար ժամանակ մնում են ճանապարհի երթևեկելի հատվածում, նույնիսկ եթե վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ չկան։ Ավինյանը հիշեցրել է, որ Երևանի ավագանու ընդունած կարգավորումներով նախատեսվել է պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցները, լուրջ հետևանքների բացակայության պայմաններում, 15 րոպեից ավելի չեն ազատում ճանապարհը։ 
***
250 էլեկտրական ավտոբուսի ձեռքբերման և քաղաքային շարժունակության ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են։ Ծրագիրը ներառում է նաև էլեկտրատրանսպորտի երկու դեպոների ամբողջական վերակառուցում և լիցքավորման ենթակառուցվածքներով համալրում։ Նախատեսվում է ձեռք բերել 12 և 18 մետր երկարությամբ ավտոբուսներ։
***
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման և քաղաքաշինական ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում են։
***
Երևանի Նոր Խարբերդ թաղամասում կառուցվում է նոր մանկապարտեզ։ Ավարտվել են հողային և նկուղային աշխատանքները, իսկ այժմ սկսվել է երկրորդ հարկի մետաղական կոնստրուկցիաների մոնտաժումը։
***
Արաբկիր վարչական շրջանի հ. 24 մանկապարտեզում մեկնարկել է նոր շենքի շինարարությունը։ Այստեղ նույնպես ընթանում են հողային և նկուղային աշխատանքներ։ 
***
Ավան վարչական շրջանում շարունակվում է մանկապարտեզի կառուցումը։ Ավարտվել է առաջին հարկի երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցումը, այժմ կառուցվում են երկրորդ և երրորդ հարկերը։ 
***
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ. 156 մանկապարտեզի վերակառուցումն ավարտվել է։ Մանկապարտեզն ունի վեց խումբ։ Տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր և արևային ջրատաքացուցիչ, կառուցվել է նոր կաթսայատուն, տեղադրվել են ջեռուցման և հակահրդեհային համակարգեր։ Ծրագրով  կբարեկարգվի նաև նախակրթարանի բակային հատվածը։
***
Մայրաքաղաքում բարեկարգվում են մանկապարտեզների բակային տարածքները։ Արդեն ավարտվել է Աջափնյակ վարչական շրջանի հ. 36 մանկապարտեզի բակի բարեկարգումը. տեղադրվել են բազալտե եզրաքարեր, զրուցատաղավարներ, կառուցվել են ռետինապատ խաղահրապարակներ, տարածքը համալրվել է ժամանակակից խաղասարքերով։ Անցկացվել են ոռոգման և լուսավորության համակարգեր։ 
***
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 97 և հ. 95, Կենտրոն վարչական շրջանի հ. 164, Շենգավիթ վարչական շրջանի հ. 143 և Նոր Նորք վարչական շրջանի հ. 99 մանկապարտեզների բակերի բարեկարգման գործընթացը շարունակվում է։ Ապամոնտաժվում են հին մետաղական տաղավարներն ու ցանկապատերը, նորոգվում է կոյուղատար ցանցը, բազալտե հին եզրաքարերը փոխարինվում են նորերով։ 
***
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մեկնարկել են «Արև Արենա» մշակութային հանգույցի զարգացման ծրագրի հետագա մշակման աշխատանքներն ու մասնագիտական ուսումնասիրությունները։ Կատարվում է շենքի համապատասխան տարածքների չափագրում։  Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այնպիսի լուծումների ձևավորմանը, որոնք հնարավորություն կտան տարածքն արդյունավետ օգտագործել ողջ տարվա ընթացքում, որտեղ կմեկտեղվեն մշակութային կրթությունը, ստեղծագործական գործունեությունը, համերգային և ցուցադրական ծրագրերը, երիտասարդ արվեստագետների նախաձեռնությունները և հանրային միջոցառումները։
***
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում բացված խոսակցական անգլերենի ակումբները կընդլայնվեն։ Այս պահին գործում է 11 այդպիսի ակումբ: Եթե 2025-2026թթ. ուստարվա ընթացքում ակումբ էր հաճախում  300 աշակերտ, ապա այս տարի արդեն մասնակիցների թիվը հասել է 1500-ի։
Ծրագրի նպատակն է նպաստել աշակերտների՝ խոսակցական անգլերենի իմացության և հաղորդակցական հմտությունների զարգացմանը: 
***
Շարունակվում է Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը: Նախագիծը նպատակ ունի բարելավել տրանսպորտային հաղորդակցությունն ու բեռնաթափել գործող ճանապարհային հանգույցները։ Նախագծի համաձայն՝ փոխարինվում են կոյուղատար, հեղեղատար և ոռոգման համակարգերը, էլեկտրական ցանցերը տեղափոխվում են ստորգետնյա տիրույթ, կառուցվում են մայթեր, ինչպես նաև ամբողջությամբ ասֆալտապատվում է ճանապարհահատվածը։

Լուսանկարներ