Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր
Մայրաքաղաքում երթևեկությունը բեռնաթափելուն միտված առաջարկներն ու նախագծերը կդրվեն հանրային քննարկման՝ «Ակտիվ քաղաքացի» հավելվածում և հարթակում:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետն առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են Երևանում երթևեկության ու առաջացող խցանումների հետ: Վերջին 12 տարիների ընթացքում Հայաստանում ավտոմեքենաների թիվը կրկնապատկվել է՝ 500 հազարից հասնելով 1 միլիոնի։ Միայն Երևանում տարեկան ավելանում է շուրջ 15 հազար ավտոմեքենա։ Երթևեկելի գոտում ապօրինի կայանված նույնիսկ մեկ ավտոմեքենան կարող է էապես սահմանափակել կամ ամբողջությամբ փակել տվյալ գոտով երթևեկությունը։ Ի դեպ, նախորդ շաբաթ համայնքային ավտոկայանատեղիների տեսախցիկներով արձանագրված խախտումների առաջին 20 տեսանյութերն արդեն փոխանցվել են ՆԳՆ-ին, որոնց հիման վրա վարորդները կտուգանվեն։ Տիգրան Ավինյանը հանձնարարեց համայնքային տեսախցիկների ցանցն առաջին հերթին օգտագործել այն խախտումները հայտնաբերելու համար, որոնք էականորեն խոչընդոտում են երթևեկությունը։ Այդ կերպ հնարավոր կլինի աստիճանաբար փոխել մայրաքաղաքում ավտոմեքենա վարելու մշակույթը և վերացնել երթևեկությունը խաթարող խախտումները։ Քաղաքապետն անդրադարձավ նաև ապօրինի կայանված ավտոմեքենաների տեղափոխման համար նախատեսված քարշակների թվի ավելացմանն ու հանրային փոխադրամիջոցի համար առանձնացված երթևեկության գոտիների ընդլայնման անհրաժեշտությանը:
***
Արտաշատի խճուղի-Մ2 Հյուսիս-Հարավ միջպետական ճանապարհի` Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի շինարարությունն ընթանում է հաստատված ժամանակացույցին համապատասխան։ Արդեն իսկ կառուցվել է 90 գծամետր հենապատ և 414 խորանարդ մետր բետոնապատվել է։ Հանգույցը կառուցվում է գործող միջպետական ճանապարհի երթևեկելի հատվածում։ Երթևեկության շարունակականությունն ապահովելու և շինարարության թափը պահպանելու համար զուգահեռաբար կառուցվում է ժամանակավոր ճանապարհ։
***
Շարունակվում է նաև Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի շինարարությունը: Մաքրվել է շուրջ 20 հազար քմ, հեռացվել է ավելի քան 8 հազար խմ բուսահող, իսկ Ամերիկյան փողոցի հանգույցում՝ ավելի քան 10 հազար խմ հողի հանույթ է արվել։ Սկսվել է Հրազդան գետի վրա կառուցվող կամրջի հենարանների հիմքերը և Ամերիկյան փողոցի վերգետնյա անցումը փորելու գործընթացը։
***
Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհի անավարտ հատվածը կառուցելու ծրագրով շարունակվում է բետոնացման, հետլիցքի և մալուխները տեղափոխելու գործընթացը։ Մինչև տարեվերջ նախատեսվում է հյուսիս-հարավ ուղղությամբ ճանապարհահատվածը բացել երթևեկության համար՝ զուգահեռաբար շարունակելով երկրորդական ճանապարհի շինարարությունը։ Հարակից բնակելի տները կոյուղու համակարգին միացված չեն, ուստի՝ անհրաժեշտություն է առաջացել անցկացնել նոր կոյուղագիծ։ Միաժամանակ քննարկվում է հյուսիս–հարավ ուղղությամբ ճանապարհահատվածում հետիոտնային վերգետնյա անցում կառուցելու հնարավորությունը։
***
Ընթացքում է «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի շարժակազմի հավաքակայանի վարչական և վերանորոգման մասնաշենքերի հիմնանորոգումը: Տասնամյակների դադարից հետո հարմարվետ ու ժամանակակից պայմաններ կապահովվեն ինչպես վարչական շենքում աշխատողների, վարորդների, այնպես էլ վերանորոգման մասնաշենքում աշխատող վարպետների համար:
***
ԵԱՍՄ համայնքային հիմնարկի վարչական շենքը ևս հիմնանորոգվում է: Քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակիցների համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ:
***
Երևանյան ևս երեք դպրոցներում բարեկարգվել են երկու մարզադահլիճներն ու մարզահրապարակը՝ դրանք դարձնելով առավել հարմարավետ ու ժամանակակից։ Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 դպրոցում մարզադահլիճին զուգահեռ ամբողջովին վերակառուցվել են նաև հանդերձարաններն ու հրաձգարանը:
Ալեքսանդր Պուշկինի անվան հ. 8 դպրոցում ևս հիմնանորոգվել են մարզադահլիճն ու հանդերձարանը:
Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 դպրոցում վերակառուցվել է բակի մարզահրապարակը, որտեղ այժմ հնարավոր է ֆուտբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ խաղալ։
***
«Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում ընթացքում է շինարարության 2-րդ փուլը: Տեղանքով ու չափերով տարբերվող հանգստի այս վայրը կունենա բեմ ու ամֆիթատրոն, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, մարզվելու գոտի, հեծանվուղի, արտաքին լուսավորության ու ոռոգման համակարգ: Տարածքում արդեն իսկ տնկվել է 2600 ծառ: Անցկացվել են հեղեղատար, կոյուղատար և ջրամատակարարման համակարգեր, այդ թվում՝ 5050 մետր ոռոգման ցանց, փորվել է խորքային հոր, տեղադրվել են անհրաժեշտ ջրային պոմպեր, ինչպես նաև ստեղծվել է արտաքին լուսավորության համակարգ
Լուսանկարներ