Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր
Էրեբունի-Երևան տոնակատարություններն այս տարի կմեկնարկեն հոկտեմբերի 11-ից՝ էլեկտրոնային երաժշտության համերգով, որը տեղի է ունենալու «Դիանա Աբգարի» անվան զբոսայգում։ Տոնական միջոցառումները կեզրափակվեն հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ Հանրապետության հրապարակում՝ երգիչ Թաթա Սիմոնյանի գալա համերգով:
***
Երևանի սանմաքրման հավաքակայանը համալրվեց ևս 15 «Howo» մակնիշի աղբատար նոր մեքենաներով:
***
Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ կառավարության ֆինանսավորմամբ մետրոպոլիտենը ձեռք է բերել տնտեսական գնացքների 8 անվազույգ։ Դրանք հնարավորություն կտան մետրոյի գիշերային սպասարկման աշխատանքներն առավել արդյունավետ և անխափան կազմակերպել:
***
Երևանի ենթակայությամբ գործող դպրոցներում ուսումնական գործընթացի արդյունավետությունը խթանելու և դպրոցում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանը նպաստելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջարկությամբ նախատեսվում է սահմանափակել խելացի սարքավորումների՝ հեռախոսների, ժամացույցների, պլանշետների օգտագործումը: Մասնավորապես.
1-6-րդ դասարանների սովորողների համար սահմանել սարքավորումների օգտագործման արգելք դպրոցում գտնվելու ողջ ընթացքում՝ ներառյալ դասաժամերը, դասամիջոցները, ներդպրոցական միջոցառումները և այլն: Աշակերտներին, նրանց ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին կառաջարկվի դպրոց չբերել սարքավորումներ։ Եթե առանձին դեպքերում սարքավորումը դպրոց բերելն անխուսափելի է, այն պետք է անջատված վիճակում օրվա սկզբին հանձնվի դասղեկին (պահպանությունն իրականացվում է ապահով վայրում՝ ըստ դպրոցի հնարավորությունների), վերադարձվի միայն դասերի ավարտին:
7-12-րդ դասարանների սովորողների դեպքում նախատեսել սարքավորումների օգտագործման սահմանափակումներ՝ արտոնելով սարքավորումների կիրառումն ուսուցչի ցուցմամբ և բացառապես ուսումնական նպատակով: Մնացած դեպքերում սարքավորումը պետք է անջատված վիճակում օրվա սկզբին հանձնվի դասղեկին, վերադարձվի միայն դասերի ավարտին:
Քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է նախագիծն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ:
***
Ընթացքի մեջ են «Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքի 2-րդ փուլով նախատեսված շինարարական աշխատանքները: Ծրագրի շրջանակում անցկացվել են հեղեղատար, կոյուղատար և ջրամատակարարման համակարգեր, այդ թվում՝ 8000 մետր ոռոգման ցանց: Տնկվել է 460 ծառ, հանգստի գոտում նախատեսվում է ևս 650 ծառ տնկել: Անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ, ավարտվել են ամֆիթատրոնի բետոնային աշխատանքները:
***
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորության արդիականացման ծրագիրն ամբողջությամբ ավարտված է: Տեղադրվել են 394 լեդ տիպի լուսարձակներ և մոնտաժվել են 6100 մ հոսանքի նոր մալուխներ: Տեղադրվել է «AWADA» համակարգ, որի շնորհիվ հնարավոր է իրականացնել լուսարձակների անհատական կառավարում:
***
Մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները: Գործընթացն ավարտված է Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան և Հրաչյա Քոչար փողոցներում: Ներկայումս աշխատանքներ են ընթանում Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում և Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում:
***
ՀՀ ՏԿԵ նախարարությանն առաջարկվել է 2025թ. ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհների միջին նորոգման ծրագրում ընդգրկել նաև Երևանի սպասարկման տարածքում գտնվող միջպետական նշանակության ճանապարհների՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց խաչմերուկից մինչև Գասպարյան-Երևանյան փողոցների հատման խաչմերուկ և Աշտարակի խճուղու («Կովկաս» ռեստորանային համալիրից մինչ Աշտարակի խճ. - Չաուշի փ. տրանսպորտային հանգույց) ճանապարհահատվածները:
***
Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներին հարակից 16 հասցեներում փողոցների հետիոտնային անցումները կահավորվել են «կանչովի» լուսացույցներով:
***
Հասարակական տրանսպորտի ավտոբուսային պարկն ամբողջապես թարմացնելու համար Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս: Ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը մոտ 98 մլրդ դրամ է, այն նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ: Նախագիծը կներկայացվի Ներդրումային կոմիտեի քննարկմանը:
***
Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիրն ամփոփվել է և առաջիկայում կտեղադրվի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ու ի թիվս այլ ծրագրերի՝ հասանելի կդառնա հանրությանը: Հաշվի առնելով, որ Երևանում օդի որակը խնդրահարույց է դառնում հիմնականում ձմռան ամիսներին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հիմնական ծրագրին զուգահեռ հասկանալ՝ որոնք են արտանետման վատագույն աղբյուրներն ու աշխատել հենց այդ ուղղությամբ:
***
Ավելի քան 1000 բաժանորդներ իրենց կոյուղին այսօր ուղիղ թափում են Հրազդան գետը։ Գետի ողջ երկայնքով ապօրինի ջրահեռացումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը դիտարկում է տեղային մաքրման կայանների կառուցում: Այն հնարավորություն կտա փուլային տարբերակով իրագործել ծրագիրն ու մոտավորապես երկու տարվա ընթացքում լիովին բացառել կոյուղու Հրազդան գետ լցվելը:
Լուսանկարներ
