Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

20.10.2025

Կոնսերվատորիայի այգին, բոլոր դատական ատյաններն անցնելով, վերջապես վերադարձվեց Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց արդեն իսկ սկսել այգին մաքրելու գործընթացը. այն հետագայում կբարեկարգվի ու կկանաչապատվի: 
***
Հասարակական տրանսպորտի շարժակազմի շարունակական զարգացման նպատակով Երևանի քաղաքապետարանն այս տարի 45 նոր տրոլեյբուս ձեռք կբերի: Մրցույթը կայացել է, ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են: 
***
Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերությունը 384 նոր կանգառասրահ տեղադրելու մրցութային ընթացակարգ է նախաձեռնել: Այն տնտեսվարողները, ովքեր հետաքրքրված են, կարող են ծանոթանալ դրան և հայտ ներկայացնել:   
***
Մինչև տարեվերջ երևանյան շուրջ 40 կանգառասրահում տեղադրված կլինեն չվացուցակներ: Վեց կանգառասարհում դրանք արդեն առկա են: 
***
Երևանի ենթակայության 42 մանկապարտեզներում տեղադրվել են տեսահսկման համակարգեր, որոնց արդյունքները, ըստ անհրաժեշտության, արձանագրվում են՝ ամսաթիվը և հստակ ժամն ամրագրելով: Դիտարկվող մանկապարտեզների ընտրանքն իրականացվում է ինչպես պլանավորմամբ կամ պատահանության սկզբունքով, այնպես էլ ահազանգերին արձագանքելով:
***
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի հ. 33 հասցեում /«Վերոնիկա»/ նոր մանկապարտեզի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու խորհրդատվական աշխատանքները ձեռք բերելու մրցույթը կայացել է: Հաղթող մասնակիցն է «Երևաննախագիծ» ՓԲ ընկերությունը: Պայմանագիրը կնքվել է:  
***
Երևանում շարունակվում է փողոցների միջին նորոգումը: Գործընթացն ավարտված է Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում, ավարտական փուլում է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում: Աշխատանքները շարունակվում են Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցներում:
Հաջորդիվ գործընթացը կմեկնարկի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում: 
***
Արզումանյան փողոցի հ. 10 և հ. 17 վթարային շենքերի սեփականատերերի հետ շարունակվում է պայմանագրեր կնքելու գործընթացը: 76 միավոր գույքից այս պահի դրությամբ կնքվել է 61-ի պայմանագիր, 14 միավոր գույքի օտարման կապակցությամբ հայցադիմումներ են ներկայացվել դատարան, առկա է 1 գույքի հարկադիր օտարման վճիռ: Եվս 1 գույքի պայմանագիր նախատեսվում է կնքել հոկտեմբերի 21-ին: 
«Այս շենքերի հետ կապված գործընթացը Երևանի քաղաքապետարանը սկսել է  2022թ. սեպտեմբերից, և մենք հիմա՝ 2025թ. հոկտեմբերին, սկսել ենք քննարկել, որ որոշ մարդիկ, այնուամենայնիվ, չեն գիտակցում, որ ապրում են չորրորդ կարգի վթարային շենքում և որ շենքը կարող է փլուզվել: Երևանի քաղաքապետարանն այստեղ ուղիղ պարտավորություն և պարտականություն չունի. սա մենք անում ենք, որովհետև հասկանում ենք, որ մարդկանց անվտանգությունն ամենից վեր է: Երևանի քաղաքապետարանն առաջարկել էր ծրագիր, որ Արզումանյան փողոցի հ. 10 և հ. 17 չորրորդ կարգի վթարայնության շենքերի բնակիչներին կվերաբնակեցնենք, այդ տեղերում կկառուցենք նոր շենքեր և կփոխհատուցենք նոր բնակարաններով, նրանց համար, ովքեր փաստացի ունեն զրո դրամ արժողության բնակարաններ: Բոլոր այն մարդիկ, ովքեր դատական գործընթացներով խնդիր են ստեղծում, թող իրենց պատասխանատվության բաժինը գիտակցեն»,- նշել է քաղաքապետը:

Լուսանկարներ