Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

26.01.2026

Մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներում ընդհանուր առմամբ ներառված է եղել 137 միավոր տեխնիկա, որից 107-ը՝ ԵԱՍՄ հիմնարկի, 30-ը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի: Երկու օրվա ընթացքում շուրջ 650 մարդ է ներգրավվել, օգտագործվել է 1000 տոննա աղ ու ավազի խառնուրդ: Անդրադառնալով գործընթացին՝ Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն ինչ արել են, որ քաղաքի ճանապարհներն ու մայթերը մնան անցանելի։ Խոսելով առկա խնդիրների մասին՝ Տիգրան Ավինյանը հանձնարարել է դիտարկել ու ձնամաքրման գործընթացում կիրառել նորարարական լուծումներ: 

***

Երևանում օդի աղտոտվածության մակարդակի բարձրացումը հիմնականում պայմանավորված է մթնոլորտային ինվերսիոն շերտի տատանումներով, քաղաքի աշխարհագրական դիրքով և հարևան երկրներից եկող անդրսահմանային արտանետումներով։ Երևանի քաղաքապետարանը GIS համակարգում ներդրել է օդի որակի դիտարկման և կառավարման նոր թվային գործիք: Համակարգի հիմնական նպատակն է կանխատեսել օդի որակի փոփոխությունները՝ հիմնվելով մթնոլորտային շերտերի սպասվող տատանումների վրա։ GIS հարթակի միջոցով արդեն հնարավոր կլինի նախապես տեսնել, թե որ օրերին է սպասվում ինվերսիոն շերտի տատանում, ինչը հանգեցնում է աղտոտվածության կտրուկ աճի։ Սա հնարավորություն կտա նախապես պլանավորել և կիրառել որոշակի սահմանափակումներ, որոնց շնորհիվ նվազագույնի կհասցվեն քաղաքում առաջացող արտանետումները և կմեղմվի աղտոտվածության ազդեցությունը։ Քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական նոր լուծումը հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի իրազեկված լինել օդի որակի մասին և ըստ այդմ պլանավորել իրենց ժամանակը դրսում՝ խուսափելով առողջական հնարավոր խնդիրներից։ 
***

Երևանի քաղաքապետարանի միասնական GIS համակարգի միջավայրում, որպես «ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐ» հրապարակվել է ևս 4 հարթակ, որոնք վերաբերում են Գլխավոր հատակագծին: Քաղաքացիներն այսուհետ առցանց քարտեզով կարող են տեղեկատվություն ստանալ Գլխավոր հատակագծի, տրանսպորտային ցանցի, ինժեներաերկրաբանական քարտեզի ու հուշարձանների վերաբերյալ: Հարթակները՝ հետևյալ հղմամբ.


***
Համայնքային դպրոցների գործունեության մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք: Այն փորձարկվել է այն 11 դպրոցներում, որոնք անցել են նոր կառավարման համակարգի: Գործիքը ներառում է վեց ուղղություն՝ ուսումնական արդյունավետություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում և ներգարվվածություն, կառավարման և առաջնորդության որակ, միջավայր և ենթակառուցվածներ, համայնքային ներգրավվածություն և նորարարություն, թերություններ և ռիսկեր: Դրանցից յուրաքանչյուրն ունի գնահատման իր եղանակը: Գործընթացի փորձնական մեկնարկը ցույց է տվել իր արդյունավետությունը, և գործիքը կարող է ներդրվել ու լիարժեքորեն կիրառվել:  

***
Երևանյան 42 մանկապարտեզներում տեղադրված 1700 տեսախցիկների գործարկմամբ հնարավորություն է ստեղծվել դիտարկել նշյալ հաստատությունների հիմնական օգտագործման 706 կառուցահատվածներում: Քաղաքապետը հանձնարարել է գործընթացն սկսել համայնքային բոլոր մանկապարտեզներում: 
***

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային ծրագրով իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլով 47 հանրային շենքերում իրականացվել են հորիզոնական միջոցառումներ: 41 հանրային շենքերում տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ, այդ թվում՝ 30 մսուր-մանկապարտեզում, մշակույթի 2 կենտրոնում, առողջության 9 կենտրոնում, 27 մսուր-մանկապարտեզում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, 6 մսուր-մանկապարտեզում արդիականացվել են լուսատուները։ 

***

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով նախատեսված մի քանի իրավակարգավորումների առնչությամբ հունվարի 16-ին Երևանի քաղաքապետի մասնակցությամբ ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո առաջացել է մի քանի դրույթների նախագծերի փաթեթի լրամշակման անհրաժեշտություն, որն ընթացքում է, և ամփոփվելուց հետո վերջնականորեն համաձայնեցված տարբերակը կներկայացվի՝ ՀՀ կառավարության նիստի օրակարգ ընդգրկելու համար: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ նոր օրենքի նախագիծն էական փոփոխությունների կհանգեցնի Երևանի քաղաքապետարանի գործառույթների մեջ: Տասնամյակներով կուտակված խնդիրները, որոնք լուծելու համար չկան իրավական բավարար մեխանիզմներ, այս նախագծով լուծումներ կստանան

Լուսանկարներ