Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր
Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը: Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված: Ընդհանուր առմամբ 2026թ. գործընթացը կընդգրկի 200 հազար քմ:
***
Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում կկառուցվի 6 խմբանի նոր տիպային մանկապարտեզ՝ բարեկարգ բակային տարածքով: Մրցույթն արդեն կայացել է: Շինարարությունը ֆինանսավորվում է 2026թ. Երևան համայնքի բյուջեով: Նոր մանկապարտեզի շենքը երեք հարկանի է: Այն ամբողջությամբ համալրված կլինի օդափոխության և ջեռուցման համակարգերով: Տանիքում տեղադրվելու են արևային ֆոտովոլտային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր: Բակում նախատեսված է կառուցել ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ:
***
Նոր մանկապարտեզներ կկառուցվեն նաև Կիլիկիա և Նոր Խարբերդ թաղամասերում, ինչպես նաև Շրջանցիկ թունել 42/1 (Կորեայի ձոր) և Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան 12/3 հասցեներում (նախկինում գործող համար 24 մանկապարտեզը կքանդվի, փոխարենը կկառուցվի նորը):
Այս մանկապարտեզները ևս ամբողջությամբ համալրված կլինեն օդափոխության և ջեռուցման համակարգերով: Տանիքներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր: Բակերը կունենան սիզամարգեր, ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, մայթեր և մանկական խաղահրապարակներ:
***
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման խնդիրը: Հարկ է նշել, որ 2024թ. նրանց աշխատավարձը արդեն իսկ 30%–ով բարձրացվել էր: Հաշվի առնելով, որ սկզբնական աշխատավարձերը շատ ցածր են եղել՝ նախատեսվում է այս տարի ևս անդրադառնալ այս հարցին:
***
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մանկական ուղեղային կաթվածի վիրահատություններ կիրականացվեն։ Չինաստանի Շանհայ քաղաք այցի շրջանակում երկու քաղաքների մանկական հիվանդանոցների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որն էլ հնարավորություն կտա իրագործել մանկական ուղեղային կաթվածի վիրահատական և վերականգնողական բուժումը: Այցի ընթացքում Երևանի և Շանհայի մասնագետները կատարել են համատեղ վիրահատություն, նույնը նախատեսվում է նաև Երևանում, ինչը տարածաշրջանում առաջին հնարավորությունն է: Մոտ 24 մլն դրամ արժողությամբ սարքավորումները կտրամադրի չինական կողմը, վերականգնողական բուժումը տեղի կունենա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի համապատասխան բաժանմունքում:
Լուսանկարներ