Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկվել են
Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի գործունեության ընթացքում երթևեկության բնականոն հոսքն ապահովելու և խցանումներից խուսափելու նպատակով կատարվել է նախնական վերլուծություն. դիտարկվել է 30 տարբեր խաչմերուկ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպի աջ թեքվելու համար նախատեսված գոտիներում՝ չնախատեսված հատվածներում կայանված մեքենաները խոչընդոտում են երթևեկությանը և հատկապես ծանրաբեռնված ժամերին առաջացնում խցանումներ։
Վերլուծությամբ պարզվել է, որ նույնիսկ մեկ մեքենայի սխալ կայանումը կարող է զգալիորեն նվազեցնել խաչմերուկի անցանելիությունը և երկարատև խցանումների պատճառ դառնալ։
Հանձնարարվել է խնդիրը լուծելու նպատակով տուգանքներից կազմակերպել նաև քարշակներով ոչ թույլատրելի հատվածներում կայանած մեքենաների տեղափոխումը։
*****
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հաղթանակի 40-ամյակի զբոսայգում մեկնարկել է ամբողջական բարեկարգում, որին զուգահեռ այգին վերականգնվում է։ Հին և չորացած ծառերը հեռացվել են։ Առաջիկայում՝ նոյեմբերի 6-ին, զբոսայգում կմեկնարկի ծառատունկ։ Տնկվելու է շուրջ 400 հասուն և արժեքավոր ծառատեսակ, ավելի քան 1000 թուփ և 2000 վարդ։
*****
Երևանում կկառուցվի Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան երկաթգծի ծրագրով նախատեսված նոր ճանապարհահատված։ Ծրագրի նպատակն է երթևեկության ծանրաբեռնված ժամերին թեթևացնել ճանապարհային հոսքերը։ Նոր ճանապարհահատվածն ունենալու է շուրջ 3,6 կմ երկարություն։ Ճանապարհային ենթակառուցվածքում ներառված են նաև հեծանվային գծեր, ծառուղի, ինչպես նաև հետիոտնային անցումներ։
*****
Հրազդանի մեծ կամրջի (Կիևյան) հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ։ Տեղադրվել են նոր դեֆորմացիոն կարեր, կառուցվել է ջրահեռացման համակարգ, ստորգետնյա մալուխային նոր ցանց, կատարվել է բազալտե սալերով երեսպատում։ Տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ։ Ավարտական փուլում մաքրվել են կամրջի կամարի և վերկամարային հատվածների մակերեսները, վերականգնվել են վնասված հատվածները։ Թուջե բազրիքները ներկվել են։ Երևանի քաղաքապետը, կարևորելով կամուրջների հիմնանորոգումը, ընդգծել է, որ այս միջոցառումները առանձնահատուկ նշանակություն ունեն երևանցիների անվտանգությունն ապահովելու գործում։
*****
Դավիթ Անհաղթի փողոցը Կոմիտասի պողոտային միացնող ուղեկապի («Լամբադա» տրանսպորտային հանգույցի) հիմնանորոգումը շարունակվում է։ Քանդվել է երթևեկելի հատվածի ծածկույթը, վերանորոգվել են ջերմային և դեֆորմացիոն կարերը։ Արդեն ավարտվել է ջրամեկուսացումն ու ասֆալտապատումը։ Տեղադրվել են նոր անվահրիչներ։
Նոյեմբերի 1-ից կամուրջը բացվել է երթևեկության համար, իսկ մնացած աշխատանքները շարունակվելու են ոչ երթևեկելի հատվածներում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանում կատարվող աշխատանքների ընթացքում կարևորել է ՝ մայրաքաղաքում կատարվող աշխատանքների նկատմամբ կապալառու ընկերությունների պատասխանատու վերաբերմունքը։
*****
Երևանի քաղաքապետի հանձնարարականով քաղաքի բանուկ խաչմերուկներից ու հանգույցներից մի քանիսում իրականացվելու է ազոտի երկօքսիդի (NO₂) արտանետումների հաշվառման փորձնական հետազոտություն։ Այս ուսումնասիրությունը հիմք կլինի դրա նվազեցմանը միտված հետագա լուծումներ մշակելու համար։
Լուսանկարներ