Բացվել է Կարեն Դեմիրճյանի հիշատակին նվիրված «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը

29.11.2014

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ նվիրված պետական և քաղաքական գործիչ, 1974-1988 թթ. Խորհրդային Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, 1999թ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հիշատակին։ Ցուցադրությունում ներկայացված էր Խորհրդային Հայաստանի 1960-1990թթ. ինքնատիպ կառույցների շինարարության պատմությունը՝ լուսանկարներով ու ակնարկներով, որոշ կառույցներ՝ նաև մանրակերտերով: Ցուցադրված են նաև անավարտ կամ չիրականացված նախագծեր։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Կարեն Դեմիրճյանի ընտանիքը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, 1975-85թթ. Երևանի քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին ստեղծագործած ճարտարապետներ, շինարարներ։
Կարեն Դեմիրճյանի այրի Ռիմա Դեմիրճյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և բոլոր ներկաներին։
«Այս ժառանգության ստեղծմանը շատ-շատերն են եղել մասնակից՝ մի ամբողջ հսկայական բանակ։ Եվ չնայած ցուցադրությունը պաշտոնապես նվիրված է Կարեն Դեմիրճյանի հիշատակին, իրականում մենք այս ցուցահանդեսով հիշում, հարգանքի տուրք ենք մատուցում հենց այս ժառանգությունը ստեղծողներին՝ բոլորին։ Նրանք մեր անվանի, տաղանդավոր ճարտարապետներն են, նախագծողները, հայտնի շինարարները՝ ամենաբարձրից մինչ շարքային բանվորը։ Մարդն այնպես է ստեղծված, որ չի կարող ապրել միայն ներկայով. հիշողությունները նրան մղում են դեպի անցյալը, հույսերը՝ դեպի ապագան, իսկ բարոյականությունը թելադրում է այդ անցյալը փոխանցել ապագային. ահա այսպես կարելի է բնորոշել ցուցահանդեսի հիմնական նպատակը»,- նշել է Ռիմա Դեմիրճյանը։
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 30-ը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին