Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածը վերակառուցվում է
Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Գետառ» գետի վրայով անցնող ճանապարհահատվածի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ 82մ երկարությամբ կառույցը ոչ թե մասնակի, այլ ամբողջական վերակառուցման անհրաժեշտություն ունի:
Հաշվի առնելով աշխատանքի ծավալը՝ գործընթացը կիրականացվի երկու փուլով. այս պահին շինարարներն աշխատում են Դավիթ Բեկից իջնող ուղղությամբ:
Նմանատիպ դեպքերից խուսափելու համար Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կուսումնասիրվեն մայրաքաղաքում առկա բոլոր կամրջային կառույցներն ու հանգույցները:
Անձնագրավորման գործընթացը կներառի տեղեկատվություն, թե տվյալ կամրջային կառույցները, որ թվականին, ինչ նյութից են կառուցվել, կգնահատվի դրանց սեյսմիկ վիճակը, կրողունակությունը. հաշվարկներ, որոնք անհրաժեշտ են շահագործման համար և որոնց հիման վրա էլ համայնքը կձեռնարկի ամրացումն ու վերակառուցումը: Տեխնիկական այս առաջադրանքը կդառնա Երևանում նախաձեռնված թվայնացման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը: