«Ձեր նվիրումն այլ արդյունք, քան հաղթանակը, չէր կարող ունենալ». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է 2026թ. Եվրոպայի և աշխարհի գավաթի առաջնություններում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկներին և հավաքականի մարզիչներին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով միջազգային հեղինակավոր առաջնություններում տարած փայլուն հաղթանակների առթիվ՝ քաղաքապետ Ավինյանը նորանոր հաղթանակներ է մաղթել նրանց:
«Ձեր գրանցած հաջողություններն ու մարզական ձեռքբերումները սպասելի էր, քանի որ ձեր մեծ նվիրումը հայկական սպորտին այլ ելք, քան հաղթանակն էր, չէր կարող ունենալ։ Մաղթում եմ, որ ձեր տոկունությունն ու ոգևորությունը երբեք չմարեն ու նպաստեն նոր չեմպիոնական հաղթանակների արձանագրմանը։ Երևանի քաղաքապետարանը միշտ կանգնած է մարզիկների կողքին՝ լավագույն մարզական արդյունքների ձեռքբերման ճանապարհը հնարավորինս անխոչընդոտ հաղթահարելու գործում։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել յուրաքանչյուրիդ անհատապես և կրկին ջերմորեն շնորհավորելով հույս հայտնել, որ մեր հանդիպումները շարունակական են լինելու, որ ձեր հաղթանակները չեն սահմանափակվելու, և ապագայում ձեզանով հպարտանալու բազում առիթներ ենք ունենալու»,- նշել է քաղաքապետը:
Եվրոպայի և աշխարհի գավաթի առաջնությունների մեդալակիրներն ու նրանց մարզիչներն արժանացան դրամական պարգևների: