«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով բուժհաստատություններ է դիմել 26.000-ից ավելի քաղաքացի

04.04.2014

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով ընթացիկ շաբաթ անվճար բուժսպասարկման է դիմել 5915 կին։ Ակցիայի շրջանակում երևանյան բոլոր բուժհաստատություններում այս շաբաթ ընդհանուր հանրագումարով կատարվել է 192 վիրահատություն, ևս 250 կին ուղեգրվել է վիրահատության։
Ակցիայի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը պարբերաբար այցելում են բուժհաստատություններ՝ տեղում ծանոթանակու ակցիայի ընթացքին և քաղաքացիների գնահատականներին։ Բուժհաստատություններում ակցիայի օրերին քաղաքացիների բարձր դիմելիությունը արձանագրելով՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նկատել է, որ բարձրացել է քաղաքացիների վստահությունը դեպի բժշկական ամբուլատոր հաստատությունները։ Երևանի քաղաքապետի տեղակալը կարևորել է նաև առողջապահական այս ակցիայի հատկապես սոցիալական բաղադրիչը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի խոսքով՝ անվճար վիրահատությունների հերթագրված բոլոր կանայք, որոնց ընդհանուր թիվը ապրիլի 4-ի դրությամբ կազմել է 1200 հերթագրված, ակցիայով հասանելիք բուժսպասարկումը կստանան նաև ապրիլի 7-ից հետո։
Մարտի 8-ից ապրիլի 4-ը ժամանակահատվածում «Ձեզ համար. կանայք» առողջապահական ակցիայով բուժհաստատություններ է դիմել 26.000-ից ավելի քաղաքացի։ Նշված ժամանակահատվածում վիրահատության ուղեգրված 1932 կանանցից 725-ն արդեն վիահատվել են։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ