Ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները Նոր Խարբերդ թաղամասում կլինեն շարունակական
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստման համաձայն, 2013 թվականից Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում մեկնարկեցին կենսական անհրաժեշտության նոր ենթակառուցվածքների ստեղծման, եղածի վերականգնման ու բարեկարգման բազմաբնույթ, լայնածավալ աշխատանքներ։ Իրականացված ու իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նոր Խարբերդ թաղամաս: Հարկ է նշել, որ դեռևս 1969 թվականին հիմնված թաղամասը, որն այսօր ունի շուրջ 8000 բնակչություն, ի սկզբանե չի ունեցել գազամատակարարման, խմելու ջրի և ջրահեռացման (կոյուղատար), էլեկտրամատակարարման, ոռոգման ջրի, արտաքին լուսավորության ձևավորված և կայուն գործող համակարգ, չեն իրականացվել ճանապարհաշինական աշխատանքներ։
Քաղաքապետին ներկայացնելով Նոր Խարբերդում իրականացվող համալիր ծրագրի ընթացքը` պատասխանատուները զեկուցել են, որ 2013-2015թթ. կառուցվել է 3.2 կմ երկարությամբ գազատար, որով առաջին անգամ ապահովվել է գազի մուտքը թաղամաս։ Էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով էլ տեղադրվել է 95 նոր հենասյուն, կառուցվել է ենթակայան, թարմացվել և հզորացվել է 8 կմ հաղորդալար։ Անցած ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են տարվել նաև թաղամասի ջրամատակարարման ապահովման ուղղությամբ: Ըստ այդմ, կառուցվել է 2.2 կմ խմելու նոր ջրագիծ, բարելավվել է ջրի որակը և ջրամատակարարման տևողությունը։ Ոռոգման խնդիրը լուծելու նպատակով էլ կառուցվել է 2.3 կմ նոր ջրագիծ, տեղադրվել են նոր պոմպեր։ Ներկայացնելով աշխատանքների ընթացքը` զեկուցվել է նաև, որ քառամյա ծրագրի շրջանակում լուծվել է թաղամասի 8 փողոցների ասֆալտապատման և բարեկարգման, ինչպես նաև 6 փողոցների արտաքին լուսավորության խնդիրը: Կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ թաղամասի բնակիչներին խոստացած բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար:
«Քաղաքապետարանը գործընկեր կառույցներ «Գազպրոմ Արմենիա», «Երևան Ջուր» և «ՀԷՑ» ընկերությունների հետ համատեղ վերջին տարիներին զգալի աշխատանքներ իրականացրեց Նոր Խարբերդ թաղամասում՝ լուծելով տասնամյակներ շարունակ կուտակված բազմաթիվ խնդիրներ: Այս ծրագրերի կյանքի կոչումն իսկապես սպասված էր թաղամասի բնակիչների համար, և մենք արադարացնելով նրանց սպասելիքները` կարողացանք ապահովել բնակության համար առաջանային անհրաժեշտության ենթակառուցվածքները: Խնդիրները Նոր Խարբերդում շատ են, քանի որ այն եղել է ամառանոցային թաղամաս, սակայն գույքագրելով այդ խնդիրները` փորձելու ենք հետզհետե լուծումներ տալ դրանց: Վստահեցնում եմ, որ այս ծրագրերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի ծայրամասային համարվող այս թաղամասը ևս լիարժեք հարմարավետ դառնա բնակիչների համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրները: Շնորհակալություն հայտնելով կատարած լայնածավալ աշխատանքների համար` բնակիչները նկատել են, որ իրենց տրված խոստումներն այսօր արդեն իրականացված աշխատանք է, որին սպասել են տասնամյակներ շարունակ:
Քաղաքապետի այցի շրջանակում հանդիսավորությամբ տրվել է նաև Նոր Խարբերդ թաղամասի գազամատակարարման մեկնարկը: Խորհրդանշական ջահը վառել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արարատ Գևորգյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն