Երեխաների սիրո խոստովանությունը Երևանին. «Էրեբունի-Երևան 2807»-ի սոցիալական նախաձեռնությունը
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության հերթական նախաձեռնությունը սիրո խոստովանություն էր Երևանին:
«Սիրո նամակ՝ Երևանին», «Իմ Երևանը, իմ արվեստը» և «Իմ աչքերի Երևանը» խորագրերով ծրագրին միացել են երևանյան դպրոցների աշակերտները:
«Սիրո նամակ՝ Երևանին» շարադրությունների մրցույթին մասնակցել են 3-5-րդ դասարանների աշակերտները: Ներկայացված աշխատանքներից ընտրվել են 10 լավագույնները:
«Իմ Երևանը, իմ արվեստը» մրցույթին իրենց արվեստի գործերն են ներկայացրել 11-14 տարեկան երեխաները, որոնցից ընտրվել են լավագույն 10-ը:
«Իմ աչքերի Երևանը» մրցույթին էլ մասնակցել են 13-15 տարեկան երեխաները, ովքեր ներկայացրել են տեսաֆիլմեր, և ընտրվել են 5 լավագույնները:
Աշխատանքները ցուցադրվել են Երևանի քաղաքապետարանում:
Առավելագույն միավորներ հավաքած երեխաները հյուրընկալվել էին Երևանի քաղաքապետարանում: Շնորհավորելով քաղաքի տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Երևանի ավագանու անդամներ Արևիկ Բլեջյանցը, Քրիստինե Վարդանյանն ու երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանը երեխաներին խրախուսական նվերներ են հանձնել:
Այցի ընթացքում ծրագրի մասնակիցները Երևանի պատմության թանգարանում ծանոթացել են նաև Երևանի պատմությանը: